Բազմաձև էրիթեման(ԲԷ), Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշը(ՍՋՀ) և տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզն(ՏԷՆ) իրենցից ներկայացնում են իմունոլոգիական մեխանիզմներով ընթացող հիվանդություններ` առավել հաճախ դեղամիջոցների կամ վարակների հանդեպ գերզգայունության հետևանքով: Այս հիվանդությունների միօրինականացված սահմանում կամ դասակարգում չկա, և հստակ իմունաբանական մեխանիզմները հայտնի չեն: Ընդունված է համարել ՍՋՀ և ՏԷՆը նույն  հիվանդության տարբեր ծանրության աստիճանի դրսևորումները, ընդ որում ՏԷՆ-ն առավել ծանրն է:

ԲԷ-ն սիմետրիկ ցանավորում է` վերջույթների ախտահարման գերակայմամբ: Բնորոշ առաջնային ցանը «թիրախե-ի տեսքով ցանն է, որը բաղկացած է 3 գոտուց. կենտրոնում գտնվում է դիսկը` շրջապատված մաշկից բարձր և գունատ գոտիով, վերջինս էլ շրջապատված է էրիթեմայի գոտիով: Մեծ մասամբ ներգրավվում է ախտահարման մեջ նաև լորձաթաղանթը: Այնուամենայնիվ, այն հիմնականում սահմանափակված է բերանի և աչքի լորձաթաղանթներով և ախտահարումը ոչ ծանր աստիճանի է: ԲԷ-ն հաճախ կապակցվում է հասարակ հերպեսի վիրուսի հետ (HSV) և առաջանում է հերպեսի դրսևորումից 1-3 շաբաթ անց: Ցանը ինքնուրույն լուծվում է, սովորաբար տևում է 1-4 շաբաթ, և պահանջվում է միայն ախտանշային բուժում: HSV-ով հրահրված ԲԷ-ն կարող է կրկնվել, և այդպիսի դեպքերում կարելի է կանխել ցանի ռեցիդիվը` հակահերպեսային բուժում անցկացնելով: Նկարագրված են նաև ավելի ծանր ԲԷ դեպքեր, որոնք հաճախ կապակցված են HSV և Mycoplasma pneumoniae վարակներով: Դեղամիջոցները ԲԷ պատճառաբանության փոքր տոկոսն են կազմում: Ենթադրվող դեղամիջոցի օգտագործման դադարեցումը և օժանդակ բուժումը լիաժեք անցկացնում են ցանավորումը: Բուժման արձանագրություններում կիրառվում է  նաև ներքին ընդունման կորտիկոստերոիդների կարճ կուրս` առանց որևէ լուրջ կողմնակի ազդեցության: Երբեմն, ԲԷ առաջացման պատճառը անհայտ է մնում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին