Նկարագրություն

Եղնջացանն իրենից ներկայացնում է հիվանդություն, որը բնորոշվում է մաշկի, լորձաթաղանթների վրա բշտիկների առաջացմամբ: Բշտիկները նման են եղինջով դաղելուց առաջացած գոյացությունների։

Պատճառներ

Եղնջացանն առաջանում է ալերգիական հակազդեցությունների հետևանքով, ինչպես նաև որոշ սննդամթերքների, դեղերի, միջատների կծելու հանդեպ օրգանիզմի գերզգայնությունից։ Հիվանդությունը կարող է առաջանալ պենիցիլին, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, քինին օգտագործելու հետևանքով առաջացրած սուր ալերգիական հակազդեցությունից: Այդ հակազդեցությունը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր։

Քրոնիկական, նաև հաճախ պարբերաբար վերսկսվող եղնջացանը կապված է լյարդի, երիկամների, ստամոքսաղիքային հիվանդությունների հետ: Այն սերտ կապված է նաև նյութափոխանակության խանգարումների, որդերի կամ դանդաղ ընթացող հարուցիչի օջախների, քթի հավելյալ ծոցերի և այլ քրոնիկական բորբոքումների գոյության հետ: Քրոնիկական եղնջացանը կարող է առաջանալ ցածր կամ բարձր ջերմաստիճանի նկատմամբ օրգանիզմի դրսևորած գերզգայնությունից։

Քրոնիկական եղնջացանի ժամանակ օգտակար են առողջարանային բուժումը, ծովում լողանալը, օդային և արևային լոգանքները: Այն դեպքում, երբ բշտիկների առաջացումը իր հետ բերում է ջերմաստիճանի բարձրացում, պետք է անհապաղ դիմել բժշկի: