Էքստրասիստոլաները ծագում են հոգեհուզական լարումների, կոֆեին պարունակող և ոգելից խմիքները չարաշահելու, էլեկտրոլիտային փոխանակության խանգարման, օրգանիզմում վարակի օջախի առկայության (օրինակ՝ խրոնիկական տոնզիլիտ), ստոծանու ճողվածքների, ծխելու, սրտի իշեմիկ հիվանդության, թոքերի խրոնիկական հիվանդությունների և թոքային հիպերտենզիայի, թիրեոտոքսիկոզի, միթրալ ստենոզի՝ սրտային գլիկոզիդներ և սիմպաթոմիմետիկներ կիրառելու դեպքում։ Առողջ անձանց 60%-ի մոտ կարող են հայտնաբերվել վերփորոքային (նախասրտային), իսկ առողջ տղամարդկանց 60%-ի մոտ՝ փորոքային էքստրասիստոլաներ։

Էքստրասիստոլաները տարբերում են.
* ըստ տեղակայման. սինուսային, նախասրտային, նախասիրտ-փորոքային հանգույցից ծագած և փորոքային,
* ըստ հաճախականության. հազվադեպ (րոպեում 5-ից քիչ), միջին հաճախության (րոպեում 6-15) և հաճախակի (րոպեում 15-ից ավելի),
* ըստ խտության. մեկական և զույգ,
* ըստ պարբերականության. սպորադիկ և ալլոռիթմային (բիգեմինիա, տրիգեմինիա և այլն)։

Վերփորոքային էքստրասիստոլաների դեպքում QRS կոմպլեքսը «նեղ» է, փորոքայինի՝ P ատամիկը բացակայում է, QRS կոմպլեքսը «լայն» է, ձևափոխված։ Ձախ փորոքային էքստրասիստոլաների դեպքում ԷՍԳ պատկերը նման է Հիսի խրձի աջ ոտիկի պաշարման, իսկ աջ փորոքայինի՝ Հիսի խրձի ձախ ոտիկի պաշարման պատկերին։

Բուժման նպատակը պատճառային գործոնի վերացումն ու փորոքների ֆիբրիլյացիայի կանխումն է (հատկապես «R-ը T-ի վրա» էլեկտրասրտագրային ախտանիշի դեպքում)։ Անհրաժեշտության դեպքում վերփորոքային էքստրասիստոլիայի բուժման համար կիրառում են β-ադրենապաշարիչներ (առավել արդյունավետ և անվտանգ միջոց) կամ վերապամիլ։ Փորոքային էքստրասիստոլիայի դեպքում կարող են նշանակվել լիդոկաին, էթմոզին, ամիոդարոն, պրոկաինամիդ կամ պրոպրանոլոլ։

 
Սկզբնաղբյուրը՝  "Ներքին հիանդություններ"

Նազարեթյան Է. Ե., Գասպարյան Ա. ՅՈՒ.

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին