Էնդոկարդիտը (ներսրտենու բորբոքում) սրտի ներքին շերտի` էնդոկարդի բորբոքումն է:

Պատճառներ
Այս հիվանդությունը առավել հաճախ նկատվում է ռևմատիզմի, հազվադեպ` սիֆիլիսի, տուբերկուլոզի ժամանակ: Երբեմն էնդոկարդիտը առաջանում է սրտամկանի ինֆարկտի և այլ հիվանդությունների ընթացքում:

Պաթոգենեզ
Էնդոկարդիտը, որպես կանոն, ընթանում է սրտի փականների ախտահարմամբ, որի հետևանքով կարող են առաջանալկ դրանց կառուցվածքի և ֆունկցիայի կայուն փոփոխություններ, հաճախ` փականի փեղկերի քայքայում: Դրանք հանգեցնում են սրտի արատների առաջացման: Էնդոկարդիտի դրսևորումները պայմանավորված են այն առաջացնող պատճառներով: Օրինակ` էնդոկարդի ռևմատիկ բորբոքումը կարող է զուգակցվել ռևմատիզմի այլ ախտանշանների հետ: Այն ի հայտ է գալիս աստիճանաբար. Առաջանում են ընդհանուր թուլություն, գերհոգնելիություն, ջերմաստիճանի թեթևակի բարձրացում, սրտի շրջանում` տհաճ զգացողություններ, սրտխփոց: Հաճախ էնդոկարդիտին նախորդում են վարակիչ հիվանդություններ (անգինա, նշագեղձերի բորբոքում և այլն):

Բուժում
Էնդոկարդիտը հաստատում է միայն բժիշկը: Բացի այդ հաճախ պահանջվում են լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Բուժումն իրականացվում է հիվանդանոցում: Մինչև բորբոքային գործընթացի լրիվ վերացումն անհրաժեշտ է պահպահել խիստ անկողնային ռեժիմ: Սնունդը պետք է լինի դյուրամարս` աղերի սահմանափակմամբ և վիտամիններով հարուստ: Բուժման ժամանակակից մեթոդները, բարձրարդյունավետ դեղանյութերի լայնորեն օգտագործումը հնարավորություն են տալիս էնդոկարդիտը հաջողությամբ բուժել:

Կանխարգելում
Էնդոկարդիտի կանխարգելումը ենթադրում է ռևմատիզմի, արյան վարակման և այլ հիվանդությունների առաջացմանը նպաստող գործոնների վերացում: Էական նշանակություն ունեն քրոնիկական օջախային վարակների (նշագեղձերի բորբոքում, հայմորիտ), ատամների ոսկրափուտի ժամանակին բուժումը, օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը: Կանոնավոր բժշկական հսկողությունը կանխում է էնդոկարդիտի կրկնությունները (սրացումները):

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին