Էպիդիդիմիտ (մակամորձու բորբոքում) հիվանդությունն իրենից ներկայացնում է ամորձու հավելումների բորբոքում:

Պատճառներ
Էպիդիդիմիտ հիվանդությունն առաջանում է վարակիչ հիվանդությունների հարուցիչները հարևան օրգաններից (շագանակագեղձ, միզապարկ, միզուկ) սերմնատար ծորանների միջոցով կամ արյան ու ավշի հոսքով մակամորձի ներթափանցելիս: Նպաստող գործոններ են ամորձու վնասվածքները, անսովոր ֆիզիկական լարումները, սեռական չարաշահումները, մրսածությունը (սառը ջրում լողանալը): Հաճախ պիդիդիմիտը գոնորեայի բարդություն է, երիկամներից ամորձու հավելումների վրա տուբերկուլոզային գործընթացի տարածման հետևանք:

Պաթոգենեզ
Էպիդիդիմիտի ախտանշաններն են ամորձու համապատասխան կեսի ցավերը, ամորձու հետին մակերևույթին սաղավարտաձև պինդ ուռածությունը, ջերմաստիճանի բարձրացումը, ընդհանուր թուլությունը: Սովորաբար հիվանդությունն սկսվում է բուռն, հազվադեպ` աստիճանաբար, և հիվանդները ամորձու վրա պատահաբար << ուռուցք >> են հայտնաբերում:

Բուժում
Մինչև բժշկի դիմելը հարկավոր է ամորձակալ կրել և հիվանդ օրգանը պահել հանգիստ: Ծանրություն բարձրացնել, քայլել, սեռական հարաբերություն ունենալ չի կարելի: Վերջինս թույլատրվում է վերսկսել առողջանալուց 3-4 շաբաթ անց: Բժիշկին ժամանակին դիմելը հնարավորություն է տալիս ժամանակին սկսել բուժումն ու կանխել բարդությունները (երկկողմանի պիդիդիմիտը կարող է անպտղության պատճառ դառնալ): Հիվանդները մեծ մասամբ բուժվում են ամբուլատոր, երբեմն պահանջվում է հոսպիտալացում: Էպիդիդիմիտի առանձին ձևերի ժամանակ կատարվում է վիրաբուժական միջամտություն` մակամորձու հեռացում:

Կանխարգելում
Միզապարկի բորբոքման, միզուկաբորբի, շագանակագեղձի բորբոքման ժամանակին բուժում, վնասվածքի, մրսածության կանխում, անձնական հիգիենայի կանոնների պահպանում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին