Էխինոկոկի թոքային շրջանն է, երբ այն որպես պարազիտ տեղակայվում է թոքերում։ Ըստ հաճախականության թոքի էխինոկոկը երկրորդ տեղում է գտնվում՝ լյարդի էխինոկոկից հետո։ Վարակումը սովորաբար կատարվում է հիվանդ շների արտաթորանքից։ Պարազիտի ձվերը բերանով անցնում են ստամոքսաաղիքային տրակտ, շատ հազվադեպ՝ շնչական ուղիներ։ Աղիքներից պարազիտի թրթուրները դռներակային համակարգով, ստորին սիներակով և սրտի խոռոչներով անցնում են թոքերի մազանոթների մեջ։ Այդ է պատճառը, որ թոքերում գոյացող բշտերը, որպես կանոն, տեղակայվում են նրանց ծայրամասային բաժիններում։ Էխինոկոկային բուշտը միաբուն պարկ է, որը լցված է հեղուկով և շրջապատված է երկշերտ պատյանով։ Բշտապարկի չափերը լինում են կորեկի հատիկից մինչև նորածնի գլխի մեծության։ Բուշտը դանդաղ է աճում և կենսունակությունը պահպանում է երկար տարիներ։ Պարազիտի ոչնչացման դեպքում բշտապարկը սպիանում է և կրակալվում։ Զարգացող բուշտը կարող է պատռվել, և նրա պարունակությունը թափվում է կամ շնչական ուղիները, կամ արյունատար հունը, կամ էլ պլևրային խոռոչը։ Դատարկված բուշտը կարող է փոխարկվել թարախակույտի։

Հիվանդության կլինիկական ընթացքում առանձնացվում են երեք շրջան.
1. Առաջին շրջանն ընթանում է առանց ախտանիշների և ընդգրկում է վարակման պահից մինչև հիվանդության նշանների զարգացման ժամանակահատվածը։ Այդ շրջանը երեխաների մոտ սովորաբար երկարատև չէ և տևում է 1-2 տարի։
2. Երկրորդ շրջանը հիվանդության ախտանիշների զարգացման շրջանն է և արտահայտվում է բշտի աճմանը զուգընթաց։
3. Երրորդ շրջանը բշտի բարդությունների շրջանն է, որն արտահայտվում է թարախակալումով, բշտի պարունա-կության անցումով դեպի բրոնխը կամ հարևան օրգանները։

Երեխայի օրգանիզմում պարազիտի առկայությունն արտահայտվում է ընդհանուր թունավորման և ալերգիայի նշաններով՝ նիհարումով, հոգնածությամբ, սրտխառնոցով, մաշկացանով և այլն։ Արյան քննության տվյալներով նշվում է հիպոքրոմ սակավարյունություն, էոզինոֆիլիա (մինչև 15-20%), ԷՆԱ-ի արագացում։ Բշտի չափերի մեծացման հետ հնարավոր է թոքի այս կամ այն հատվածի ատելեկտազ։ Կարող են նկատվել նաև չոր հազ, հևոց, պլևրիտի նշաններ։ Պատռված բշտի պարունակությունը բրոնխի մեջ անցնելիս սկիզբ է առնում տանջալից հազ, հանկարծակի հևոց, փսխում։ Բրոնխներից թափանցիկ ջրային կամ թարախային հեղուկի ձևով դուրս է ժայթքում էխինոկոկային բշտի պարունակությունը, որի մեջ կարող են էխինոկոկի բեկորներ լինել (թաղանթների կտորներ և այլն)։ Արյունախխում հազվադեպ է լինում։ Ռենտգենաբանորեն էխինոկոկի բուշտը բնորոշվում է հստակ սահմանազատված միատարր կլոր ստվերով։ Տարբերակիչ ախտորոշումը կատարվում է բնածին բշտի (կիստայի), տուբերկուլոզի, թարախակույտի, թոքի ուռուցքի հետ։ Ախտորոշման նպատակով օգտագործվում են ալերգիկ ռեակցիաներ (Կացոնիի վաղ դրական ռեակցիան՝ արյան մեջ 2-րդ օրը էոզինոֆիլների քանակի ավելացում։ Կացոնիի ռեակցիան կրկնելու դեպքում կարող է զարգանալ անաֆիլաքսային ռեակցիա) և շճաբանական ռեակցիաները։ Էխինոկոկային բշտի թարախակալումն ուղեկցվում է թոքի հարակից բաժինների բորբոքումով և պնևմոսկլերոզի ու բրոնխոէկտազների առաջացումով։

Բուժումը։ Վիրահատական է։ Ժամանակին կատարված վիրահատումը թույլ է տալիս խուսափել հնարավոր լուրջ բարդություններից և հիվանդները մեծ մասամբ առողջանում են։ Անհրաժեշտ է կատարել պարբերական ռենտգենքննություն, քանի որ նոր բշտերի առաջացումը տեղի է ունենում առանց կլինիկական նշանների։ Նոր բշտերի առաջացման դեպքում պետք է կրկնակի վիրաբուժական միջամտություն կատարել։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին