Էնտերիտները բարակ աղիների բորբոքային հիվանդություններն են, որոնք բնութագրվում են աղիների ֆունկցիայի խանգարումով, լորձաթաղանթի բորբոքային, դիստրոֆիկ, որոշ դեպքերում նաև խոցային-էրոզիվ, ատրոֆիկ և նեկրոտիկ փոփոխություններով: Բացի էնտերիտներից բարակ աղու պաթոլոգիաներում մեծ տեղ են զբաղեցնում նաև էնտերոպաթիաները: Առպատային մարսողության ժառանգական կամ ձերքբերովի խանգարումներ, որոնք կապված են մարսողության ը մասնակցող ֆերմենտների անբավարարության հետ: Գլուտենային էնտերոպաթիա կամ ցելիակիա, որը պայմանավորված է հացահատիկներում պարունակվող սպիտակուցի ֆրակցիայի` գլիադինի տոքսիկ ազդեցությամբ լորձաթաղանթի վրա: Դիսախարիդազային անբավարարությունը դիսախարիդների (լակտոզա, սախարոզա, տրեգալազա, մալտոզա, իզոմալտոզա) մարսման և ներծծման խանգարումն է, որը պայմանավորված է համապատասխան ֆերմենտների անբավարարությամբ:

Դասակարգում. Ըստ էթիոլոգիայի տարբերում ենք աղիների ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն ախտահարումներ
Ինֆեկցիոն.
- Բակտերիալ – Salmonella, Shigella, Escherichia colli, Campylobacter, Yersinia, Clostridium difficile, Gonorrhea, Chlamydia trachomatis
- Միկոբակտերիալ – Tuberculosis, Mycobacterium avium
- Պարազիտար – Amebiasis, Isospora, Strongyloides
- Վիրուսային – Cytomegalovirus, Herpes simplex, HIV
- Սնկային – Candida, Aspergillus

Ոչ ինֆեկցիոն
Բորբոքային. Կրոնի հիվանդություն, Խոցային կոլիտ, Դիվերտիկուլիտ, Կոլլագենային, լիմֆոցիտար կոլիտ, Իշեմիկ կոլիտ, Ռադիացիոն կոլիտ/ էնտերիտ, Էոզինոֆիլային գաստրոէնտերիտ, Բեխչետի սինդրոմ
Նեոպլաստիկ. Լիմֆոմա, Մետաստատիկ կարցինոմա, Զստաղու կարցինոմա, Ընտանեկան պոլիպոզ
Տոքսիկ. դեղորայքային և քիմիական

Էթիոլոգիա
Խրոնիկ էնտերտները պոլիէթիոլոգիկ հիվանդություններ են: Կարող են լինել սուր էնտերիտի հետևանք կամ առաջանալ ինքնուրույն: Հիվանդության առաջացման մեջ նշանակալից դեր ունեն տարած ինֆեկցիաները, պրոտոզային և գլիստային ախտահարումները: Մեծ նշանակություն ունեն սննդային գործոններ` (ալիմենտար էնտերիտ) գերսնուցում, միայն չոր կերակրատեսակներով սնուցում, չբալանսավորված սնունդը (միայն ածխաջրերով հարուստ, վիտամինազերծ սնունդ): Էնտերիտների պատճառ կարող են լինել իոնիզացնող ճառագայթները (ճառագայթային էնտերիտ), տոքսիկ նյութերը` մկնդեղ, ֆոսֆոր, կապար, մի շարք դեղորայքային միջոցներ` սալիցիլատներ, ինդոմետացին, կորտիկոստերոիդներ, ցիտոստատիկներ, իմունոդեպրեսանտներ, որոշ անտիբիոտիկներ: Ոչ հազվադեպ դրանք կարող են լինել որոշ հիվանդությունների դրսևորում - տուբերկուլյոզ, ռևմատիկ հիվանդություններ, խրոնիկ պանկրեատիտ, խրոնիկ հեպատիտ, ատրոֆիկ գաստրիտ, չարորակ նորագոյացություններ, սննդային ալլերգիաներ, էկզեմա, փսորիազ, բնածին կամ ձեռքբերովի էնզիմոպաթիաներ: Էնտերիտների պատճառ կարող է լինել բարակ աղու պատի իշեմիան - աթերոսկլերոզ կամ մեզենտերիալ անոթների վասկուլիտ` իշեմիկ էնտերիտ: Տարբեր իմունոլոգիական խանգարումները – իմունոդեֆիցիտային վիճակներով պայմանավորված խրոնիկ էնտերիտ:

Պաթոգենեզ
Խրոնիկ էնտերիտների պաթոգենեզում նշանակալի դեր ունի աղիների շարժողական ֆունկցիայի խանգարումները, մարսողական գեղձերի ֆունկցիայի խանգարումները, իմմունոլոգիական հոմեոստազի, միկրոցիրկուլյացիայի խանգարումները, աղիների միկրոֆլորայի խանգարումները, ժառանգական գործոնը (ֆերմենտային բնածին անբավարարությունը): Խրոնիկ էնտերիտի հիմքում ընկած է ոչ միայն բորբոքումը, այլ նաև բարակ աղու լորձաթաղանթի ֆիզիոլոգիական ռեգեներացիայի խանգարումը: Էնտերոցիտների դիֆերենցացիայի գործընթացն ուշանում է, որի արդյունքում թավիկների մեծ մասը պատվում են չտարբերակված, ֆունկցիոնալ չկայացած էպիթելիոցիտներով, որոնք արագ մահանում են: Թավիկները դառնում են կարճ և ատրոֆիկ, կրիպտաները սկլերոզացվում են կամ ենթարկվում են կիստոզ լայնացման: Լորձաթաղանթի ստրոման ինֆիլտրացվում է պլազմատիկ բջիջներով, լիմֆոցիտներով և էոզինոֆիլներով: Մորֆոգենեզի տվյալների հիման վրա տարբերում են` խրոնիկ էնտերիտ առանց լորձաթաղանթի ատրոֆիայի և խրոնիկ ատրոֆիկ էնտերիտ: Այս երկու ձևերն ըստ էության հանդիսանում են էնտերիտի մորֆոլագիական ստադիաներ:

Կլինիկա
Կլինիկական պատկերը ձևավորվում է երկու սիմպտոմոկոմպլեքսների հիման վրա` տեղային էնտերալ սինդրոմ, որը պայմանավորված է առպատային և խոռոչային մարսողության (maldigestion) պրոցեսների խանգարումով և ընդհանուր էնտերալ սինդրոմ` սննդային ինգրեդիենտների ներծծման խանգարում (malabsorption), որի հետևանքով առաջանում են բոլոր տեսակի նյութափոխանակային խանգարումները և փոխվում է օրգանիզմի ընդհանուր վիճակը: Ներծծման խանգարման աստիճանները.
I - լուծ, քաշի կորուստ մինչև 5 կգ
II - լուծ, քաշի կորուստ մինչև 5-10 կգ, տրոֆիկ փոփոխություններ, հիպովիտամինոզներ (A, B12, C, D, E և այլ), հիպոէլեկտրոլիտեմիա (K, Mg, Fe, Ca, Na և այլ), անեմիա
III - լուծ, քաշի կորուստ 5-10 կգ և ավել, միանում են հիպոալբումինեմիան և այտուցները:
I-աստիճանի ծանրության էնտերիտներին բնորոշ են աղիքային սիմպտոմները:
II- աստիճանի` աղիքային սիմպտոմների և ոչ արտահայտված նյութափոխանակության խանգարումների համակցությունը:
III - աստիճանի` նյութափոխանակության արտահայտված խանգարումներ, որոնք բերում են օրգանիզմում անդարձելի փոփոխությունների:

Տեղային էնտերալ սինդրոմ- բնութագրվում է աղիքային հետևյալ դրսևորումներով` մետեորիզմ, ցավ որովայնում (հատկապես միջին հատվածում), որովայնի ուռածություն, գրգռոց, լուծ, շատ հազվադեպ դեպքերում փորկապություն, կամ դրանց հերթագայում: Բնութագրական է պոլիֆեկալիան (առատ կղանք), բայց ոչ շատ հաճախ օրը 3-6 անգամ, կղանքն ունի կավային տեսք, թթվային ռեակցիայով, բնութագրական է ստեատոռեան և կրեատոռեան: Շոշափելիս ցավոտ է որովայնի միջին հատվածը, ինչպես նաև պորտից ձախ և վեր XII-կրծքային և I-գոտկային ողների մակարդակում (Պորգեսի սիմպտոմ), կույր աղու հատվածում ջրի ճողփյունի (Օբրազցովի սիմպտոմ): Լուծի առաջացումը կապված է աղիքային հիպերսեկրեցիայի, բարակ աղու խոռոչում օսմոտիկ ճնշման բարձրացման, նրա շարժողական ֆունկցիայի խանգարման հետ, որի հետևանքով տեղի է ունենում աղիների պարունակության տեղաշարժման արագացում, աղիքային հիպերէքսուդացիա: I և II ծանրության աստիճանի էնտերիտների դեպքում լուծը պայմանավորված է էքսուդացիայի ուժեղացումով, իսկ III աստիճանի դեպքում պայմանավորված է հիպերսեկրեցիայով և օսմոտիկ ճնշման բարձրացումով:

Ընդհանուր էնտերալ սինդրոմ- բնութագրական է սպիտակուցային փոխանակության խանգարումը, որի հետ կարելի է կապել այլ մետաբոլիկ փոփոխությունները, այլ օրգան-համակարգերում տեղաշարժերը: Սպիտակուցային փոխանակության խանգարումը դրսևորվում է մարմնի քաշի պրոգրեսիվող կորստով, հիպոպրոտեինեմիայով, հիպոալբումինեմիայով, արյան մեջ սպիտակուցային և ամինոթթվային բալանսի խանգարումով:

Ախտորոշում
Խրոնիկ էնտերոկոլիտն ախտորոշվում է անամնեզի հիման վրա էթիոլոգիական գործոնների առկայության դեպքում, կլինիկական պատկերի, զննման տվյալների, ինչպես նաև լաբորատոր և գործիքային հետազոտման տվյալների հիման վրա: Լաբորատոր քննություններ - Լակտոզային և Դ-կսիլոզային տեստերից բացի, որոնք կատարվում են առպատային մարսողության, ներծծման խանգարումների հայտնաբերման նպատակով: Կարևոր նշանակություն ունի կղանքի մանրադիտակային քննությունը սննդի չմարսված մնացորդների և ախտաբանական հավելումների հայտնաբերման նպատակով: Ճարպերի մնացորդները (ստեատոռեա) հայտնաբերվում են օճառների, այսինքն ճարպաթթուների աղերի տեսքով, քանի որ չեզոք ճարպերը պանկրեատիկ ֆեմենտների մասնակցությամբ, տրոհվում են գլիցերինի և ճարպաթթուների: Սպիտակուցների մնացորդները մկանաթելերի տեսքով (կրեատոռեա) հայտնաբերվում են մասնակի փոփոխված (առանց միջաձիգ զոլավորման), քանի որ ստամոքսի բնականոն աշխատանքի պայմաններում, նրանք մասնակի տրոհվում են, եթե զոլավորումը պահպանված է, ապա դա նշանակում է, որ հիվանդի մոտ առկա է հիպոացիդ գաստրիտ: Այս դեպքում հայտնաբերվում են նաև մեծ թվով շարակցական հյուսվածքի թելեր: Ածխաջրերի մնացորդները օսլայի հատիկների տեսքով (ամիլոռեա) արտա- և ներբջջային տեղակայումով, նույնպես հայտնաբերվում են մեծ քանակությամբ ներծծման խանգարումների ժամանակ: Կոլիտի դեպքում հայտնաբերվում են ախտաբանական հավելումներ` լեյկոցիտներ, էպիթելիալ բջիջներ, էրիթրոցիտներ, լորձ և այլն:

Բացի ընդհանուր կոպրոլոգիական քննությունից, կատարվում է նաև կղանքի բակտերիոլոգիական հետազոտություն` ցանքսի միջոցով` աղիքային ինֆեկցիաները ժխտելու և միկրոֆլորայի խանգարումները հայտնաբերելու նպատակով: Ծանր դեպքերում ստուգվում են արյան տարերը, միկրոէլեմենտները, վիտա-մինները, ընդհանուր սիտակուցը, նրա ֆրակցիաները` ալբումինը և գլոբուլինները, իմունոգլոբուլիները, T- և B- լիմֆոցիտները: Գործիքային հետազոտությունները կարևոր նշանակություն ունեն բարդությունները հայտնաբերելու և այլ հիվանդությոններից, մասնավորապես ուռուցքներից տարբերակելու համար: Դրանք են` ռենտգենաբանական հետազոտությունը կոնտրաստ նյութով (բարիումի սուլֆատ), էնդոսկոպիկ հետազոտությունը` էզոֆագո-գաստրո-դուոդենո-յեյունոսկոպիայի և կոլոնո-իլեոսկոպիայի միջոցով, որոնց ժամանակ, ըստ պահանջի, կատարվում է կենսազննում (բիոպսիա), հետագա հյուսվածաբանական և բջջաբանական քննությունների նպատակով:

Բուժում
Բուժումը պետք է լինի կոմպլեքս, որն իր մեջ պետք է ներառի էթիոլոգիական և պաթոգենետիկ պրեպարատներ, ինչպես նաև հիվանդության տեղային և ընդհանուր դրսևորումների վրա ազդող սիմպտոմատիկ պրեպարատներ: Այն պետք է ներառի դիետա, ֆերմենտային և թույլ լեղամուղ ազդեցություն ունեցող միջոցներ, պատող և տտպող պատրաստուկներ, պրո և պրեբիոտիկներ, անտիբիոտիկներ և անտիսեպտիկներ, ադսորբող միջոցներ, մոտորիկայի կարգավորիչներ, ռեհիդրատացիոն, իմունոկարգավորիչ և հակաբորբոքային պրեպարատներ:

Հակաբակտերիալ դեղորայքային ընտրություն
- ՍՏԱՖԻԼՈԿՈԿ - ԴՈԿՍԻՑԻԿԼԻՆ, ԲԻՍԵՊՏՈԼ
- ՊՌՈՏԵԱ - ԻՆՏԵՏՐԻՔՍ /ՖՏՈՐԽԻՆՈԼՈՆ/, ԷՐՑԵՖՈՒՐԻԼ /ՆԻՏՐՈՖՈՒՐԱՆ/
- ՊՍԵՈՒԴՈՄՈՆԱՍ - ԿԱՐԲՊԵՆԻՑԻԼԻՆ
- ԼՅԱՄԲԼԻԱ - ՄԵՏՐՈՆԻԴԱԶՈԼ
- ԿԼՈՍՏՐԻԴԻԱ - ՎԱՆԿՈՄԻՑԻՆ, ՌԻՖԱԿՍԻՄԻՆ
- ԿԱՆԴԻԴԱ - ՆԱՏԱՄԻՑԻՆ, ԿԵՏՈԿՈՆԱԶՈԼ

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին