Տիպիկ դեպրեսիվ համախտանիշն իր կառուցվածքում ընդգրկում է պարտադիր ախտանիշների եռյակ՝ տրամադրության անկում, մտածողական պրոցեսների դանդաղում և հոգեշարժական արգելակում։ Տիպիկ տարբերակին բնորոշ են նաև սոմատովեգետատիվ բնույթի խանգարումները (ըստ՝ Վ. Պրոտոպոպովի)՝ հիպերտենզիա, հաճախասրտություն, փորկապություն, միոզ, հիպերգլիկեմիա, դաշտանային ցիկլի խանգարում, քաշի փոփոխություն։

Դեպրեսիվ համախտանիշը կարող է ունենալ տարբեր աստիճանի արտահայտվածություն։

Ըստ այդ աստիճանի՝ տարբերում ենք
* սուբդեպրեսիվ (ոչ փսիխոտիկ) համախտանիշ
* դեպրեսիվ (փսիխոտիկ) համախտանիշ։

Ոչ փսիխոտիկ (կամ նևրոտիկ) սուբդեպրեսիայի առաջատար նշաններից է թեթև արտահայտված թախիծը՝ տխրության, ճնշվածության, թեթև տագնապի և անհանգստության, կորստի և հոռետեսության երանգներով։ Հիմնական ախտանիշներից են հիպոբուլիան և մտածողության պրոցեսի դանդաղումը։ Հիպոբուլիան դրսևորվում է թուլության, հոգնածության, ֆիզիկական և հոգեկան հյուծվելիության նշաններով, գործունեության արդյունավետության անկումով։ Ասոցիացիաների (մտածողության) դանդաղումը արտահայտվում է հոգեկան ակտիվության անկման սուբյեկտիվ զգացողությամբ, հիշողության վատացումով։ Քննադատությունը սեփական վիճակի նկատմամբ լիովին պահպանված է։ Վերջին տարիներին, հիվանդությունների պաթոմորֆոզի հետ կապված նկատվում է տիպիկ հիվանդագին վիճակների (համախտանիշների) կլինիկական պատկերի փոփոխություն (ատիպիա) և այդ ատիպիկ պատկերները դառնում են տիպիկ։ Ատիպիկ ոչ փսիխոտիկ սուբդեպրեսիվ համախտանիշներից են ասթենո-դեպրեսիվ համախտանիշը, ադինամիկ դեպրեսիան, սոմատիզացված (վեգետատիվ, դիմակավորված) դեպրեսիան։

Ասթենո-դեպրեսիվ համախտանիշի կլինիկական պատկերում առաջատար խանգարումներից է ակտիվության և տոնուսի կորստի զգացումը։ Ֆիզիկական և հոգեկան հոգնածության, ընդհանուր թուլության, հյուծվածության նշաններն ավելի արտահայտված են տխրության և թախիծի համեմատ։ Հիվանդներն այս վիճակում բավականին անուշադիր են, ցրված, հյուծվող և անկայուն, ինքնագնահատականը բավականին ցածր է։ Ասթենո-դեպրեսիվ համախտանիշը բնորոշ է նևրասթենիային, գլխուղեղի էկզոգեն-օրգանական բնույթի ախտահարումներին, նոպայաձև ընթացող շիզոֆրենիային։

Ադինամիկ դեպրեսիան ընթանում է հուզական ռեզոնանսի ընդգծված բացակայությամբ, տխրությամբ, որը հիվանդի կողմից վերապրվում է որպես արտահայտված անտարբերություն։ Հիվանդները սովորաբար գանգատվում են թուլությունից, որը հասնում է մինչև ուժասպառության, ցանկությունների բացակայությունից, թուլակամությունից, ընդհանուր արգելակվածությունից։ Այս համախտանիշը բնորոշ է շիզոֆրենիային, աֆեկտիվ խանգարումներին։

Սոմատիզացված (վեգետատիվ) դեպրեսիայի հիմնական ախտանիշը՝ թախիծը, չի արտացոլվում հիվանդի սուբյեկտիվ ապրումներում և գանգատներում, որից ճնշող մեծամասնությունը կազմում են այդ աֆեկտը դիմակավորող (քողարկող) զանազան սոմատովեգետատիվ, սենեստոպաթիկ բնույթի գանգատները, ալգիաները, պարեսթեզիաները, սևեռուն մտքերը, հոգեսեռական երևույթները։ Գանգատները «տեղակայվելով» տարբեր օրգաններում և համակարգերում ձևավորում են համապատասխան մարմնական հիվանդության կլինիկական պատկեր, որն ըստ ծագման հոգեկան է, իսկ ըստ ձևի՝ մարմնական։ Այդ իսկ պատճառով այս խանգարումները կոչվում են «սոմատիզացված», «վեգետատիվ», «դեպրեսիա առանց դեպրեսիայի» և այլն։ Ընդունված է տարբերակել սիրտ-անոթային, աղեստամոքսային, շնչառական, միզա-սեռական և այլ ձևերը՝ կախված «սոմատիկ» գանգատների տեղակայումից։

Թախիծը, տխրությունը, տագնապը, ինչպես նաև՝ դեպրեսիվ համախտանիշի այլ բաղադրամասերը, սովորաբար, բացահայտվում են միայն նպատակային հարցման դեպքում և արտահայտվում ընդհանուր արգելակմամբ, էներգիայի պակասի զգացողությամբ, անօգնականությամբ, հուսահատությամբ, որոնք հիվանդի կողմից ընկալվում են որպես իրենց «մարմնական հիվանդության» հետևանք։ Բնական է, որ նման գանգատներով հիվանդներն, առաջին հերթին, դիմում են զանազան ինտերնիստներին (թերապևտին, նյարդաբանին, սրտաբանին և այլն), և ամիսներ ու տարիներ շարունակ ապարդյուն հետազոտվում են և բուժվում։ Հետևաբար, նման խանգարումներով հիվանդները երկար ժամանակ դուրս են մնում հոգեբույժների և փսիխոթերապևտների տեսադաշտից, և այդ ամենը նպաստում է հիվանդության խորացմանն ու բարդացմանը։ Դեպրեսիվ (փսիխոտիկ) համախտանիշի կլինիկական պատկերում գերակշռում են արտահայտված տագնապն ու տխրության աֆեկտը, որոնք զուգորդվում են շարժական անհանգստությամբ (ընդհուպ մինչև գրգռվածություն), մտածողության տեմպի արագացմամբ, որը կարող է հասնել անկապության, վերբիգերացիայի։ Բացի այդ, մեծ տեղ են գբաղեցնում զառացանքները, հիմանականում մեղքի, մեղավորության, ինքնամեղադրման բնույթի, ինչպես նաև՝ ինքնասպանության մասին մտքերն ու գործողությունները։

Մանիակալ համախտանիշներ
Տիպիկ մանիակալ համախտանիշն իր կառուցվածքում ընդգրկում է հետևյալ հավասարաչափ ներկայացված եռյակը՝ բարձր տրամադրություն, մտածողության արագացում և հոգեշարժական ակտիվացում։ Բացի նշված ախտանիշներից բնորոշ են նաև սոմատովեգետատիվ բնութի խանգարումները։ Մանիակալ համախտանիշը՝ դեպրեսիվի նման, կարող է տարբեր աստիճանի արտահայտվածություն ունենալ` ոչ փսիխոտիկ (կամ հիպոմանիակալ) և փսիխոտիկ (մանիակալ)։

Հիպոմանիակալ (ոչ փսիխոտիկ) համախտանիշը բնութագրվում է չափավոր արտահայտված էյֆորիայով, հաճույքի ու ուրախության զգացումով։ Այս ախտանիշը զուգորդվում է հիպերբուլիայով, ստեղծագործական վերելքի սուբյեկտիվ զգացումով, ցրվածությամբ, մտածողության արագացմամբ։ Արտաքնապես այս հիվանդները շրջապատի վրա թողնում են ուրախ, ակտիվ, բավարարված մարդկանց տպավորություն։ Մանիակալ (փսիխոտիկ) համախտանիշի, որն ընդունված է որպես դասական մանիայի կլինիկական պատկեր, առաջատար ախտանիշը էյֆորիան է՝ անսահման երջանկության, ուրախության և հիացմունքի զգացումով։ Պարտադիր ախտանշաններից են մանիակալ հիպերբուլիան՝ արտահայտված ցրվածությամբ, որի հետևանքով ախտահարվում է մտածողության արդյունավետությունը՝ ասոցիացիաներն արագանում են, միտքը կորցնում է նպատակասլացությունը։ Նման խախտման արտահայտված ձևերը կոչվում են «fuga idearum» (մտքի վազք)։ Հիվանդները գերագնահատում են սեփական անձն ու հնարավորությունները, հաճախ ձևավորում են մեծամոլական զառանցանքներ։

Մանիակալ (և հիպոմանիակալ) համախտանիշները բնորոշ են բիպոլյար աֆեկտիվ խանգարումներին (նախկինում սրանք կոչվում էին մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ), ցիկլոթիմիաներին, հետադարձ (ռեկուրենտ) շիզոֆրենիային։ Քիչ չեն մանիակալ (և հիպոմանիկալ) համախտանիշների ատիպիկ ձևերը։ Հիպոմանիակալ (ոչ փսիխոտիկ) համախտանիշները կարող են ընթանալ փսիխոպաթանման խանգարումներով (այլ կերպ ասած՝ վարքային խանգարումներով)։ Այս դեպքում, բնորոշ ախտանիշների ֆոնի վրա արտահայտվում են դյուրագրգռություն, կոնֆլիկտայնություն, իմպուլսիվություն։ Բացի այդ, տիպիկ են բնազդների (սեռական, սննդի) ուժեղացումն ու ապարգելակումը՝ ալկոհոլի, թմրանյութերի չարաշահմամբ, հախուռն սեռական կապերով, անզսպվածությամբ և կոպտությամբ։ Վարքը երբեմն ընդունում է հեբոիդ (հիմարանման) երանգ։ Նման խանգարումների արդյունքում հազվադեպ չեն հակաօրինական գործողություննեը։ Մանիակալ (փսիխոտիկ) ատիպիկ համախտանիշը կարող է ընթանալ «ջղային մանիայի» ձևով։ Այս դեպքում, չափավոր արտահայտված էյֆորիայի ֆոնի վրա դիտվում է զայրույթի և դյուրագրգռության աֆեկտը։ Մանիակալ հիպերբուլիան դրդում է նրանց ակտիվ «պայքարի» անարդարության դեմ, անհանդուրժողականության՝ չնչին թերությունների և բացթողումների հանդեպ։ Դառնում են թունոտ, կռվարար, կծու հեգնական։ Սեփական անձի գերագնահատման մտքերը չեն հասնում զառանցանքի մակարդակի և սահմանափակվում են գերարժեքավոր կամ զառանցանքանման մակարդակով։ Այս ատիպիկ համախտանիշը բնորոշ է մանիակալ փուլերին, գլխուղեղի օրգանական ախտահարման արդյունքում ձևավորվող աֆեկտիվ (մանիակալ) խանգարումներին։

Էքստատիկ-էկզալտացված մանիան արտահայտվում է «տոնական» բարձր տրամադրությամբ, երանության զգացմամբ, ուրախության արցունքներով։ Մտածողության արագացումը արտահայտված չէ կամ բացակայում է։ Անձի գերագնահատման մտքերը ծավալվում են սեփական ինտելեկտուալ և զգացմունքային հատկությունների շուրջ։ Բնորոշ է եկբևեռ աֆեկտիվ խանգարումների մանիակալ ֆազաներին, նոպայաձև շիզոֆրենիային, էպիլեպսիային, գլխուղեղի օրգանական ախտահարումներին։ Նշված աֆեկտիվ ատիպիկ համախտանիշներից բացի, հանդիպում են մի շարք այլ տարբերակներ՝ դեպրեսիվ-զառանցանքային, դեպրեսիվ-ցնորային, մանիակալ՝ հետապնդման զառանցանքով, մանիակալ-ցնորային, մանիակալ-կատատոնիկ և այլն։

Խառն աֆեկտիվ համախտանիշները բնութագրվում են երկու աֆեկտիվ բևեռներին բնորոշ ախտանիշների առկայությամբ՝ մեկ ընդհանուր համախտանիշի կառուցվածքում։ Այսպես, օրինակ, դեպրեսիան կարող է ընթանալ մտածողության կամ կամային և շարժողական ոլորտի ապարգելակմամբ, գրգռվածությամբ։ Իսկ մանիայի ժամանակ կարող են դիտվել շարժողական կամ ընդհանուր արգելակում։ Այս բնույթի խանգարումները, սովորաբար, հանդիպում են աֆեկտիվ խանգարումների մի բևեռից մյուսն անցնելու ընթացքում։ Կարող է դիտվել նաև որպես ինքնուրույն աֆեկտիվ նոպա։ Դիսֆորիկ համախտանիշը բնորոշվում է աֆեկտիվ խանգարումների հիպոսթենիկ (տխրություն, տագնապ, վախ) և հիպերսթենիկ (զայրույթ, ցասում, մռայլություն) բևեռների զուգակցմամբ, մեկ ախտաբանական վիճակի շրջանակներում։ Տխուր և մռայլ տրամադրության, տագնապի, վախի և դյուրագրգռության ֆոնի վրա դիտվում են ագրեսիվ և աուտոագրեսիվ գործողություններ, կոնֆլիկտայնություն, մանրախնդրություն։ Դիսֆորիան ունի նոպայաձև ընթացք։ Բնորոշ է գլխուղեղի օրգանական ախտահարումներին, էպիլեպսիային, թմրամոլությանն ու գինեմոլությանը։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին