Սոմատիկ հիվանդության ծանր, ձգձգվող ընթացքը կարող է նպաստել սիմպտոմատիկ պսիխոզների երկարատև ձևերի առաջացմանը, ընդհուպ մինչև 2-3 ամիս։ Այդ պսիխոզները ավարտվում են երկարատև ծանր ասթենիայով, իսկ երբեմն կարող է զարգանալ պսիխոօրգանական համախտանիշ։ Պսիխոօրգանական համախտանիշը բնորոշվում է Վալտեր-Բյուելի տրիադայով՝ հիշողության թուլացում, դատողությունների իջեցում, աֆեկտիվ անկայունություն։ Առանձնացնում են այս համախտանիշի հետևյալ տարբերակները.

Ասթենիկ. արտահայտվում է հոգեկան և ֆիզիկական թուլությամբ, դյուրհոգնելիությամբ, ուշադրության հյուծվածությամբ, հիշողության թուլացմամբ, ցածր աշխատունակությամբ։

էքսպլոզիվ. Այս տարբերակի դեպքում ամենաարտահայտված ախտանիշը աֆեկտիվ անկայունությունն է։ Հիվանդները զայրացկոտ են, հակված դիսֆորիկ պոռթկումների և ագրեսիվ վարքագծի։

էյֆորիկ. Այս դեպքում հիվանդները անհոգ են, երջանիկ, առանց քննադատական վերաբերմունքի իրենց իրական վիճակի նկատմամբ։

Ապաթիկ. Հիվանդներն անտարբեր են թե իրենց անձի, թե շրջապատի նկատմամբ։

Ձգձգված սիմպտոմատիկ պսիխոզներին բնորոշ են նաև դեպրեսիվ, մանիակալ, հիպոխոնդրիկ, շիզոֆրենանման (ցնորազառանցանքանման և կատատոնանման) պատկերով։ Հիվանդությունն ընթանում է հուզական անկայունությամբ, դյուրագրգռությամբ, հոգեկան արագ հյուծվածությամբ, սոմատո-վեգետատիվ խանգարումներով։ Լաբորատոր քննության տվյալները բավականին դյուրացնում են տարբերակիչ ախտորոշման հարցը։

«էկզոգեն» և «Էնդոգենանման» բնույթ ունեցող հոգեկան խանգարումներից բացի, որոշ սոմատիկ և վարակիչ հիվանդություններ կարող են նպաստել այնպիսի էնդոգեն պսիխոզների զարգացմանը, ինչպիսիք են շիզոֆրենիան և բիպոլյար պսիխոզը։ Նման դեպքերում սիմպտոմատիկ պսիխոզը նախորդում է էնդոգեն պսիխոզին անմիջապես կամ երբեմն մեկից մինչև մի քանի ամիս առաջ՝ դառնալով այդ էնդոգեն հիվանդության առաջացմանը օժանդակող կամ պրովոկացիայի ենթարկող գործոն։ Այս հարցում որոշակի նշանակություն ունի նաև կանխատրամադրվածությունը։ Սիմպտոմատիկ պսիխոզները առավելապես հանդիպում են ռևմատիզմի, բրուցելոզի, մալարիայի, բծավոր և որովայնային տիֆի, կատաղության, էնցեֆալիտների, ՁԻԱՀ-ի, ուղեղի սիֆիլիսի ժամանակ։ Սոմատիկ ոչ վարակիչ հիվանդություններից պետք է նշել սրտամկանի ինֆարկտը, լյարդի և երիկամների հիվանդությունները, թոքերի տուբերկուլյոզը, չարորակ ուռուցքները, չարորակ անեմիան, հետծննդյան պսիխոզները։

Սիմպտոմատիկ պսիխոզների բուժումը։ Սիմպտոմատիկ պսիխոզների բուժումն անց է կացվում համալիր ձևով, որտեղ առաջնա¬կարգ տեղ է տրվում հոգեկան խանգարում առաջացնող պատճառի (սոմատիկ կամ ինֆեկցիոն հիմնական հիվանդության) վերացմանը։ Այդ տեսակետից հիվանդը մշտապես պետք է գտնվի թերապևտի, սրտաբանի, էնդոկրինոբանի, ինֆեկցիոնիստի, հոգեբույժի կամ համապատասխան այլ մասնագետ-բժշկի հսկողության տակ։ Քանի որ պսիխոզի սուր շրջանում հիվանդը վտանգավոր կարող է լինել ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, ուստի նրան պետք է մեկուսացնել և ապահովել շուրջօրյա հսկողությամբ։ Պսիխոզի ձգձգվող ընթացքի դեպքում հիվանդի բուժումն ավելի լավ է կազմակերպել ընդհանուր հիվանդանոցի սոմատոպսիխիկ բաժանմունքում: Պսիխոզի բուժումն կատարվում է համախտանշաբանական («սինդրոմոլոզիական») սկզբունքով։ Հաշվի առնելով, որ սոմատիկ հիվանդությունների ժամանակ հաճախ դիտվում է բարձր զգայունություն նեյրոլեպտիկ դեղամիջոցների հանդեպ, առաջանում են կողմնակի երևույթներ, դրանք պետք է կիրառել ոչ մեծ դեղաչափերով՝ ցուցաբերելով զգույշ, անհատական մոտեցում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին