Եղնջացանը բնորոշվում է լավ եզրագծված, էրիթեմատոզ, շոշափելի, քոր եկող տարրերով, որոնք գունատ են կենտրոնում: Այս տարրերը տարբեր են չափերով և ձևով և կարող են լինել տեղային կամ գեներալիզացված: Նրանք կարող են մաշկի ցանկացած հատվածում առաջանալ և տևել մինչև մի քանի ժամ: Կվինկեի այտուցը` անգիոնևրոտիկ այտուցը, ենթամաշկային կամ ենթալորձաթաղանթային հյուսվածքների այտուցն է: Այն սովորաբար դեմքին է  տեղակայվում, բայց երբեմն կարող է տեղակայվել վերջույթներին: Լեզվի կամ կոկորդի այտուցը կարող է բերել շնչառական խանգարումների: Բնակչության մոտավորապես 20%-ը կյանքում առնվազն մեկ անգամ ունենում է եղնջացան և Կվինկեի այտուց:
Սուր եղնջացանի և այտուցի ժամանակ ախտահարումները հայտնվում են արագ` րոպեների ընթացքում, և անհայտանում ժամերի ընթացքում` չթողնելով որևէ հետք: Մեկ կամ մի քանի դրվագներ կարող են լինել, բայց եթե նրանք շարունակվում են 6 շաբաթից ավել, ապա դասակարգվում են որպես խրոնիկական եղնջացան: Սուր եղնջացանը/Կվինկեի այտուցը ավելի տարածված է երեխաների և երիտասարդների մոտ ու հաճախ IgE-միջնորդված են:

Ախտաֆիզիոլոգիան

Եղնջացանի ախտաֆիզիոլոգիայի հիմքում պարարտ բջիջների ակտիվացումն ու հատիկազերծումն է ընկած իմունաբանական և ոչ իմունաբանական մեխանիզմներով` հիստամինի և այլ միջնորդանյութերի ձերբազատմամբ: Հիստամինը ունի անմիջական ազդեցություն արյան անոթների H1–ընկալիչների վրա` բերելով անոթալայնացման և անոթաթափանցելիության աճի, որի հետևանքով էլ ենթամաշկային և ենթալորձաթաղանթային այտուցի առաջացման: Այն նաև խթանում է մաշկային նյարդավերջույթները` առաջացնելով քոր և աքսոն ռեֆլեքսը առաջացնում է արտահայտված  պատասխան:
Հյուսվածքաբանական պատկերը առաջանում է ի շնորհիվ մաշկային արյունատար և ավշային անոթների լայնացման և էոզիլոֆիլային ինֆիլտրատի առաջացման: Սա բերում է հեղուկի արտահոսք` դերմայի պտկիկների լայնացմամբ, մատնահետքերի հարթեցմամբ և կոլագենային թելերի այտուցով:

Ախտորոշումը


Եղնջացանը և Կվինկեի այտուցը բժիշկների և հիվանդների համար հուզող խնդիրներ են, քանի որ պատճառը կարող է ակնհայտ չլինի: Մանրակրկիտ հիվանդության պատմություն հավաքելը և ֆիզիկական քննությունը կարող են օգնել պատճառը գտնելուն: Անմիջապես ցանի առաջացմանը նախորդող դեպքերը, ինչպիսիք են սննդի կամ դեղի ընդունումը, միջատի խայթոցը կամ քիմիական գրգռիչ նյութի հետ շփումը, պետք է մանրազնին ուսումնասիրվեն: Ոչ մի հետազոտություն չի կարող հայտնաբերել սուր եղնջացանի և այտուցի պատճառը, բայց համապատասխան անամնեզի առկայությունը սպեցիֆիկ IgE-ի հայտնաբերումը մաշկային թեսթով կամ RAST անալիզով, կարող է օգնել:  Կարող է նաև ցուցված լինել այլ թեսթերի անցկացումը, ինչպիսիք են հրահրիչ փորձերը, փաթչ թեսթը և ներմաշկային թեսթը: Չնայած մանրամասն անամնեզ հավաքելուն և համապատասխան հետազոտություններին` առաջացման պատճառը մոտավորապես 50% դեպքերում մնում է անորոշ:

Պատճառները

Երեխաների մոտ սուր վիրուսային վարակների և եղնջացանի միջև կա կապ
Սուր եղնջացանը և այտուցը նաև անաֆիլակտիկ կամ անաֆիլակտոիդ ռեակցիաների բնորոշ դրսևորումներ են: Այս դեպքում պատճառները նման են անաֆիլաքսիայի պատճառներին և ներառում են սնունդը, դեղերը, լատեքսը, միջատի խայթոցը և այլն: որոշ դեպքերում պատճառը չի հայտնաբերվում (իդիոպաթիկ անաֆիլաքսիա):

Սննդային ալերգիան սուր եղնջացանի և Կվինկեի այտուցի կարևոր պատճառներից է: Այն սովորաբար IgE-միջնորդված մեխանիզմով է: Միայն անամնեզը կարող է բավարար լինել ախտորոշման համար, եթե հաստատվում է պատճառահետևանքային կապը, այսինքն ռեակցիան առաջանում է սննդի ընդունումից քիչ անց, մեկից ավելի անգամներ: Եղնջացանի և այտուցի հաճախակի սննդային գործոններն են կաթը, ձուն, ձուկը, ընկուզեղենը և մրգերը: Եթե կասկած կա, ապա սննդի օրալ  հրահրման փորձ է արվում կամ կասկածելի սննդամթերքի կամ սննդահավելումի բացառման ստանդարտ  գործընթաց է կատարվում: Սա միայն համապատասխան բժշկական հսկողությամբ պիտի արվի: Ձվի, գետնանուշի կարգի սննդամթերքի հանդեպ մաշկային դրական փորձերը օգնում են ախտորոշման հաստատմանը, եթե առկա է համապատասխան անամնեզ, մինչդեռ բացասական մաշկային թեսթը անհավանական է դարձնում IgE-միջնորդված ալերգիայի առկայությունը:

Դեղերը սուր եղնջացանի և Կվիկեի այտուցի այլ կարևոր պատճառներ են: Հակաբիոտիկները և ցիկլօքսիգենազայի պաշարիչները, ինչպիսիք են ասպիրինը և մյուս ոչ ստերոիդային հակաբորբոքիչ դեղերը (ՈՍՀԲ) դեղերը, հաճախ են հանդես գալիս որպես պատճառական գործոն: Այնուամնեայնիվ, մի շարք դեղեր, ներառյալ միզամուղները, հակահիպերտենզիվները, տրանկվիլիզատորները և մկանային ռելաքսանտները կարող են առաջացնել ռեակցիա: Դեղով խթանված եղնջացանը սովորաբար IgE-միջնորդված է, բայց որոշ դեղեր անմիջապես ազդում են պարարտ բջիջների վրա: Դրանցից են մորֆինը, կոդեինը և ռադիոկոնտրաստային նյութերը:  Ասպիրինից և ՈՍՀԲ-երից առաջացած եղնջացանը առաջանում է պրոստագլանդինների և լեյկոտրիենների միջև հավասարակշռության խախտման հետևանքով: Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտների (ԱՓՖ) պաշարիչներից առաջացած եղնջացանը հավանաբար բրադիկինինի կուտակման հետևանքով է, որն առաջանում է նրա քայքայման պակասեցման արդյունքում: Հազվադեպ ձու պարունակող պատվաստանյութերը կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա  ձվի հանդեպ ալերգիկ մարդկանց մոտ:

Ինհալացիոն ալերգենը սովորաբար չի առաջացնում եղնջացան: Այնուամենայնիվ, ծաղկափոշու կամ կատվի թեփի հանդեպ խիստ գերզգայուն անձանց մոտ կարող է զարգանալ եղնջացան` ուղղակի շփումից: Լատեքսի հանդեպ ալերգիան կարող է առաջացնել եղնջացան և մաշկին հպման, և լատեքսի ալերգենի ինհալացիայի հետևանքով:

Բուժումը

Եղնջացանի առաջացման պատճառը հնարավորության դեպքում պետք է հայտնաբերել և շփումը նրա հետ բացառել: Սուր դրվագները սովորաբար ինքնուրույն ավարտվում են: Մաշկի վրա հիստամինի ազդեցությունը կարող է պաշարվել հակահիստամինային դեղերով: Ոչ սեդատիվ կամ թույլ սեդատիվ երկրորդ սերնդի դեղերը ունեն ապացուցված արդյունավետություն այս դեպքերում: Երկարաձգված կամ մշտական եղնջացանի/այտուցի դեպքում ի լրումն հակահիստամինների` ներքին ընդունման ստերոիդների կարճ կուրս կարելի է անցկացնել: Համակարգային ստերոիդների երկարատև օգտագործումից պետք է խուսափել` նրանց նշանակալի կողմնակի ազդեցությունների պատճառով: Եթե կան կյանքին վտանգ սպառնացող նշաններ, ինչպես օրինակ` կոկորդի այտուցը կամ անաֆիլաքսիան, ապա  օգտագործվում է ադրենալին (էպինեֆրին) `սակայն ծերերի մոտ խիստ զգուշությամբ` զուգահեռ ընթացող սրտի իշեմիկ հիվանդության հնարավորության պատճառով: