Էկզեման և դերմատիտը հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ` մատնանշելու համար մաշկի բորբոքումը, որը բնութագրվում է էրիթեմայով, բշտիկներով և քորով: Կոնտակտային դերմատիտը(ԿԴ) մաշկի էկզեմայանման վիճակ է, որն առաջանում է արտաքին գործոնի հետ ուղղակի շփման հետևանքով: Թե ինչու է որոշ մարդկանց մոտ առաջանում ԿԴ որևէ գործոնի հետ շփվելիս, իսկ մյուսների մոտ` ոչ, դեռ պարզ չէ: Ժառանգական նախատրամադրվածությունը հավանաբար ունի նշանակություն ԿԴ զարգացման հարցում: ԿԴ-ի կլինիկական դրսևորումը կախված է ազդող նյութի բնույթից և անհատի ռեակտիվականությունից: Սովորաբար ախտահարվում է շփման հատվածը:

Դասակարգումը
Ալերգիկ կոնտակտային դերմատիտը` ԱԿԴ, IV տիպի դանդաղեցված ալերգիկ պատասխանով է պայմանավորված: Իրիտանտային ԿԴ-ն առաջանում է մաշկը վնասող քիմիական նյութերից: Ֆոտոկոնտակտային դերմատիտը առաջացնում են քիմիական նյութերը` միայն արևի ճառագայթների հետ փոխազդելու արդյունքում (ուլտրամանուշակագույն A ճառագայթներ` UVA):

Համաճարակաբանությունը
ԿԴ-ն տարածված խնդիր է: Բնակչության 5-10%-ը կարող է ախտահարվել, չնայած դեպքերի մեծամասնությունը թեթև են: Միևնույն պոպուլյացիայում կատարված կրկնակի հետազոտությունների տարիներ անց ցույց են տվել ԿԴ-ի տարածվածության աճ: Առավել հաճախ ԿԴ-ն ախտահարում է 20-40 տարեկան կանանց: Առավել հաճախ ԿԴ առաջացնող պատճառներն են մետաղները, ռետինը(կաուչուկ), հարդարման միջոցները, մաքրող նյութերը և տեղային օգտագործման դեղամիջոցները:

Ախտածագումը
Ալերգիկ ԿԴ-ն դանդաղեցված տիպի ալերգիկ ռեակցիա է` CD4+ T-լիմֆոցիտների (Th1) մասնակցությամբ: Լանգերհանսյան և դենդրիտային բջիջները ներկայացնում են հակածինը (հաճախ քիմիական նյութեր` համակցված սպիտակուցների հետ` առաջացնելով հապտեններ) լիմֆոցիտներին: Սա առաջացնում է T-լիմֆոցիտների բազմացում և մաշկի գերզգայունացում յուրահատուկ ալերգենի հանդեպ: Հետագա հանդիպումը ալերգենի հետ բերում է էկզեմատոզ ռեակցիայի առաջացման, որը կարելի է տեսնել փատչ թեսթով: Կերատինոցիտները կարևոր դեր են խաղում իրիտանտային և ֆոտոկոնտակտային դերմատիտների ժամանակ, քանի որ բազմազան միջավայրի գործոններ, ինչպիսիք  են քիմիական նյութերը ուլտրամանուշակագույն A ճառագայթների ազդեցությամբ կամ առանց դրա, կարող են անմիջապես խթանել այս բջիջների կողմից բորբոքային ցիտոկինների (IL-1, TNF-alfa) և քեմոկինների(IL-8,IP-10) արտադրությանը: Սա բերում է T-բջիջների կուտակման: Սուր ԿԴ-ի ժամանակ ներբջջային այտուցը բերում է էպիդերմալ միկրովեզիկուլյացիայի առաջացման: Էպիդերմիսը և դերմայի մակերեսային շերտերը խիստ ինֆիլտրացված են լիմֆոցիտներով: Խրոնիկական ձևերի ժամանակ հյուսվածքաբանական հատկությունները ոչ սպեցիֆիկ են. առկա է մաշկի հաստացում, հիպերկերատոզ և բորբոքային բջիջների ինֆիլտրատ:

Քիմիական նյութերը
Որևէ նյութի դերը ԿԴ առաջացնելու մեջ կախված է նրա` գերզգայունացնող հատկությունից, օգտագործման հաճախությունից և մաշկի մեջ թափանցելու խորությունից: Նիկելը ամենատարածված կոնտակտային ալերգենն է, հատկապես կանանց մոտ: Ականջները ծակելը ուժեղ ռիսկի գործոն է նիկելի հանդեպ  ԿԴ զարգացման համար: Թունավոր բաղեղից/թունավոր կաղնուց առաջացած դերմատիտը տարածված է Հյուսիսային Ամերիկայում, բայց ոչ Եվրոպայում: Եվրոպայում ամենատարածված գործոններ են նիկելը, կալիումի դիքրոմատը, կոբալտը, օծանելիքի խառնուրդը: Մասնագիտական ԿԴ-ն հաճախ է որոշակի մասնագիտությամբ մարդկանց մոտ, ինչպես օրինակ` վարսահարդարների, խոհարարների, որմնադիրների, մեխանիկների և մշակող ու փաթեթավորող բանվորների մոտ: Հաճախ օգտագործվում են ռետինե ձեռնոցներ այն մասնագետությունների աշխատանքային գործընթացում, որտեղ առկա է շփումը քիմիական նյութի և/կամ ալերգենի հետ: Դժբախտաբար, ԿԴ -ն ռետինի և նրա արգասիքների, այդ թվում լատեքսի, հանդեպ վերջին տարիներին հաճախ է հանդիպում: Օծանելիքը,Compositae ընտանիքի բույսերը, արևապաշտպանիչ նյութերը և դեղերը (օր.`ֆենոթիազինները) ֆոտոկոնտակտային դերմատիտի հիմնական պատճառական գործոններն են:

Կլինիկական առանձնահատկությունները
Հիվանդության սուր փուլում մաշկը էրիթեմատոզ և այտուցված է` ծանր դեպքերում բշտիկների և արտադրության առկայությամբ: Ավելի ուշ գերակշռում են մաշկի չորությունը, թեփոտումը և ճաքճքումը: Հիվանդությունը համառ ընթացք ունի տարիներ շարունակ և խրոնիկական քորն ու թեփոտումը հերթագայվում են սրացումներով: ԿԴ-ն սովորաբար հանդիպում է մաշկի այն հատվածներում, որոնք ենթարկվում են արտաքին միջավայրի ազդեցությանը: Միշտ պետք է կասկածել ԿԴ, եթե ախտահարումը ձեռքերի, դեմքի և պարանոցի վրա է: Միայն ձեռքի ափերը ընդգրկող ախտահարումը կարող է էկզեմայի  էնդոգեն ձևը լինել, որը կոչվում է pompholyx` դիսհիդրոզ, երբ արտաքին գրգռիչներ չեն հայտնաբերվում:

Ախտորոշումը
Վնասվածքի տեղակայումը հաճախ  թելադրում է ախտորոշումը և հնարավոր պատճառները: Մանրամասն հիվանդության պատմություն հավաքելով, ներառյալ հիվանդի մասնագիտությունը և հոբբիները` կարելի է հայտնաբերել նախապես կասկածի տակ չառնված ալերգեններ: Փատչ թեսթը  ալերգիկ կոնտակտային դերմատիտի ախտորոշման հաստատման հիմնական հետազոտությունն է: Ցանկացած հիվանդ, որն ունի խրոնիկական էկզեմա, հատկապես ձեռքերի և ոտքերի վրա կամ նախատրամադրող մասնագիտական անամնեզով, պետք է անցնի փատչ թեսթավորում:

Բուժումը
Բուժման հիմքն են կազմում ալերգեններից և քիմիական նյութերից խուսափումը ու կորտիկոստերոիդներով ռեակցիայի ընկճումը: Երբ հայտնաբերվում է կոնտակտային ալերգենը, ապա խորհուրդ է տրվում խուսափել դրանից: Սա կարող է դժվար լինել  այնպիսի ալերգենների դեպքում, որոնք  հաճախ են հանդիպում տնային պարագաների կազմում, ինչպես օրինակ` ռետինը: Մասնագիտական ԿԴ դեպքում մասնագիտությունը փոխելը կարող է միակ լուծումը լինել: Այնուամենայնիվ, աշխատանքային պայմանների բարելավվումը և/կամ պաշտպանիչ հարմարանքների օգտագործումը կարող է բավարարել:


Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին