Լեղուղիների տոնուսի և շարժականության ֆունկցիոնալ խանգարումն է, որը լինում է.
1. առաջնային
2. երկրորդային։
Առաջնային դիսկինեզիաները նյարդահումորալ կարգավորող մեխանիզմների խանգարումների (նևրոզ, ներզատական խանգարումներ, ընդհանուր ալերգոզ և այլն) արդյունք են։ Երկրորդային դիսկինեզիաները զարգանում են ստամոքսաաղիքային համակարգի հիվանդությունների հետևանքով և ուղեկցում են նրանց (գաստրիտ, դիզենտերիա, սալմոնելոզ, հեպատիտ և այլն)։
Տարբերում են դիսկինեզիայի 2 հիմնական ձև.
1. հիպերտոնիկ-հիպերկինետիկ
2. հիպոտոնիկ-հիպոկինետիկ։

Շարժումների խանգարման (պերիստալտիկայի) հիպերտոնիկ ձևը բնորոշվում է լեղապարկի գերլարվածությամբ, որը հաճախ զուգակցվում է Լյուտկենսի և Օդդի սեղմակների գերտոնուսով։ Դիսկինեզիայի այս ձևին յուրահատուկ են նոպայաձև բնույթի ցավերը, որոնք, որպես կանոն, կապված են ֆիզիկական լարվածության կամ բացասական հուզումների հետ։ Ցավերը տեղակայվում են աջ թուլակողում, ունեն կծկանքային, ծակող, կտրտող բնույթ։ Ցավային համախտանիշի ընդհատումների ժամանակահատվածում երեխաները սովորաբար գանգատներ չեն ունենում։

Դիսկինեզիայի հիպոտոնիկ-հիպոկինետիկ ձևը բնորոշվում է լեղապարկի և Օդդի սեղմակի հիպոտոնիկ վիճակով։ Այս ձևի դեպքում ցավային համախտանիշը աջ թուլակողում ունի ավելի մշտական և պարբերաբար ուժեղացող բնույթ։ Լեղապարկի շրջանի շոշափման ժամանակ որոշ դեպքերում ոչ ուժեղ ցավոտություն է հայտնաբերվում։ Երեխաների մոտ շատ հաճախ հանդիպում է դիսկինեզիայի հիպոտոնիկ ձևը (Վ.Ա. Աստվածատրյան, Ա.Վ. Մազուրին, Ա.Մ. Զապրուդնով)։ Հիվանդության ախտորոշումը հաստատվում է արտազատվող լեղու լաբորատոր ուսումնասիրությամբ։ Կիրառում են ֆրակցիոն դուոդենալ զոնդավորում։ Առանձնացվում են լեղազատման խանգարման հետևյալ տարբերակները.
1. հիպերտոնիկ,
2. հիպերկինետիկ,
3. հիպոտոնիկ,
4. հիպոկինետիկ։

Պերորալ խոլեցիստոգրաֆիան և ներերակային խոլեգրաֆիան հնարավորություն են տալիս հաստատելու լեղապարկի հիվանդության ֆունկցիոնալ բնույթը։ Հիպերտոնիկ-հիպերկինետիկ ձևի դեպքում լեղամուղ միջոցի կիրառումից հետո լեղապարկի արագացած կծկումներ են հայտնաբերվում։ Հիպոտոնիկ-հիպոկինետիկ ձևի դեպքում լեղապարկը մեծացած է, իսկ նրա դատարկումը՝ դանդաղած։ Լեղուղիների դիսկինեզիաների դեպքում բորբոքային նշանները (տենդ, լեյկոցիտոզ, ԷՆԱ-ի բարձրացում և այլ լաբորատոր ցուցանիշներ) բացակայում են։ Դիսկինեզիայի մասին, որպես հիվանդության ինքնուրույն ձև, կարելի է մտածել այն դեպքերում, երբ լեղապարկում և լեղուղիներում օրգանական փոփոխություններ չեն հայտնաբերվում։ Լեղուղիների երկրորդային դիսկինեզիաներն ուղեկցվում են ստամոքսաաղիքային համակարգի այլ հիվանդություններով և սովորաբար վերանում են միայն հիմնական հիվանդության բուժումից հետո։ Դիսկինեզիաների ընթացքը երկարատև է և ժամանակի ընթացքում` կապված լեղու կանգի հետ, լեղապարկում և լեղածորաններում կարող են զարգանալ բորբոքային պրոցեսներ։

Բուժումը։ Անհրաժեշտ է կարգավորել սննդի ռեժիմը, կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիան։ Նշանակվում են ֆիզիոթերապևտիկ միջոցներ։ Կապված դիսկինեզիայի ձևից կիրառվում է համապատասխան բուժում։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին