Դեպրեսիվ խանգարումները բավականին բազմազան են և դրանց նկարագրությունը մեծ ծավալ կպահանջեր, ուստի մենք կներկայացնենք դեպրեսիաներն ընդհանրացված ձևով։ Համաձայն ՀՄԴ-10-ի՝ դեպրեսիվ խանգարումներն, ըստ ծանրության, դասակարգվում են թեթև, չափավոր և ծանր։

Նախ նշենք, որ, անկախ այդ տարբերություններից, դեպրեսիան բնութագրվում է հետևյալ հիմնական ախտանիշներով.
* տրամադրության անկում,
* հետաքրքրությունների և հաճույքի զգացման կորուստ,
* եռանդի պակաս, որ բերում է գերհոգնածության,
* ակտիվության նվազում։

Դեպրեսիայի հավելյալ ախտանիշներից են.
* ուշադրության և կենտրոնանալու ունակության անկումը,
* ինքնավստահության և ինքնագնահատման իջեցումը,
* մեղավորության և ինքնանվաստացման մտքերը,
* ապագայի նկատմամբ մռայլ և հոռետեսական պատկերացումները,
* ինքնավնասման կամ ինքնասպանության մտքերը կամ գործողությունները,
* խանգարված քունը, ը) վատ ախորժակը։
Դեպրեսիվ խանգարումների (վիճակների) ախտանիշներն, այլ կերպ ասած, կարելի է ներկայացնել հետևյալ չորս խմբով՝ հուզական (աֆեկտիվ) խանգարումներ, կոգնիտիվ փոփոխություններ, մոտիվացիաների (մղումների) խանգարումներ և նեյրովեգետատիվ ախտանիշներ։

Հուզական (աֆեկտիվ) խանգարումներ։ Դեպրեսիվ վիճակների ձևավորման սկզբնական շրջանում ի հայտ են գալիս հաճույքների անկում կամ կորուստ այն ամենից, ինչը նախկինում հաճելի էր, ցանկալի, ընդհուպ մինչև կյանքի ուրախության և հաճույքի կորուստը։ Այնուհետև երևան են գալիս այնպիսի հուզական խանգարումներ, ինչպեսիք են տխրությունը, թախիծը, դժբախտության զգացումը։ Հիվանդները կորցնում են հումորի զգացումը։ Ի վերջո, տխրությունը վերաճում է խորը հուսահատության, որի ֆոնին սկսում են ձևավորվել համապատասխան բովանդակությամբ մտքեր։ Անցյալը ներկայացվում է որպես անուղղելի սխալների ու հանցանքների շարան։ Ներկան ներկայացվում է միայն մռայլ կողմերով, իսկ ապագան անհույս է և սպառնալից։ Կարող են անվերջ արտասվել, կամ էլ այնպես են «քարանում», որ ոչ մի կաթիլ արցունք չի լինում։ Վերջապես, հիվանդները համոզվում են, որ կյանքն իմաստ չունի, քանի որ ապագան անհույս է, և, ի վերջո, սկսում են կյանքից հեռանալու համար ճանապարներ փնտրել։ 

Կոգնիտիվ ոլորտի փոփոխությունները նախ և առաջ դրսևորվում են սեփական անձի հանդեպ անբարյացակամությամբ՝ ընթացիկ իրադարձությունների միակողմանի մեկնաբանմամբ։ Նման վերաբերմունքը հիմք է տալիս ինքնամեղադրման զառանցանքների ձևավորմանը. սեփական անձը թշվառ է, մեղավոր, անարժան, տկար և այլն։ Երբեմն, սրանց ֆոնի վրա ձևավորվում են վերաբերման զառանցանքներ՝ կարծես թե շրջապատում իրեն են նայում, կամ էլ՝ մեղադրում, ակնարկներ անում իր հասցեին և այլն։ Հավատացյալ մարդիկ համարում են, որ մեղքեր են գործել և դաժան պատժի են արժանի։ Բնորոշ է նաև այն, որ հիվանդները դժվարանում են որևէ որոշում կայացնել՝ կամ ինքնավստահության պակասի, կամ էլ մտածողության պրոցեսի ախտահարման պատճառով։ Այս խանգարումների ֆոնի վրա առաջացող սուիցիդալ մտքերն ավելի լուրջ են և վտանգավոր։ Առավել արտահայտված տարբերակներում կարող են ձևավորվել նիհիլիստական զառանցանքներ (լատ. nihil - ոչինչ, nihilism - համընդհանուր ճանաչում ստացած դրույթների բացառում)։ Հիվանդները համոզված են, որ բացարձակապես ոչինչ չունեն, ամեն բան կորցրել են՝ առողջությունը, ունեցվածքը, հարազատներին, աշխարհը և կյանքը գոյություն չունի։

Մոտիվացիաների (մղումների) խանգարումներ։ Տխրության և խաթարված ճանաչողության (կոգնիցիայի) հետևանք են դիտվում մոտիվացիաների խանգարումները՝ էներգիայի, ակտիվության նվազումը, հոգնածության զգացումը, անտարբերությունն ամեն ինչի հանդեպ, ուշադրությունը կենտրոնացնելու ունակության թուլացումը։ Հիվանդները խուսափում են որևէ գործունեությունից, հատկապես՝ բարդ և երկարատև, խուսափում են պատասխանատվությունից։ Ամեն ինչ ընկալվում և թվում է անհետաքրքիր, տխուր, անիմաստ։ Մյուս կողմից, անվստահ են իրենց ուժերին և հնարավորություններին, փոքր իսկ անհաջողություններն ավելի են համոզում հիվանդներին իրենց տկարության մեջ և հիմք հանդիսանում ինքնամեղադրման և ինքնանվաստացման մտքերի ձևավորման համար։

Նեյրովեգետատիվ ախտանիշներ։ Սրանց շարքին է ընդունված դասել հետևյալ ախտանիշները՝ ախորժակի վատացում, քաշի նվազում, քնի խանգարում, սեռական հակումների նվազում, էներգիայի իջեցում։ Դեպրեսիան ազդում է մարդու և՛ հոգեկան, և՛ մարմնական ոլորտի վրա, ինչպես նաև՝ նրա կեցվածքի և արտաքինի վրա, մասնավորապես, թե ինչպես է մարդը խոսում, քայլում, կանգնում, նստում, զարդարվում և այլն։ Արտաքնապես փնթի են և անխնամ, դեմքը ձեռք է բերում բնորոշ տեսք՝ բերանի անկյունները իջած են, ճակատին նկատվում են ծալքեր, հայացքը՝ տխրությունից մինչև լիակատար անտարբերություն, աչքերն ավելի հազվադեպ են թարթում։ Ուսերը կախ են, գլուխը՝ առաջ թեքված, ժեստիկուլյացիան նվազագույն է, շարժումները՝ դանդաղ, ձայնը՝ ցածր, երբեմն՝ միապաղաղ։

Թեթև արտահայտված դեպրեսիաներին բնորոշ է ախորժակի բարձրացում և, հետևաբար, քաշի ավելացում։ Ծանր դեպրեսիաների ժամանակ, ընդհակառակն, ախորժակը նվազում է, հիվանդները վերջին ամսվա ընթացքում նիհարում են քաշի մինչև 5% սահմաններում։ Սեռական հետաքրքրություններն ու ակտիվությունը թուլանում են։ Կանայք հաճախ բողոքում են դաշտանային ցիկլի խանգարումներից, հաճախակի է փորկապությունը։ Խանգարվում է քունը՝ դժվարությամբ են քնում, այն մակերեսային է, քնից չեն հագենում, վաղ են արթնանում։ Դեպրեսիայի ախտորոշման համար շատ կարևոր են հատկապես քնի խանգարումների զուգորդումը դեպրեսիվ մտքերի հետ։ Հատկանշական է, որ որոշ հիվանդների մոտ դիտվում է հակառակ պատկերը՝ նրանք չափից ավելի են քնում, սակայն՝ քնից չեն հագենում։ Հիվանդների ողջ էներգիան ուղղված է դեպի իրենց ապրումները, մեկուսացնելով նրանց շրջապատից։ Հիվանդները խորասուզվում են իրենց տառապանքների և տհաճ զգացողությունների մեջ։ Դեպրեսիաների կլինիկական պատկերը չի սահմանափակվում վերոնշյալ խանգարումներով, հաճախ կարող են դրսևորվել նաև այլ հոգեախտաբանական խանգարումներ, որոնք դեպրեսիայի կլինիկական պատկերում նույնիսկ կարող են առաջատար լինել։ Դրանցից են դեպերսոնալիզացիան, կպչուն ախտանիշները, ֆոբիաները, հիստերիկ խանգարումները, հիշողության ախտանիշները և այլն։

Այսպիսով, մենք նշեցինք դեպրեսիաներին բնորոշ հիմնական ախտանիշները։ Այժմ ծանոթանանք դեպրեսիվ խանգարումների հիմնական տարբերակներին (ըստ ՀՄԴ-10-ի)։ Նախ, ՀՄԴ-10-ը աֆեկտիվ խանգարումների շարքում առանձնացնում է երկու տիպի դեպրեսիվ խանգարումներ՝ դեպրեսիվ էպիզոդ և հետադարձ դեպրեսիա։ Դեպրեսիվ էպիզոդ հասկացությունը օգտագործվում է այն դեպքում, երբ աֆեկտիվ խանգարումը միակն է հիվանդի ողջ կյանքում կամ էլ՝ դեռևս առաջինն է (ինչը չի բացառում, որ հետագայում կրկնվելու դեպքում այս հասկացությունը կարող է փոխարինվել, օրինակ՝ հետադարձ դեպրեսիայով)։ Դեպրեսիվ էպիզոդի տևողությունն առնվազն 2 շաբաթ է, որից հետո միայն կարելի է ախտորոշել այդ խանգարումը։ Դեպրեսիայի ծանրության առանձնացված երեք աստիճանները ներառում են կլինիկական վիճակների մեծ ծավալ, որոնք հանդիպում են ոչ միայն հոգեբուժական հիվանդանոցներում և կենտրոններում, այլև՝ առողջապահության առաջնային օղակում, ընդհանուր տիպի բժշկական հաստատություններում։ Երեք ձևերի (թեթև, չափավոր և ծանր) տարբերակումը հիմնված է, առաջին հերթին, կլինիկական չափանիշների և նրանց արտահայտվածության վրա, այնուհետև՝ ախտանիշների քանակի, ձևի (տիպի) և ծանրության գնահատման վրա։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին