Հիվանդությունը դիտվում է կրծքի և վաղ մանկական հասակի երեխաների մոտ և բնորոշվում է մաշկի խորքում տեղադրված մեծ քանակի ամուր հանգույցների գոյացումով, որոնք սկզբում սիսեռի չափ են, հետագայում մեծանում են մինչև բալի չափ և լրիվ փափկում են, գոյացնելով թարախակույտ։ Մաշկը թարախակույտերի վրա ներկված է մուգ կարմիր կամ կապտակարմիր գույնի։ Թարախակույտերը երկար ժամանակ չեն բացվում։ Ծակելիս արտադրվում է զգալի քանակությամբ թարախ։ Ախտահարումը տեղակայվում է իրանի, հատկապես մեջքի, գլխի մազածածկ մասի (ծոծրակ), նստատեղերի, վերին և ստորին ծայրանդամների մաշկի վրա։ Հանգույցների հետ մեկտեղ նկատվում է ոչ մեծ, կորեկի հատիկի չափ մակերեսային պուստուլաների միաժամանակյա ցանավորում, որոնք գոյանում են քրտնագեղձերի արտազատող ծորանների մուտքում (պերիպորիտ)։ Հիվանդությունն ընթանում է երկար, դանդաղ։ Լավացող թարախակույտերին փոխարինում են նորերը։ Մաշկային ախտահարումը կարող է հասցնել պիեմիայի, սեպսիսի զարգացման։

Հյուսվածաախտաբանորեն՝ դերմայում կամ ենթամաշկային բշջանքում թարախակույտերի գոյացում, որոնց ելակետային տեղը քրտնագեղձի արտազատող ծորանն է։

Ախտապատճառները և ախտածնությունը։ Երեխաների մոտ բազմաքանակ թարախակույտերը ծագում են էկրին քրտնագեղձերի արտազատող ծորանների մեջ ստաֆիլոկոկային ինֆեկցիայի թափանցման հետևանքով։ Դրան նպաստում է երեխաներին ոչ մաքուր պահելը, չափից ավելի տաք հագցնելը և դրա հետ կապված նրանց գերքրտնելը, բացի այղ օրգանիզմի սնուցման իջեցումը, հյուծող հիվանդությունները (հատկապես էնտերիտները, ընդհանուր ինֆեկցիաները), ռախիտը, արհեստական սնուցումը։

Բուժումը։ Խորհուրդ է տրվում մաշկին քսել օղի և թարախակույտերը բացել ծակելով, այնուհետև քսել անիլինային ներկերի սպիրտային լուծույթներ, լուսավորել ուլտրամանուշակագույն ճառագայթներով։ Ընդհանուր բուժումը, հակաբիոտիկներ, ընդհանուր ամրապնդող միջոցներ, ճիշտ սննդի նշանակում։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին