Խրոնիկական ռեցիդիվող եղնջացանը սահմանվում է որպես եղնջացանի հաճախակի դրվագների առաջացում, որը շարունակվում է ավելի քան 6 շաբաթ: Ցանը, որպես այդպիսին, չի տարբերվում սուր եղնջացանի ցանից (էրիթեմատոզ, քորվող բնորոշ տարրեր), բայց առանձին տարրերը կարող են մնալ ավելի քան 12 ժամ: անգիոնեվրոտիկ այտուցը (Կվինկեի այտուց) ենթամաշկային և ենթալորձաթաղանթային հյուսվածքների այտուցն է, որը հատկապես տեղակայվում է դեմքի, լեզվի և շուրթերի շրջանում: Կվինկեի այտուցը հանդիպում է եղնջացանով հիվանդների մոտավորապես  50%-ի մոտ, չնայած երբեմն այն կարող է առանձին հանդիպել: Խրոնիկական եղնջացանի հետ հանդիպող Կվինկեի այտուցը հազվադեպ է կյանքին վտանգ սպառնում: Այս ախտաբանությունը ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ, քան երեխաների: Չնայած տարածված կարծիքին, հիվանդների մեծ մասը ալերգիկ չեն օտար որևէ նյութի հանդեպ: Հիվանդությունը սովորաբար ինքնուրույն է ավարտվում, ունի ռեմիսիաներով և ռեցիդիվներով ընթացք տարբեր տևողությամբ` ամիսներից մինչև տարիներ: Ռեցիդիվը կարող են հրահրել վարակները, դեղերը, սթրեսը կամ մենստրուացիան:

Ախտաֆիզիոլոգիան


Մաշկի պարարտ բջիջները խաղում են կենտրոնական դեր խրոնիկական եղնջացանի առաջացման գործում` ձերբազատելով հիստամին և այլ միջնորդանյութեր: Եղնջացանի բոլոր ձևերի ժամանակ հիստամինը ամենաէական միջնորդանյութն է: Այնուամենայնիվ, այլ միջնորդանյութեր էլ են ներգրավվում, ինչպես օրինակ` լեյկոտրիենները: Հիստամինը առաջացնում է քոր և անոթների թափանցելիության աճ, որը բերում է տեղայնացված եղնջայտուցների առաջացման: Այլ բորբոքային բջիջներ` լիմֆոցիտներ, էոզինոֆիլներ և նեյտրոֆիլներ, նույնպես մասնակցում են գործընթացին: Նեյտրոֆիլները ցանի առաջացման վաղ փուլում են կուտակվում, իսկ էոզինոֆիլները ավելի երկար կարող են մնալ:
Ենթադրվում է, որ իդիոպաթիկ եղնջացանով հիվանդների մոտ 30%-ի  հիմքում ընկած է աուտոիմունային գործընթացը: Այս հիվանդների մոտ IgE-ի բարձր խնամակցության ընկալիչների (FcεR1) հանդեպ հայտնաբերվում են IgG հակամարմիններ կամ երբեմն էլ IgE-ի հանդեպ հակամարմիններ, հնարավոր է նաև երկուսի միաժամանակյա առկայությունը: Այս ֆունկցիոնալ հակամարմինները բերում են պարարտ բջիջների և բազոֆիլների ակտիվացմանը FceR1 ինկալիչի միջոցով` նպաստելով եղնջացանի առաջացմանը: Աուտոհակամարմին-դրական և բացասական հիվանդները կլինիկորեն չեն տարբերվում իրարից, այն բացառությամբ, որ հակամարմինների առկայությունը հիվանդությանը ավելի ծանր ընոացք է տալիս:

Պատճառները


Խրոնիկական եղնջացանի և Կվինկեի այտուցի պատճառները կարող են բազմազան լինել, չնայած դեպքերի գրեթե 60%-ում պատճառները անհայտ են մնում(իդիոպաթիկ եղնջացան): Պատճառներից շատերը նույնն են ինչ սուր եղնջացանինը: Իհարկե, եթե սուր եղնջացանի դրվագները շարունակվում են ավելի քան 6 շաբաթ, ապա ըստ սահմանման դա համարվում է արդեն խրոնիկական եղնջացան: Մի շարք գործոններ են հայտնի, այդ թվում` սննդի անտանելիությունը, դեղերի կողմնակի էֆեկտները, աուտոիմուն հիվանդությունները, ֆիզիկական գործոնները, քիմիական նյութերի հետ շփումը և որոշ վարակներ, ինչպիսիք են Helicobacter pylori-ն:

Ֆիզիկական գործոնները

Բոլոր դեպքերի 1/5-րդ մասը կազմում է ֆիզիկական գործոններից առաջացած եղնջացանը: Կա ֆիզիկական եղնջացանի մի քանի տեսակներ: Դերմոգրաֆիզմի դեպքում, մաշկին ուժեղ գիծ տանելուց առաջանում է եղնջայտուց, իսկ ուշացած տիպի ճնշման եղնջացանի դեպքում այտուցը առաջանում է երկարատև ազդեցության տեղում, օրինակ` նստատեղի վրա: Խոլիներգիկ եղնջացանը  ունի տարածված ցանի տեսք, որն առաջանում է ֆիզիկական վարժություններից, հուզմունքից, ջերմության ազդեցությունից` խոլիներգիկ նյարդերի չափից ավելի խթանման արդյունքում: Այլ տարբերակներ են ակվագեն (ջրի ազդեցությամբ առաջացած եղնջացան), արևային (արևի ազդեցությունից) և ցրտային (ցրտի ազդեցությունից) եղնջացաները:
Մեկ անհատի մոտ մեկից ավելի գործոններ կարող են առաջացնել եղնջացանը: Ցանը շատ հեշտությամբ է առաջանում գերզգայուն մարդու մոտ և սովորաբար տևում է 1 ժամից պակաս: Ծանր դրվագների դեպքում կարող են առաջանալ համակարգային երևույթներ, ինչպիսիք են կարմրությունը, գլխապտույտը, գլխացավերը և անգամ հիպոտենզիան: Պատճառական ֆիզիկական գործոնի հայտնաբերելը կարևոր է հետագայում նրանրց խուսափելու համար:

Սնունդը

Սննդային հավելումները խրոնիկական եղնջացանի դեպքերի 10-20%-ի պատճառն են հանդիսանում: Երեխաների մոտ կոնսերվանտները, ինչպես օրինակ` բենզոատները և գունավորող գործոնները խաղում են ավելի մեծ դեր, քան մեծահասակների մոտ, ում մոտ հիմնական պատասխանատուն մրգերի և բանջարեղենների մեջ բնականում առաջացող պսևդոալերգեններն են, օրինակ` սալիցիլատները: IgE-միջնորդված սննդային ալերգիան (օր.` ձկան և ընկույզների հանդեպ) հազվադեպ է առաջացնում խրոնիկական եղնջացան: Դա կարող է պատահել բազմաթիվ սննդամթերքների հանդեպ գերզգայուն մարդկանց մոտ պատահաբար, երբ չնայած խուսափմանը` հիվանդը հաճախակի է ենթարկվում ալերգենի ազդեցությանը:

Դեղերը

Որոշ հիվանդների մոտ այնպիսի դեղեր, ինչպիսիք են ասպիրինը, խինինը, օփիատները և քլորտետրացիկլինը պարարտ բջիջների անմիջական հատիկազերծում է առաջացնում:

Կոնտակտային քիմիական նյութերը

Եղնջայտուցը առաջանում է շփման տեղում, օրինակ դեմքը` հարդարման պարագաների դեպքում և ձեռքերը` լվացող նյութերի դեպքում: Մի շարք քիմիական նյութեր են առաջացնում եղնջացան` ներառյալ բույսերը, հարդարման նյութերը, տնային ապրանքները և արդյունաբերական քիմիական նյութերը: Փաթչ թեսթով կոնտակտային եղնջացանի առաջացումը բարձրացնում է նույն ալերգենի հանդեպ դանդաղեցված ռեակցիայի հավանականությունը: