Եղջրենու դիստրոֆիաներն իրենցից ներկայացնում են բիլատերալ, սիմետրիկ և ժառանգական հիվանդություններ: Տարբերում են էպիթելիալ, ստրոմալ և էնդոթելիալ դիստրոֆիաներ, որոնցից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ տեսակներ: Էպիթելիալ դիստրոֆիաներից առավելապես հանդիպում են Կոգանի միկրոկիստոզ դիստրոֆիան: Ստրոմալ դիստրոֆիաներից առավելապես հանդիպում են գրանուլյար, մակուլյար և լատիս դիստրոֆիաները: Էնդոթելիալ դիստրոֆիաներից առավելապես հանդիպում է Ֆուքսի դիստրոֆիան:

Կոգանի միկրոկիստոզ դիստրոֆիան

բնորոշվում է էպիթելիալ շերտում բիլատերալ, կիստայանման, կետանման և մատնահետքերի նմանվող օջախներով: Մինչ 30 տարեկանը հիվանդները սովորաբար ասիմպտոմատիկ են, սակայն հետագայում նրանց մոտ զարգանում են ռեցիդիվող էրոզիաներ: Այս դիստրոֆիայի պատճառն էպիթելի բազալ մեմբրանի դեֆեկտն է:

Գրանուլյար դիստրոֆիան

ժառանգվում է աուտոսում դոմինանտ ձևով և սովորաբար դրսևորվում է կյանքի առաջին տասնամյակում՝ չնայած հիվանդները գանգատվում են տեսողության վատացումից կյանքի 3-ից 4րդ տասնամյակներում: Կլինիկորեն դրսևորվում է սպիտակամոխրագույն, հստակ սահմաններով օջախների առկայությամբ կենտրոնական եղջրենում` առաջային ստրոմայում: Հիստոլոգիապես ներկայացնում է հիալինի կուտակում (դեպոզիցիա): Բուժումը կայանում է ֆոտոթերապևտիկ կերատոտոմիայի կամ եղջրենու փոխպատվաստման մեջ:

Մակուլյար դիստրոֆիան

ժառանգվում է աուտոսում ռեցեսիվ ձևով և ընդգրկում է ինչպես կենտրոնական, այնպես էլ պերիֆերիկ եղջրենին: Կլինիկորեն դրսեվորվում է բազմաթիվ մոխրագույն, աղոտ սահմաններով օջախների առկայությամբ: Հիստոլոգիապես իրենից ներկայացնում է մուկոպոլիսախարիդների կուտակում ստրոմայում, որոնք արդեն նկատելի են դառնում 3-ից 4 տարեկան հասակում: Բուժումը նույնն է, ինչ գրանուլյար դիստրոֆիայի դեպքում:

Լատիս դիստրոֆիան

ժառանգվում է աուտոսոմ դոմինանտ ձևով: Կլինիկորեն դրսևորվում է ճյուղավորված թելանման գծերի առկայությամբ ստրոմայում: Հիստոլոգիապես իրենից ներկայացնում է ամիլոիդի կուտակում: Կարող է ընդգրկել ինչպես կենտրոնական, այնպես էլ պերիֆերիկ եղջրենին: Բուժումը նույնն է, ինչ նախորդ ստրոմալ դիստրոֆիաներինը:

Ֆուքսի էնդոթելիալ դիստրոֆիան

ժագանգվում է աուտոսում դոմինանտ ձևով և իր բնույթով պրոգրեսիվող է: Հիվանդները սիմպտոմատիկ են դառնում մեծահասակ տարիքում: Կլինիկական նշաններից են գուտատաների (Guttata) առկայությունը, որոնք իրենցից ներկայացնում են դեսցեմենտյան մեմբրանի հիալինային արտազատուկներ: Հիվանդության հիմքում ընկած է էնդոթելի դիսֆունկցիան, որը հանգեցնում է եղջրենու ստրոմայի և էպիթելի այտուցի: Երկարատև այտուցի հետևանքով առաջանում են բուլլաններ էպիթելում, որոնք պայթում են, առաջացնում ցավ, դիսկոմֆորտ, արցունքահոսություն: Բուժումը կայանում է էնդոթելիալ կերատոպլաստիկայի մեջ: Եղջրենու էքտազիաներ:

Եղջրենու էքտազիաներն իրենցից ներկայացնում են հիվանդություններ, որոնց ժամանակ եղջրենու կորությունը փոփոխված է: Այսօր վիճելի է համարվում, նրանք պատկանում են դիստրոֆիաներին, թե դեգեներացիաներին: Նրանցից առավել հաճախ հանդիպում են կերատոկոնուսը և կերատոգլոբուսը:

Կերատոկոնուսը

բավականին հաճախ է հանդիպում: Այս հիվանդության ժամանակ եղջրենու կենտրոնական կամ հարկենտրոնական հատվածը պրոգրեսիվորեն բարակում է և արտափքվում, որի հետևանքով եղջրենին ստանում է կոնի տեսք: Հիվանդությունը բիլատերալ է 85% դեպքում: Դրսևորվում է սովորաբար պատանեկան հասակում: Այն առաջացնում է արտահայտված միոպիկ անկանոն աստիգմատիզմ, որի պատճառով տեսողությունը զգալի վատանում է: Կոնի գագաթը սովորաբար եղջրենու կենտրոնական հատվածից փոքր ինչ ցած է գտնվում: Ճեղքային լամպով դիտելիս երևում է եղջրենու բարակեցումը, կոնի գագաթի հատվածում սպիական պղտորումը, կոնի հիմքի շրջանում շագանակագույն օղի առկայությունը` Ֆլեյշեռի օղ (իրենից ներկայացնում է հեմոսիդերինի դեպոզիցիա էպիթելում), ստրոմայի ստրեսային գծերը (Stress lines)` Վոգտի գծեր: Տեսանելի են դառնում եղջրենու նյարդաթելերը: Կարող է տեղի ունենալ դեսցեմենտյան թաղանթի պատվածք, որը կհանգեցնի հիդրոպսի` հեղուկի կուտակոման ստրոմայի մեջ: Հազվադեպ դեպքերում կարող է տեղի ունենալ եղջրենու պերֆորացիա: Կերատոկոնուսը կարող է զուգակցվել գարնանային կատարի, ատոպիկ դերմատիտի, Դաունի և Մարֆանի սինդրոմների հետ: Հիվանդության բուժումը վաղ շրջանում կայանում է ակնոցների և կոնտակտային լինզաների կրման մեջ: Ուշ ստադիաներում կատարվում է եղջրենու փոխպատվաստում` կերատոպլաստիկա:

Կերատոգլոբուսը

խիստ հազվադեպ է հանդիպում: Բիլատերալ է, առկա է ծննդյան պահին: Այն չի պրոգրեսիվում: Իրենից ներկայացնում է եղջրենու գլոբուսային արտափքում, դիտվում է եղջրենու գեներալիզացված բարակեցում : Կարող է զարգանալ դեսցեմենտյան թաղանթի սպոնտան պատռվածք և հիդրոպս , Վոգտի գծեր չեն դիտվում: Առաջային խցիկը զգալի խորն է, առաջանում է բարձր կարճատեսություն (եղջրենու բեկման ուժը սովորաբար 50-60 դիոպտրիա է կազմում): Ցուցված է ակնոցների նշանակում ամբլիոպիայից հնարավորինս խուսափելու համար: Եղջրենու փոխպատվաստման պրոգնոզը, ի տարբերություն կերատոկոնուսի, շատ ցածր է:

Եղջրենու բնածին անոմալիաներին

են պատկանում միկրոկորնեան, մեգալոկորնեան, հարթ եղջրենին (Cornea plana),Փիթերի անոմալիան (Peter՛s anomaly), եղջրենու դերմոիդը: