"Սեբորեային էկզեմա" (eczema seborrhoicum) անվան տակ Ունան նկարագրել է մաշկի յուրօրինակ ախտահարում, որը դիտվում է սեբորեայով տառապող հիվանդների մոտ։ Հիվանդությունը տեղակայվում է կրծքի (կրծոսկրի շրջանում), մեջքի (թիակների միջև ու ողնաշարի երկարությամբ), ինչպես նաև դեմքի (հատկապես քթա-այտային ծալքերի ու հոնքերի շրջանի) և գլխի մազածածկ մասի մաշկի վրա։ Բնութագրվում է մանր կետային, ֆոլիկուլային դեղնավարդագույն հանգույցիկների ցանավորումով՝ ծածկված յուղոտ, մոխրադեղին թեփուկներով։ Հանգույցիկները խմբավորվելով ու տարածվելով, միաձուլվում են, կազմելով տարբեր մեծության դեղնավարդագույն վահանիկներ՝ ծածկված յուղոտ թեփուկներով։ Վահանիկների միաձուլումը հանգեցնում է ավելի խոշոր, ժանեզարդավոր ուրվագծով օջախների գոյացմանը։ Ոչ հազվադեպ նշվում է լուծում կենտրոնից՝ օղականման պատկերների գոյացումով։ Սուբյեկտիվորեն՝ թեթև քորի զգացում։ Հիվանդությունը հեշտությամբ է ապաքինվում, բայց հակված է կրկնումների։

Հյուսվածաախտաբանությունը։ Դերմայում պտկիկային շերտի աննշան այտուց և ինֆիլտրատ, տեղադրված անոթների շուրջը ու բաղկացած նեյտրոֆիլներից ու լիմֆոցիտներից։ Վերնամաշկում՝ աննշան ականթոզ, հարեղջրացում և առանձին տեղամասերում՝ սպոնգիողի օջախներ։ Սուդանով ներկելիս՝ վերնամաշկի հիմային ու փշաձև շերտերում և հատկապես հարեղջրային մասում, ավելի պակաս՝ պտկիկային շերտի անոթների էնդոթելում կարելի է հայտնաբերել ճարպի կաթիլներ։

Ախտապատճառները։ Հիվանդության հարուցիչը, ըստ երևույթին, նվազ ախտածին թարախակոկերն են, որոնք մշտապես բնակվում են մաշկի մակերեսի վրա, մասնավորապես մազապարկերի բացվածքներում։ Որոշ հեղինակների հաջողվել է փորձարարական եղանակով մարդկանց մոտ առաջացնել սեբորեային էկզեմա՝ գլխի մազածածկ մասի ու կրծոսկրի շրջանի մաշկի մեջ օվալաձև պիտիրոսպորումի մաքուր կուլտուրան պատվաստելու միջոցով։ Հիվանդության զարգացմանը նախատրամադրող պատճառ են հանդիսանում ճարպագեղձերի արտազատիչ գործունեության խանգարումները, որոնք հանգեցնում են մաշկային ճարպի բակտերիցիդ հատկությունների իջեցմանն ու մաշկի մակերեսի թթվայնության պակասեցմանը։

Ախտորոշումը։ Տարբերական ախտորոշման տեսակետից պետք է նկատի ունենալ էկզեմատիդը, որից սեբորեային էկզեման տարբերվում է թեփերի յուղոտ բնույթով, քերելու ժամանակ մանր կետային քերծվածքների բացակայությամբ և յուրահատուկ տեղադրումով, ինչպես նաև թեփատու որքինը, որը տարբերվում է ավելի առատ՝ թեփատումով, բորբոքային ինֆիլտրատի առավել արտահայտվածությամբ ու ախտանիշների եռյակի առկայությամբ։

Բուժումը։ Լավագույն արդյունքներն է տալիս 5-10%-անոց ծծմբային օծանելիքի, ծծմբային թափահարվող կախուկի կամ սպիտակ նստվածքային սնդիկի (2-5%-անոց) ու սալիցիլաթթվի (1-2%-անոց) քսուքը։ Կրկնումների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է բուժել հիմնական սեբորեային պրոցեսը, ախտահարված տեղամասերի մաշկը շփելու համար երկար ժամանակ օգտագործելով 2%-անոց սալիցիլային կամ ռեզորցինային սպիրտ։ Խորհուրդ է տրվում նաև նշանակել B6 վիտամին (պիրիդոքսին) միջմկանային սրսկումների ձևով (5%-անոց լուծույթից 1 մլ, ամեն օր, 20-30 սրսկում) կամ per os զուգորդված B2 վիտամինի հետ (Pyridoxini 0,025, Riboflavin 0,01, Sacchari albi 0,3, M. D. S 1-ական փոշի օրական 2-3 անգամ)։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին