Տզային էնցեֆալիտը նկարագրվել է հեռավոր Արևելքում 1935թ. Ա. Գ. Պանովի կողմից: Տզային էնցեֆալիտի վիրուսը անջատվել է 1937թ. Լ. Ա. Զիլբերի կողմից: 1937-1941թթ. իդենտիֆիկացվել են էնցեֆալիտի հարուցչի 29 շտամներ և ապացուցվել է Իքսոդովյան տզերի դերը որպես վարակի փոխանցողներ: Տզային էնցեֆալիտի ուսումնասիրության մեջ մեծ ներդրում են ունեցել` Ա. Ն. Շաբալովը, Ա. Կ. Շուբլաձեն, Ա. Ա. Սմորոձինցևը, Մ. Ժ. Չումակովը, Դ. Կ. Լվովը, Յու. Վ. Լոբզինը:

Համաճարակաբանություն
Տզային էնցեֆալիտը հարուցում է տզային էնցեֆալիտի նեյրոտրոպ վիրուսը, որի փոխանցման և հիմնական ռեզերվուար են հանդիսանում Իքսոդովյան տզերը (Ixodes persulcatus և Ixodes ricinus): Բոլոր բնական օջախներում վիրուսը շրջանառում է տզերի և վայրի կենդանիների շրջանում (գլխավորապես կրծողների և թռչունների), որոնք լրացուցիչ ռեզերվուար են հանդիսանում: Անթրոպուրգիկ օջախներում (չհարմարված կոնկրետ լանդշաֆտին, այնպիսի վայրերում գոյատևող, որոնք ենթարկվել են մարդկային գործունեության զգալի փոփոխությունների) ռեզերվուար կարող են ծառայել նաև ընտանի կենդանիները` այծերն ու կովերը: Տզային էնցեֆալիտի վիրուսը կարող է փոխանցվել տրանսովարիալ (ձվաբջջի միջոցով տզերի հաջորդ սերնդին): Մարդու վարակումը տեղի է ունենում տրանսմիսիվ ճանապարհով` տզի կծելու միջոցով: Վարակված այծերի և կովերի չեռացված կաթ կամ կաթնամթերք օգտագործելիս հնարավոր է նաև վարակման ալիմենտար փոխանցումը: Վարակի անախտանիշ ձևերին կարող է բաժին ընկնել տեղային բնակչության մինչև 90%-ը, սակայն կախված օջախից,այդ երևույթը զգալիորեն տատանվում է: Հիվանդության կլինիկորեն արտահայտված ձևերի առաջացումը զգալիորեն մեծանում է տզի երկարատև արյունածծումից: Հարուցիչը լավ է պահպանվում ցածր ջերմաստիճաններում, սակայն հեշտությամբ քայքայվում է 70oC-ից բարձր ջերմաստիճանում: Տզային էնցեֆալիտով հիվանդացության պիկ են համարվում մայիս-հունիս ամիսները, երկրորդ` ոչ պակաս պիկը, դիտվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, որը կապված է տզերի քանակի և դրանց ակտիվության հետ:

Էթիոպաթոգենեզ
Տզի խայթելուց անմիջապես հետո վիրուսը հայտվում է արյան մեջ: Այն թափանցում է ԿՆՀ հեմատոգեն դիսեմինացիայի և վիրեմիայի արդյունքում: Խայթելուց մի քանի օր անց վիրուսը հայտնաբերվում է ուղեղային հյուսվածքում, իսկ նրա առավելագույն խտությունը դիտվում է չորրորդ օրը:Հիվանդության առաջին օրերին վիրուսը կարող է անջատվել արյունից կամ ՈՒՈՂ: Տզի խայթելու դեպքում հիվանդության գաղտնի շրջանը տևում է 1-2-3 շաբաթ, իսկ ալիմենտար եղանակի դեպքում` 4-7օր:

Պաթոմորֆոլոգիա
Միկրոսկոպիական հետազոտության ժամանակ հայտնաբերվում է գերարյունություն, ուղեղանյութի և ուղեղաթաղանթների այտուց, ինֆիլտրատներ մոնո- և պոլինուկլեար բջիջներից, մեզոդերմալ և գլիոզ ռեակցիաներ: Բորբոքային-դեգեներատիվ փոփոխությունները տեղակայվում են ողնուղեղի պարանոցային հատվածի առաջային եղջյուրներում, երկարավուն ուղեղի կորիզներում, Վարոլյան կամրջում և մեծ կիսագնդերի կեղևում: Բնորոշ են` դեստրուկտիվ վասկուլիտներ (անոթաբորբեր) , մեռուկային օջախիկներ և կետային արյունահոսություններ: Տզային էնցեֆալիտի խրոնիկական փուլին բնորոշ են գլխուղեղի թաղանթների տիպիկ ֆիբրոզներ` կպումների և արախնոիդալ կիստաների ձևավորումով, գլիայի արտահայտված պրոլիֆերացիա: Ամենից ծանր, անվերադարձ փոփոխությունները առաջանում են ողնուղեղի պարանոցային հատվածի առաջային եղջյուրների բջիջներում:

Կլինիկա
Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 1-30 օր (հաճախ 7-14օր): Դեպքերի ճնշող մեծամասնությամբ, այն անձանց մոտ, ովքեր խայթվել են վիրուսը կրող տզերի կողմից զարգանում է տզային էնցեֆալիտի ինապարանտ ձևը, և միայն 2% մոտ` կլինիկորեն արտահայտված: Տզային էնցեֆալիտը սկսում է հանկարծակի տենդով և ինտոքսիկացիայով: Մարմնի ջերմաստիճանը արագ բարձրանում է 38-39oC: Հիվանդին անհանգստացնում են ուժեղ գլխացավը, թուլությունը, սրտխառնոցը, երբեմն փսխումը, խանգարվում է քունը: Հիվանդը ունի բնորոշ արտաքին տեսք` դեմքի, պարանոցի, կրծքավանդակի վերին կեսի մաշկը, շաղկապենիները գերարյունային են, սկլերաները` ինյեկցված: Հիվանդությունը կարող է ավարտվել 3-5 օրում: Հիվանդության այդ ձևը կոչվում է տենդային, հանդիպում է շատ հաճախ, ախտորոշվում հազվադեպ: Այդ ձևի ժամանակ ԿՆՀ ախտահարումը բացակայում է:

1. Տզային էնցեֆալիտի մենինգեալ ձևը բնորոշվում է ընդհանուր ուղեղային համախտանիշով, ծոծրակի մկանների կարկամության, Կեռնիգի և Բրուձինսկու ախտանիշների առկայությամբ: ՈՒՈՀ փոփոխությունները վկայում են շճային մենինգիտի մասին: Հիվանդությունը ունի բարորակ ընթացք: Տենդը տևում է 10-14 օր, լիկվորի սանացիան (առողջացում, բարելավում) փոքր-ինչ հետ է մնում կլինիկական առողջացումից:
2. Մենինգոէնցեֆալիտիկ ձևը զգալիորեն ծանր է ընթանում: Հիվանդները դառնում են թորշոմած, արգելակված, քնկոտ: Ուժեղանում են գլխացավը, սրտխառնոցն ու փսխումը: Ոչ հազվադեպ դիտվում են զառանցնաք, ցնորքներ, հոգեշարժական գրգռվածություն, գիտակցության խանգարումներ: Որոշ հիվանդների մոտ կարող են հանդիպել ջղաձգումներ և էպիլեպտիկ նոպաներ: Ախտահարվում են դիմային, ակնաշարժ մկանները նյարդավորող նյարդերը, ինչպես նաև այլ գանգուղեղային նյարդեր:
3. Պոլիռադիկուլոնևրոպաթիկ ձևը ընթանում է ծայրամասային նյարդերի և նյարդաբների ախտահարումով, նյարդային ցողունների շուրջ ընթացող ցավերով, զգացողության խանգարումներով:
4. Պոլիէնցեֆալոմիելիտիկ ձևը. դիտվում են պոլիոմիելիթիկ համախտանիշի դրսևորումներ` "կախված գլուխ", "իջեցված նախաուսեր", "մարմնի երկայնքով կախված ձեռքեր" ախտանիշների տեսքով: Ինչպես նաև պարբերաբար դիտվում են մկանների ֆիբրիլյար կամ ֆասցիկուլյար բնույթի ցնցումներ: Պոլիէնցեֆալոմիելիտիկ խանգարումները կարող են զուգակցվել հաղորդչական, սովորաբար բրգային խանգարումների հետ. ձեռքեր` թորշոմած պարեզներ, ոտքեր` սպաստիկ, ամիոտրոֆիաների և հիպերֆլեքսիաների զուգակցում` մեկ պարեզված վերջույթի սահմաններում:

Կանխարգելում (պրոֆիլակտիկա)
Տզային էնցեֆալիտի կանխարգելումը կայանում է դրա դեմ պայքարում: Կանխարգելիչ միջոցառումները, որոնք նպաստում են անտառներում տզերի քանակի նվազմանը, կայանում են տզերի "տերերի"ոչնչացման մեջ` վայրի կենդանիներ, էնցեֆալիտի վիրուսի ռեզերվուարներ: Պաշտպանության անհատական միջոցներ. մարմնի և սպիտակեղենի զննում` անտառում գտնվելիս յուրաքանչյուր երկու ժամը մեկ. ջրա-օճառային էմուլսիայով (կիթ) հագուստի խոնավեցում, որը պարունակում է 5% K, կամ էմուլսիայով, որը պարունակում է բևեկնախեժ կամ լիզոլ, պարանոցի և դաստակների մաշկի մշակում կամֆորային (քաֆուր), թիմոլային կամ անանուխային քսուքով: Տզային էնցեֆալիտի վիրուսի անջատման հետ կապված հնարավոր դարձավ սպեցիֆիկ վակցինաների միջոցով կանխարգելիչ ներարկումների անցկացումը: Տայգայական անտառային շրջաններում աշխատող անձնակազմների վակցինացումը պարտադիր գործոն է համարվում: Առաջին անգամ կատարվում է 3մլ սպեցիֆիկ վակցինայի ն/մ ներարկում: 10օր անց կատարվում է վակցինայի կրկնակի ներարկում 6մլ քանակությամբ:

Ռեպելենտներ: Տզերից պաշտպավնելու համար օգտագործում են վախեցնող միջոցներ` ռեպելենտներ, որով մշակում են մարմնի բաց մասերը (օր.` դիէթիլտոլուամիդ` ինսեկտիցիդ, որը ունի ռեպելենտային ազդեցություն):

Ակարիցիդներ: Ակարիցիդներ. նյութեր, որոնք տզերի վրա թողնում են պարալիտիկ ազդեցություն: Նման դեղամիջոցները լինում են միայն հագուստի վրա: Ներկայումս կիրառվում են միջոցներ, որոնք պարունակում են` պիռետրոիդներ` ալֆամետրին և պեռմետրին:

Կանխատեսում (պրոգնոզ)
Մենինգեալ ձևի դեպքում պրոգնոզը բարենպաստ է, լավացումը` 2-3 շաբաթից: Պոլիոէնցեֆալոմիելիտիկ ձևի դեպքում լրիվ լավացում, առանց նյարդաբանական խանգարումների չի լինում, պահպանվում են ատրոֆիկ պարեզներն ու կաթվածները (անդամալուծություն): Ամենից ծանր ընթացքը դիտվում է մենինգոէնցեֆալիտիկ ձևի դեպքում` բուռն սկիզբ, արագ զարգացող կոմատոզ վիճակ, լետալ (մահացու) ելք: Վերջին տասնամյակներում, լայն կանխարգելիչ միջոցառումների իրականացման հետ կապված, տզային էնցեֆալիտի ընթացքը փոխվել է: Ծանր դեպքերը զգալիորեն հազվադեպ են հանդիպում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին