Ձախ նախասիրտ-փորոքային ստենոզը երեխաների մոտ, որպես կանոն, հանդիպում է այն դեպքերում, երբ ախտաբանական պրոցեսն ունենում է բավական վաղեմիություն և արդեն առկա է երկփեղկ փականի անբավարարությունը։ Ձախ նախասիրտ-փորոքային բացվածքի ստենոզը երեխաների մոտ առանձին ձևով հանդիպում է չափազանց հազվադեպ։ Այս արատի ժամանակ հեմոդինամիկ խանգարումները զարգանում են հետևյալ ձևով, արյունը ձախ նախասրտից նախասիրտ-փորոքային բացվածքով անցնում է ձախ փորոքը։ Դրա հետևանքով նախասրտում տեղի է ունենում արյան կուտակում և ճնշման բարձրացում։ Դիաստոլայի ժամանակ դեպի ձախ փորոքն է անցնում սովորականից ավելի շատ արյուն, որը, բնականաբար, պահանջում է ձախ նախասրտի ուժեղացած աշխատանք։ Ձախ նախասրտի ծանրաբեռնվածության հետևանքով առաջանում է նրա մկանների հիպերտրոֆիա։ Թոքերում աստիճանաբար առաջանում է արյան կանգ և, որպես հետագա էտապ, առաջ է գալիս ձախ փորոքի հիպերտրոֆիա։

Նախասիրտ-փորոքային բացվածքի նեղացումով տառապող երեխաները հաճախ թույլ են լինում, ֆիզիկական զարգացմամբ ետ են մնում իրենց հասակակիցներից։ Բավական հաճախ նկատվում է այտերի, շրթունքների, երբեմն մատների կապտավուն երանգ։ Հիվանդները գրեթե միշտ բողոքում են հևոցից, որն առաջանում է նույնիսկ աննշան ֆիզիկական ծանրաբեռնումից: Երբեմն այդպիսի հիվանդների մոտ դիտվում է հազ՝ թոքերում առաջացած կանգային երևույթների հետևանքով։ Օբյեկտիվ քննության ժամանակ սրտի շրջանի շոշափումը ի հայտ է բերում «կատվի մռռոց»՝ պրեսիստոլիկ դողդողում։ Սրտի սահմանները լայնանում են վեր և, հաճախ, դեպի աջ։ Աջ փորոքի հիպերտրոֆիայի հետևանքով կարելի է տեսնել էպիգաստրալ շրջանի պուլսացիա։ Արժեքավոր ախտորոշիչ տվյալներ են ստացվում սրտի ունկնդրման ժամանակ։ Ստենոզին բնորոշ եռյակ է համարվում դիաստոլային աղմուկը, ուժեղացած (շրխկացող) I տոնը և II տոնի շեշտը թոքային զարկերակի վրա։ Դիաստոլային (պրեսիստոլային կամ պրոտոդիաստոլային) աղմուկը լսվում է սրտի գագաթում կամ V կետում։ Աղմուկը ավելի լավ է լսվում ֆիզիկական ծանրաբեռնվածություն տալուց հետո, ինչպես նաև, երբ հիվանդը պառկում է ձախ կողքին։

Էլեկտրասրտագիրը հայտնաբերում է ձախ նախասրտի հիպերտրոֆիայի նշաններ՝ P ատամիկի ամպլիտուդի բարձրացում, լայնացում և տպաձևում՝ սովորաբար I և II ստանդարտ և կրծքային ձախ արտածումներում։ Ֆոնոսրտագրման քննության ժամանակ հայտնաբերվում է I տոնի ամպլիտուդի բարձրացում, ինչպես նաև նախասիստոլային կամ միջդիաստոլային աղմուկ, որը կարող է ընդգրկել ամբողջ դիաստոլան։ Այս արատի ժամանակ հաճախ գրանցվում է երկփեղկ փականի բացման «չրխկոց», որը պայմանավորված է ձևափոխված երկփեղկ փականի դանդաղած բացումով։ «Չրխկոցն» ականջելիս ընկալվում է որպես II տոնի ճեղքում կամ որպես III լրացուցիչ տոնի առաջացում՝ սրտի գագաթում։ Ֆոնոսրտագրի վրա այն գրանցվում է II տոնից 0,1 վայրկյանից ոչ ավելի հեռավորության վրա։ Ռենտգեննկարի վրա դիտվում է սրտի երկփեղկանի ուրվանկար` ձախ նախասրտի լայնացում, աջ փորոքի մեծացում, թոքային զարկերակի աղեղի արտափքում։

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին