Պատճառներ

Էլեկտրական հոսանքով օրգանիզմի ախտահարումը առաջացնում է էլեկտրավնասվածք։ Պատճառ կարող է լինել մթնոլորտային էլեկտրականությունը (կայծակը)։ Ախտահարման ծանրությունը կախված է հոսանքի ուժից, լարումից, ազդեցության տևողությունից և ֆիզիկական հատկություններից (հաստատուն, փոփոխական)։ Առավել վտանգավոր է փոփոխական հոսանքը։ Վտանգն աճում Է լարման մեծանալուն զուգընթաց։ Որքան տևական է հոսանքի ազդեցությունը, այնքան էլեկտրավնասվածքն ավելի ծանր Է։

Պաթոգենեզ

Հոսանքի ազդեցությունն օրգանիզմի վրա առաջացնում է զանազան տեղային և ընդհանուր խանգարումներ։ Տեղային երևույթները (հպման տեղում) կարող են լինել աննշան ցավային զգացողություններից մինչև ծանր այրվածքներ՝ մարմնի առանձին հատվածների այրմամբ և ածխացմամբ։ Ընդհանուր երևույթներն արտահայտվում են կենտրոնական նյարդային համակարգի, շնչառության օրգանների և արյան շրջանառության գործունեության խանգարումներով։ Էլեկտրավնասվածքի ժամանակ դիտվում է ուշագնացություն, գիտակցության կորուստ, խոսքի խանգարում, ջղաձգություններ, շնչառության խանգարումներ (ընդհուպ մինչև դադարը), ծանր դեպքերում՝ շոկ, երբեմն՝ ակնթարթային մահ։

էլեկտրաայրվածքներին բնորոշ են >՝ հաղորդալարի և մաշկի հպման տեղում խիտ կեղերի (մաշկի և հյուսվածքների քայքայում) առաջացումը։ Կայծակնահարված անձանց մաշկի վրա մնում են հոսանքի անցման հետքերը՝ կարմրավուն զոլերի ձևով (>)։ Հոսանքի ազդեցության հետևանքով հագուստը բռնկվելիս առաջանում են այրվածքներ։

Բուժում

Պատահարի վայրում առաջինը հայտնված մարդը պետք է հիշի, որ նախ անհրաժեշտ է տուժածին ազատել հոսանքի ազդեցությունից։ Դրա համար պետք է անջատել անջատիչը կամ ապահովիչը, կտրել կամ հեռացնել (փայտի կամ հոսանք չհաղորդող որևէ առարկայի օգնությամբ) հաղորդալարերը։ Եթե հնարավոր չէ հեռացնել հոսանքի աղբյուրը, ապա տուժածին պետք է տեղափոխել անվտանգ վայր՝ պահպանելով զգուշության միջոցառումները (չկպչել տուժածի մարմնի բաց մասերին, բռնել միայն նրա հագուստից, նախապես հագնել ռետինե ձեռնոցներ կամ ձեռքերը փաթաթել չոր հագուստով, կանգնել մեկուսացնող առարկայի՝ տախտակի, չոր շորի, ավտոմեքենայի դողի վրա, հագնել ռետինե կոշիկներ)։

Կանչել շտապ բժշկական օգնություն, բայց մինչև նրա գալը, հենց դեպքի վայրում անմիջապես կատարել սիրտանոթային համակարգի և շնչառության գործունեության վերականգնում։ Կիրառել արհեստական շնչառություն՝ > կամ > եղանակներով և սրտի փակ մերսում։ Արհեստական շնչառությունը կարելի է դադարեցնել միայն բժշկի ցուցումով կամ հիվանդի շնչառությունն ինքնուրույն վերականգնվելուց հետո։ Անթույլատրելի է տուժածին դնել հողի մեջ կամ վրան հող լցնել։ Այդ միջոցը հիմնված է բացառապես նախապաշարմունքների վրա և կարող է մահացու լինել, քանի որ, բուժական ոչ մի արդյունք չտալով, այն կասեցնում է շտապ միջոցառումների իրականացումը։

Էլեկտրավնասվածք ստացած անձանց պետք է շտապ տեղափոխել հիվանդանոց՝ ընդհանուր ախտահարումների, ներքին օրգանների և էլեկտրաայրվածքների բարդությունների բուժման համար։

Կանխարգելում

Էլեկտրավնասվածքի կանխարգելման համար էլեկտրասարքավորումների մոնտաժման, նորոգման և շահագործման ժամանակ պետք է ճշգրտորեն կատարել անվտանգության տեխնիկայի կանոնները։ Երեխաներին արգելել էլեկտրահաղորդալարերին և էլեկտրասարքերին ձեռք տալը։ Ամպրոպի ժամանակ պետք է անջատել ռադիոսարքավորումներն ու անտենայով հեռուստացույցները (կայծակի հարվածից խուսափելու համար)։ Անտառում և դաշտում չի կարելի գտնվել բարձր, մենակյաց ծառի տակ, շանթարգելի հողակցման շրջակայքում և բարձրադիր վայրում։