Ենթասուր (ձգձգվող) սեպտիկ էնդոկարդիտ (մանրէական էնդոկարդիտ)։ Սեպտիկ հիվանդություն է, որի ժամանակ վարակի հիմնական օջախը տեղակայվում է սրտի փականների վրա, հազվադեպ՝ առպատային էնդոկարդում։ Հարուցիչներն են՝ հաճախ ստրեպտոկոկերը կամ ստաֆիլոկոկերը, հազվադեպ՝ գրամ-բացասական մանրէները (աղիքային, կապտաթարախային, նեխական ցուպիկները, պնևմոկոկերը, սնկերը, մանրէների a ձևերը և այլն)։ Սրտի փականների մանրէական ախտահարումը կապված է օրգանիզմի հումորալ և տեղային (բջջային) իմունիտետի փոփոխությունների հետ, որոնք առաջ են բերում իմունակենսաբանական ռեակցիաների տեղաշարժեր և պրոցեսի մեջ են ներգրավում տարբեր օրգաններ և համակարգեր (անոթներ, երիկամներ, լյարդ, նյարդային համակարգ և այլն)։ Ավելի հաճախ են ախտահարվում արդեն փոփոխված փականները, որը հետևանք է սրտի ձեռքբերովի կամ բնածին արատների, սրտի վիրահատական միջամտությունների։ Հիվանդության համար հատկանշական է անկանոն բնույթի տենդը, որը հաճախ ուղեկցվում է սարսուռով, քրտնարտադրությամբ, երբեմն՝ հոդացավերով, մաշկածածկույթների և |որձաթաղանթների գունատությամբ։

Առաջնային էնդոկարդիտի ժամանակ, որը զարգանում է չփոփոխված փականի վրա, սկզբում կարող են լսվել ֆունկցիոնալ բնույթի աղմուկներ, հետագայում՝ կազմավորվում է սրտի արատ (հաճախ աորտային)։ Երկրորդային էնդոկարդիտի ժամանակ փոխվում է աղմուկների բնույթն ու տեղակայումը` փականների աճող ձևափոխման կամ նոր արատի ձևավորման հետևանքով։ Միոկարդի ախտահարման ժամանակ առաջանում է առիթմիա, հաղորդչականության խանգարում, սրտի անբավարարության նշաններ։ Շատ հատկանշական է անոթների ախտահարումը վասկուլիտների, թրոմբոզների, անևրիզմի, արյունահոսության ձևով, որոնք դիտվում են մաշկում և տարբեր օրգաններում (հեմոռագիկ ցանավորում, ուղեղային վասկուլիտ, երիկամների և փայծաղի ինֆարկտ և այլն)։ Հաճախ նկատվում են լյարդի, փայծաղի մեծացում, նեֆրիտի  ախտանիշներ։ Լրացուցիչ հետազոտություններով հայտնաբերվում է հիպոքրոմ սակավարյունություն, չափավոր լեյկոպենիա, արյան մեջ a2- և գամագլոբուլինի, «С» ռեակտիվ սպիտի և ԷՆԱ-ի զգալի մեծացում։ Արյան ցանքսից (որը կատարվում է մի քանի անգամ) մինչև հակաբիոտիկների օգտագործումը հիվանդների մոտ հաջողվում է անջատել էնդոկարդիտի հարուցիչը և որոշել նրա զգայնությունը տարրեր հակաբիոտիկների նկատմամբ։

Սուր սեպտիկ էնդոկարդիտ։ Դիտվում է որպես ընդհանուր սեպսիսի բարդացում։ Ըստ էթիոլոգիայի, պաթոգենեզի և կլինիկայի էապես չի տարբերվում էնդոկարդիտի ենթասուր ձևից և բնորոշվում է միայն ավելի սուր ընթացքով։

Սեպտիկ էնդոկարդիտի բուժումը նպատակահարմար է կատարել՝ ելնելով մանրէաբանական տվյալներից։ Նշանակվում են հակաբիոտիկներ՝ հաշվի առնելով հայտնաբերված հարուցիչների զգայնությունը նրանց նկատմամբ։ Իմուն խանգարումների վերականգնման նպատակով, հատկապես նեֆրիտի, վասկուլիտի, միոկարդիտի, հեպատիտի զարգացման ժամանակ, հակամանրէական միջոցները զուգակցվում են կորտիկոստերոիդային դեղամիջոցներով։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին