Էպիթելային պոչուկային ուղին էպիթելային հյուսվածքի ներթափանցումն է մաշկի տակ՝ նեղ խողովակի ձևով: Այն տեղակայվում է սրբոսկրապոչուկային շրջանում և  մեկ կամ մի քանի կետային անցքերով (առաջնային) բացվում է մաշկի վրա՝ հետույքի միջին գծով:

Ախտապատճառ:  Էպիթելային պոչուկային ուղին բնածին հիվանդություն է, որը պայմանավորված է սաղմի պոչային ծայրի զարգացման թերությամբ, երբ ժամանակ մաշկի տակ էպիթելով պատված ուղի է մնում: Այսպիսի արատ բավականին հաճախ է հանդիպում: Երեխաների և դեռահասների կանխարգելիչ զննման հետազոտվողների 4-5%-ի մոտ հայտնաբերվել է էպիթելային պոչուկային ուղի: Արտասահմանյան մասնագետների մեծ մասը էպիթելային ուղին անվանում է մազային բուշտ՝ գտնելով, որ դրա առաջացման պատճառը մաշկի մազերի ոչ ճիշտ աճն է, որն էլ խորը միջհետույքային ծալքի և առատ մազածածկի պայմաններում նպաստում է  մազի ներթափանցմանը  մաշկի մեջ և բշտի առաջացմանը:
Ախտաբանական անատոմիա: Պոչուկային ուղին ունի 2-3սմ երկարություն: Այն կույր ձևով ավարտվում է ենթամաշկային բջջանքում և  կապված չէ պոչուկի հետ: ՈՒղին պատող էպիթելը պարունակում է մազարմատներ, քրտնագեղձեր, ճարպագեղձեր և շրջապատված է շարակցահյուսվածքային թելերով:

Կլինիկա: Էպիթելային պոչուկային ուղու առկայությունը բացասական ազդեցություն չի թողնում երեխայի զարգացման վրա և կյանքի առաջին տարիներին կլինիկորեն չի արտահայտվում (անախտանիշ շրջան): Հիվանդությունն սկսվում է կլինիկորեն արտահայտվել սեռական հասունացման շրջանում, երբ էպիթելային ուղու լուսանցքում սկսում են մազեր աճել և ճարպագեղձերի ու քրտնագեղձերի գործունեության արտադրուկներ կուտակվել: Հետանցքի և սրբոսկրապոչուկային հատվածի միմյանց մոտ տեղակայումը պայմանավորում է ուղու և այդ հատվածի մաշկի առատ միկրոֆլորան: Առաջնային անցքերի միջով՝ ուղու բավարար դրենավորման բացակայության դեպքում, զարգանում է բորբոքում, որը կարող է անցնել դեպի հարակից բջջանք: Բորբոքման առաջացմանը նպաստում են վնասվածքները, պոչուկասրբոսկրային շրջանի մաշկի առատ մազածածկույթը, հիգիենայի կանոններին չհետևելը:

Եթե պոչուկային ուղում զարգանում է բորբոքում, ապա սրբոսկրի և պոչուկի շրջանում առաջանում են ցավեր, ուղու առաջային անցքերից նկատվում է արտադրություն: Երբ բորբոքումը տարածվում է դեպի  հարակից բջջանք, ցավերը բավականին ուժեղանում են, առաջանում է մաշկի պնդացում և գերարյունություն: Բորբոքման այսպիսի օջախը հաճախ տեղակայվում է միջհետույքային ծալքի կողմում: Տեղային փոփոխությունները կարող են ուղեկցվել հիվանդի ջերմաստիճանի բարձրացմամբ: Հիվանդության այս շրջանը կոչվում է էպիթելային պոչուկային ուղու սուր բորբոքում՝ ներսփռանքի և թարախակույտի փուլերով: Եթե հիվանդն այս շրջանում բժշկի չի դիմում, ապա հնարավոր է թարախակույտի ինքնուրույն բացում, որը նպաստում է բորբոքման արտաքին ախտանիշների արտահայտվածության թուլացմանը կամ  վերացմանը: Սակայն հաճախ առաջանում է էպիթելային ուղու բորբոքային գործընթացը դրենավորող թարախային խուղակ: Եթե սուր բորբոքման շրջանում հիվանդը դիմում է բժշկի, և  որոշակի պատճառներից ելնելով՝ կատարվում է ոչ թե արմատական վիրահատություն, այլ թարախակույտի բացում, ապա բուժման փոխարեն զարգանում է ուղու քրոնիկական բորբոքում` ներսփռանքների, խուղակների և կրկնվող թարախակույտերի առաջացմամբ: Այսպիսով, եթե էպիթելային պոչուկային ուղու բորբոքումը ինքնուրույն անցնում է, ապա նույնիսկ ցավերի և առաջնային անցքերից արտադրության բացակայության դեպքում հիվանդին չի կարելի համարել լիովին ապաքինված, քանի որ նրա մոտ բորբոքման օջախը չի վերանում:

Դասակարգում: Հիվանդության բոլոր փուլերը դասակարգվում են հետևյալ կերպ`
1.    չբարդացած էպիթելային պոչուկային ուղի (առանց կլինիկական ախտանիշների ),
2.    էպիթելային պոչուկային ուղու սուր բորբոքում.
ա. ներսփռանքի փուլ,
բ. թարախակույտի փուլ,
3.    էպիթելային պոչուկային ուղու քրոնիկական բորբոքում.
ա. ներսփռանքի փուլ,
բ. կրկնվող թարախակույտ,
գ. թարախային խուղակներ
4.    էպիթելային պոչուկային ուղու բորբոքման ժամանակավոր թուլացում (ռեմիսիա):

Բարդություններ: Արմատական բուժման բացակայության դեպքում էպիթելային ուղու և հարակից բջջանքի բորբոքային փոփոխությունները կարող են առաջացնել բազմաթիվ երկրորդային խուղակներ, որոնք բացվում են սրբոսկրապոչուկային շրջանից բավականին հեռու` շեքի մաշկի շրջանում, փոշտի, աճուկային ծալքերի և նույնիսկ որովայնի առաջային պատի վրա: Թարախային արտադրությամբ երկրորդային խուղակները երբեմն նպաստում են մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների /պիոդերմիայի/ առաջացմանը: Հատկապես դժվար է պիոդերմիայի խուղակային ձևի  բուժումը, երբ շեքի և սրբոսկրապոչուկային շրջանի ամբողջ մաշկը էպիթելացված  ուղիների համակարգ է, որտեղ մազեր են աճում և կուտակվում  են ճարպագեղձերի արտադրուկներ, թարախ: Այս դեպքում բժիշկը ստիպված է լինում ախտահարված մաշկը հատել մեծ հարթակով, այլապես հիվանդը լիովին չի բուժվի:

Ախտորոշում: Չբարդացած էպիթելային պոչուկային ուղու ախտորոշումը  էական դժվարություն չի ներկայացնում: Միջհետույքային ծալքում ձևավորված առաջնային անցքերը նախատրամադրող գործոններ են: Սրբոսկրապոչուկային հատվածում բորբոքման ախտանիշների ի հայտ գալը, թարախակույտերի  շրջանում խուղակների առաջացումը, հետույքային ծալքի միջին գծով առաջնային անցքերի առկայությունը բարդացած էպիթելային պոչուկային ուղու ախտորոշումը դարձնում են հավաստի: Սակայն, նույնիսկ այն դեպքում, երբ սրբոսկրապոչուկային շրջանի զննման ժամանակ առկա են էպիթելային ուղին հաստատող բոլոր ախտանիշները, անպայման պետք է անցկացնել ուղիղ աղիքի և հետանցքային ուղու մատնային հետազոտություն՝ այլ հիվանդությունները բացառելու նպատակով:

Մատնային հետազոտության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել մորգանյան կատարների շրջանի փոփոխություններին` հաշվի առնելով, որ ուղիղ աղիքի խուղակի ներքին բացվածքը գտնվում է կատարներից մեկում: Ուղիղ աղիքի հետին պատի միջով պետք է շոշափել սրբոսկրային և պոչուկային ողերը, որոնցում փոփոխություններ չպետք է լինեն: Հաստ աղիքի հիվանդությունները բացառելու նպատակով կատարվում է հիվանդների ռեկտորոմանոսկոպիա, իսկ տագնապալից ախտանիշների դեպքում` կոլոնոսկոպիա կամ իրիգոսկոպիա: Հետազոտության վերջին 2 մեթոդներին հազվադեպ են դիմում, քանի որ էպիթելային պոչուկային ուղու գանգատներով բժշկի դիմած հիվանդների հիմնական զանգվածը երիտասարդներ են: Ախտորոշման նպատակով ուղու անցքերից ներկի ներմուծում չի կատարվում: Ֆիստուլոգրաֆիա կատարվում է միայն բարդ դեպքերում, երբ անհրաժեշտ է անցկացնել տարբերակիչ ախտորոշում: Ըստ ընդունված տեսակետի՝ Էպիթելային պոչուկային ուղով հիվանդներին պետք է ենթարկել սրբոսկրի և պոչուկի ռենտգեն հետազոտման` սրբոսկրային ողերի աղեղների սերտաճումը (spina bifida) ժխտելու  նպատակով: Մեր կարծիքով, եթե ուղեղապատյանի ճողվածք և կոնքում տեղակայված օրգանների ֆունկցիայի խանգարում չկա, ապա  կարիք չկա  հիվանդին ենթարկել լրացուցիչ, առողջության համար ոչ անվտանգ հետազոտությունների:

Տարբերակիչ ախտորոշում: Էպիթելային պոչուկային ուղին պետք է տարբերակել հետևյալ հիվանդություններից`
1.    ուղիղ աղիքի խուղակներ,
2.    պոչուկային բուշտ,
3.    հետին մենինգոցելե /ուղեղապատյանի ճողվածք/,
4.    նախասրբոսկրային տերատոմա ,
5.    ոսկրածուծաբորբ / օստեոմիելիտ /:


ՈՒղիղ աղիքի խուղակի և բարդացած պոչուկային ուղու միջև տարբերակիչ ախտորոշումը  կատարվում է ուղիղ աղիքի մատնային հետազոտության, զոնդավորման, խուղակային ուղիների ներկման, ֆիստուլոգրաֆիայի արդյունքների հիման վրա: ՈՒղիղ աղիքի խուղակի առկայության դեպքում հետազոտության ընթացքում մորգանյան կատարների շրջանում հայտնաբերվում  է խուղակի ներքին բացվածքը, զննաձողը խուղակային ուղով տեղաշարժվում է ոչ թե դեպի պոչուկ, այլ դեպի հետանցքային խողավակ: Արտաքին բացվածքից ներմուծված ներկը թափանցում է աղիքի լուսանցք՝ ներկելով ախտահարված կատարը: Ֆիստուլոգրաֆիան աղիքի և խուղակի կապը հաստատող ևս մեկ միջոց է: Սրբոսկրային վերնամաշկային /էպիդերմոիդ/ բշտերը տեղակայվում են սրբոսկրապոչուկային հատվածում, շոշափվում են մաշկի տակ, և եթե բորբոքում չկա, ապա դրանք շարժուն են և անցավ:

Բշտերը կարող են թարախակալվել՝ թողնելով էպիթելային ուղու տպավորություն: Բայց սրբոսկրային բշտերն, ի տարբերություն էպիթելային ուղու, չունեն առաջնային անցքեր: Հետին մենինգոցելը նույնպես տեղակայվում է միջհետույքային ծալքի միջին գծով, ունի վեր բարձրացող ձվաձև տեսք: Նրա վրայի մաշկը փոփոխված չէ, շոշափելիս համարյա անշարժ, առաձգական գոյացություն է: Ի տարբերություն էպիթելային ուղու՝ առաջնային անցքեր չունի: Հիվանդին մանրակրկիտ հարցաքննելիս պարզվում է, որ առկա են կոնքային օրգանների ֆունկցիայի խանգարումներ`հիմնականում անմիզապահություն/ էնուրեզ/: Այս դեպքում անհրաժեշտ են սրբոսկրի, պոչուկի ռենտգեն և այլ հետազոտություններ, նյարդավիրաբուժական միջամտություն: Նախասրբոսկրային տերատոմաները կարող են ունենալ սաղմնային ուղի, որն էպիթելային ձագարի տեսքով բացվում է մաշկի վրա, հետանցքի շրջանում, և երբեմն շատ նման է պոչուկային ուղու առաջնային անցքի: Սաղմնային ուղու անցքը սովորաբար տեղակայվում է հետանցքի հետևի միջին գծով: Տերատոմաները  նույնպես կարող են սրբոսկրապոչուկային շրջանի թարախային խուղակների պատճառ լինել: Նախասրբոսկրային տերատոմաները տեղակայվում են ուղիղ աղիքի հետին պատի և սրբոսկրի առաջային մակերեսի միջև, որոնք հայտնաբերվում են հետանցքից կատարվող մատնային հետազոտությամբ: Վերջինիս ընթացքում սրբոսկրի առաջային պատին նկատվում է առաձգական կամ ամուր ուռուցքանման գոյացություն: Ի տարբերություն տերատոմայի՝ էպիթելային պոչուկային ուղին տեղակայվում է մաշկի տակ՝ սրբոսկրի և պոչուկի հետին մակերեսին:

Գերձայնային հետազոտությունը, իսկ խուղակի դեպքում նաև ֆիստուլոգրաֆիան, թույլ են տալիս սահմանել ճիշտ ախտորոշում: Սրբոսկրի և պոչուկի ոսկրածուծաբորբը նույնպես կարող է խուղակներ առաջացնել սրբոսկրա-պոչուկային և շեքի շրջանի մաշկի վրա: Ոսկրածուծաբորբի դեպքում մատնային հետազոտությունը ուղիղ աղիքի լուսանցքում հայտնաբերում է խմորանման արտափքում,  սրբոսկրի ու պոչուկի ախտաբանական շարժունակություն: Այն ախտորոշելու համար անհրաժեշտ է անցկացնել կոնքի ոսկրերի ռենտգեն, գերձայնային հետազոտություն,  իսկ եթե խուղակներ կան՝ ֆիստուլոգրաֆիա:

Բուժում: Էպիթելային պոչուկային ուղու բուժումը միայն վիրահատական է: Հեռացվում է բորբոքման հիմնական աղբյուրը` էպիթելային խողովակը բոլոր առաջնային անցքերի հետ: Եթե առաջացել է բորբոքում, ապա հեռացվում է ուղին՝ հարակից փոփոխված հյուսվածքների և երկրորդային խուղակների հետ միասին: Վիրահատության ժամկետները և եղանակները որոշվում են ըստ վերը նշված կլինիկական դասակարգման:
1.    Չբարդացած էպիթելային պոչուկային ուղին, երբ առկա են ուղի և առաջնային անցքեր՝ առանց բորբոքային բարդությունների, վիրահատվում է պլանային կարգով:  Ուղին ներկվում է առաջնային անցքերի միջով այնպես (հիմնականում մեթիլեն կապույտով), որ որև է առաջնային անցք աննկատ չմնա: Երիզող կտրվածքներով հատվում է միջհետույքային ծալքի մաշկի զոլը՝ դրանում բացվող բոլոր առաջնային անցքերով և ստորադիր բջջանքով, որտեղ տեղակայված է ուղին: Այս ամենը հեռացվում է մինչև պոչուկը ծածկող փակեղը՝ որպես մեկ համալիր: Այս փուլում վիրահատությունը արդյունավետ է մի քանի պատճառով` էպիթելային ուղում և հարակից բջջանքում բորբոքում չկա, միկրոֆլորան ուղու մեջ և մաշկի վրա ագրեսիվ չէ, չբարդացած ուղու հատումից հետո առաջացած վերքը ծավալուն չէ, իսկ դա նշանակում է, որ կարերը ձգելուց հետո հյուսվածքների մեծ լարում չի լինի: Այսպիսով, չբարդացած էպիթելային ուղու հատումից հետո վերքը կարելի է կարել փակ եղանակով:
2.    Էպիթելային պոչուկային ուղու սուր բորբոքման դեպքում վիրաբուժական բուժումն իրականացվում է՝ հաշվի առնելով բորբոքային գործընթացի փուլը և տարածվածությունը:
ա) Եթե ներսփռանքը չի տարածվել միջհետույքային ծալքի սահմաններից դուրս և տեղակայված է ուղու ուղղությամբ, ապա կարելի է միանգամից կատարել ուղու և առաջնային անցքերի հեռացման արմատական վիրահատություն: Բայց խուլ կարն այս դեպքում ցանկալի չէ, քանի որ նույնիսկ առողջ հյուսվածքների սահմանում հատումը չի երաշխավորում առաջնային լավացում: Եթե ներսփռանքը տարածվում է հարակից բջջանքի, միջհետույքային ծալքի սահմաններից դուրս, ապա ավելի լավ է սկզբում անցկացնել պահպանողական միջոցառումներ՝ տաք լոգանքներ, ամենօրյա ցնցուղ՝ սրբոսկրային հատվածի մաշկի սափրումից հետո, տեղային վիրակապեր՝ ջրալույծ քսուքներով (լևոսին, լևոմիկոլ), ֆիզիոթերապիա: Եվ միայն ներսփռանքի փոքրացումից հետո է կատարվում արմատական վիրահատություն:
բ) Թարախակույտի առկայության դեպքում պետք է անմիջապես կատարել արմատական վիրահատություն՝ հատել թարախակույտի պատերը և ուղին: Այս վիրահատությունը հիմնականում կատարվում է փոքր մակերեսով թարախակույտերի դեպքում (մինչև 3սմ տրամագծով): Այս դեպքում վերքն ընդհանրապես չի կարվում, կամ կատարվում է վերքի ծայրերի կարում հատակին: Մեծ մակերես ունեցող վարակված վերքը սովորաբար բավականին երկար ժամանակահատվածում է լավանում, առաջանում է կոպիտ սպի: Այդ պատճառով էլ շատ մասնագետներ էպիթելային պոչուկային ուղու սուր բորբոքման դեպքում վիրահատությունը կատարում են երկու փուլով` սկզբում բացվում է թարախակույտը, կատարվում են ամենօրյա լվացումներ, թարախակույտի և ուղու խոռոչի մեջ ներմուծվում են ջրալույծ քսուքներ: Բորբոքման մարումից հետո կատարվում է արմատական վիրահատություն: Հետաձգված վիրահատությունը հիմնականում կատարում են առաջին փուլից 4-5 օր անց: Սակայն այն կարելի է կատարել նաև ավելի ուշ ժամկետում` 2-3 ամիս անց, պլանային կարգով:
3.    Էպիթելային պոչուկային ուղին քրոնիկական բորբոքման փուլում ենթարկվում է պլանային արմատական վիրահատության` ուղու, առաջնային անցքերի և երկրորդային խուղակների հատումով: Պլանային վիրահատությունները կատարվում են բորբոքային գործընթացների սրացման բացակայության պայմաններում: Բորբոքման սրացման, թարախակույտի կրկնության դեպքում ևս բուժումը հաճախ բաժանվում է երկու փուլի: Մոտեցումը մնում է նույնը՝ արմատական բուժման համար պետք է հեռացնել էպիթելային ուղին, բոլոր առաջնային անցքերը, երկրորդային խուղակները և սպիները:
4.    Էպիթելային պոչուկային ուղու բորբոքման մարման դեպքում հաճախ կատարվում է պլանային արմատական վիրահատություն՝ ուղու և սպիական հյուսվածքների հեռացումով: Պետք է նշել, որ բարդացած էպիթելային պոչուկային ուղու արմատական վիրահատության դեպքում վաղուց ի վեր գոյություն ունեն վերքի կարման տարբեր մոտեցումներ:  Վիրաբույժների մի մասը կողմնակից է հիվանդության բոլոր փուլերում Դոնատիի խուլ կարի կիրառման մեթոդին: Մինչդեռ մասնագիտացված բաժանմունքների փորձը ցույց է տալիս, որ խուլ կարը անվտանգ է միայն չբարդացած ուղու դեպքում: Իսկ եթե նույնիսկ մեկ անգամ բորբոքում է առաջացել, ապա վիրահատությունը պետք է ավարտել՝ վերքի ծայրերը հատակին կարելով:  Այս դեպքում կիրառվում են կարի տարբեր ձևափոխումներ, որոնք թույլ են տալիս առավելագույնս փոքրացնել վերքի մակերեսը՝ լավ դրենավորելով այն:

Կանխատեսում: Էպիթելային պոչուկային ուղու արմատական բուժումը  բարենպաստ է հիվանդության ցանկացած փուլում. հիվանդները լիովին ապաքինվում են: Վիրահատությունից հետո բժիշկը պետք է հսկի հիվանդին մինչև լիովին ապաքինվելը: Մինչև վերքի վերջնական լավացումը, դրա եզրերի շուրջը պարբերաբար կատարվում է մազահանում: Վիրահատությունից հետո առաջին 2-3 ամիսներին խորհուրդ չի տրվում կրել կոշտ կտորից նեղ հագուստ՝ հետվիրահատական սպիի վնասումից խուսափելու նպատակով: Եվ իհարկե, պետք է հետևել հիգիենայի կանոններին՝ կանոնավոր լողանալ, կրել մաքուր, գերադասելի է բամբակյա  ներքնազգեստ:




 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին