Կոպի եզրի ներշրջումը դեպի ակնագունդ կոչվում է էնտրոպիոն: Ստորին կոպի էնտրոպինը կարող է լինել.
• բնածին
• ծերունական
• սպաստիկ
• սպիական
Բնածին էնտրոպիոնի դեպքում նորածնի թարթիչները հպվում են եզջրաթաղանթին և առաջացնում արցունքահոսություն և լուսավախություն: Այս վիճակը պետք է կարողանալ տարբերակել էպիբլեֆարոնից: Վերջինս առաջանում է ստորին կոպի ավելցուկ մաշկային ծալքի հետևանքով: Էպիբլեֆարոնով երեխայի թարթիչները նույնպես հպվում են եղջրաթաղանթին, սակայն լուսավախություն և արցունքահոսություն չի առաջանում: Էպիբլեֆարոնը երեխայի աճի ընթացքում վերանում է, և սովորաբար վիրաբուժական միջամտության կարիք չի առաջանում:

Ծերունական էնտրոպիոնի առաջացման պատճառը ստորին կոպի ռետրակտոր մկանի շերտազատումն է կոպի աճառիցի, ինչպես նաև նաև կոպի եզրի հորիզոնական թուլացումը: Ճեղքային լամպով հետազոտելիս երևվում է, որ թարթիչները հպվում են և վնասում եղջրաթաղանթը: Հիվանդը գանգատվում է արցունքահոսությունից, ցավերից և լուսավախությունից:
Սպիական էնտրոպինի առաջացման պատճառը ստորին կոպի լորձաթաղանթի սպիական կարճացումն է: Սպաստիկ էնտրոպիոնը բնորոշվում է կոպի եզրի ներշրջման էպիզոդներով:
Էնտրոպիոնը բուժվում է վիրաբուժական ճանապարհով: Ստորթարթիչային կտրվածքով ստորին կոպի ռետրակտորները հետ են կարվում աճառին: Սպիական էնտրոպիոնը վերացնելու նպատակով կատարվում է շրթունքի լոձաթաղանթի տրանսպլանտացիա: Վերին կոպի էնտրոպիոնը կարող է լինել բնածին և սպիական: Նույնպես արտահայտվում է արցունքահոսությոմբ և լուսավախությամբ: Վերացվում է շրթունքի լորձաթաղանթի տրանսպլանտացիայով:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին