1. Թեթև դեպրեսիվ էպիզոդ (թեթև դեպրեսիվ խանգարում): Թեթև դեպրեսիվ խանգարումը կամ էպիզոդը (F32.0), սովորաբար, դրսևորվում է վերոնշյալ կլինիկական ախտանիշներով, սակայն՝ թույլ արտահայտվածությամբ։ Հիվանդները գանգատվում են տրամադրության անկումից, հետաքրքրությունների և հաճույքի զգացման կորստից, ուժերի անկումից։ Թեթև դեպրեսիվ էպիզոդի ախտորոշման համար բավարար է երեք հիմնական ախտանիշներից երկուսի և հավելյալ ախտանիշներից երկուսի առկայությունը։ Այս ախտանիշներից ոչ մեկը չպետք է խորը արտահայտված լինի, էպիզոդի տևողությունը պետք է առնվազն երկու շաբաթ լինի։

Սակայն կլինիկական փորձը վկայում է, որ թեթև դեպրեսիվ խանգարումները հաճախ ընթանում են այնպիսի ախտանիշներով, որոնք բնորոշ չեն, օրինակ, չափավոր կամ ծանր դեպրեսիաներին։ Դրանցից են տագնապը, ֆոբիաները, կպչուն ախտանիշները։ Տագնապը կարող է լինել բոլոր տեսակի դեպրեսիաների ժամանակ, բայց թեթև դեպրեսիայի ժամանակ այն կարող է այնքան ուժգին արտահայտված լինել, որքան ծանր դեպրեսիայի ժամանակ։ Այս համգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ թեթև դեպրեսիան չափավոր և ծանր դեպրեսիայի տարբերակը չէ, այլ ինքնուրույն համախտանիշ։ Ելնելով հավելյալ ախտանիշների բնույթից, այս համախտանիշը անվանվել է «նևրոտիկ դեպրեսիա»։ Այս բնույթի դեպրեսիաները բավականին տարածված են, սակայն հանդիպում են ոչ թե հոգեբուժարաններում, այլ առողջապահության առաջնային օղակում, ընդհանուր տիպի հիվանդանոցներում և, իհարկե, առօրյայում։ Վերջիններս պայմանավորված են կյանքի իրադարձություններով, կարճատև են և անցողիկ՝ կախված իրավիճակի փոփոխություններից։ Սակայն որոշ դեպքերում դրանք կարող են ընդունել քրոնիկական ընթացք, հանգեցնել անձի ախտաբանական զարգացմանը։

2. Չափավոր դեպրեսիվ էպիզոդ (չափավոր դեպրեսիվ խանգարում): Այս վիճակի ախտորոշման համար անհրաժեշտ է թեթև աստիճանի դեպրեսիային բնորոշ երեք հիմնական ախտանիշներից առնվազն երկուսի առկայությունը և հավելյալ 3-4 այլ ախտանիշ։ Սրա տևողությունը ևս պետք է առնվազն երկու շաբաթից պակաս չլինի։ Կլինիկական առումով չափավոր դեպրեսիվ խանգարումները (F32.1) բնորոշվում են ախտանիշների առատությամբ (ի տարբերություն թեթև դեպրեսիայի) կամ՝ ավելի քիչ նշաններով, բայց՝ դրանց ավելի արտահայտվածությամբ։ Չափավոր արտահայտված դեպրեսիայի ժամանակ հիվանդները դժվարությամբ են իրականացնում իրենց սոցիալական, կենցաղային և մասնագիտական պարտականությունները։ Ի տարբերություն թեթև և ծանր դեպրեսիաների, որոնց համար ավելի բնորոշ են «նևրոտիկ» բնույթի խանգարումները (առաջինների համար) և փսիխոտիկ խանգարումները (երկրորդի համար), չափավոր դեպրեսիան առավելապես ընթանում է (ավելի ընդգծված) մարմնական ախտանիշներով կամ դեպրեսիվ աֆեկտի ավելի ցայտուն դրսևորումներով։ Հաճախ են նաև ոչ զառանցանքային մտքերն իրենց մեղավորության և անպիտանելիության մասին։
 
3. Ծանր դեպրեսիվ էպիզոդ (ծանր դեպրեսիվ խանգարում): Դեպրեսիվ խանգարման զարգացմանը զուգընթաց որոշ դեպքերում հիվանդության նշանները կարող են ավելի ու ավելի արտահայտված դառնալ։ Այլ դեպքերում խանգարումն ի սկզբանե սկսվում է ուժգին արտահայտված ախտանիշներով։ Համաձայն ՀՄԴ-10-ի, ծանր դեպրեսիվ էպիզոդը (F32.2 և F32.3) բնորոշվում է բոլոր երեք հիմնական ախտանիշների և 4 հավելյալ ախտանիշների առկայությամբ՝ առնվազն երկու շաբաթվա ընթացքում։ Ծանր դեպրեսիայով հիվանդները ցուցաբերում են անհանգիստ, աժիտացված, տագնապալի վարք կամ ընդգծված արգելակում։ Կարող են հայտնել ինքնամեղադրման մտքեր, որոնք ինքնասպանության վերաբերյալ մտքերի կամ էլ գործողությունների աղբյուր են։ Հիվանդները մեկուսանում են հասարակությունից, կորցնում իրենց սոցիալական, կենցաղային և մասնագիտական հետաքրքրությունները, ակտիվությունը։

Ծանր դեպրեսիվ խանգարումները որոշ դեպքերում կարող են բարդանալ փսիխոտիկ խանգարումներով։ Այս դեպքերում տեղին է օգտագործել «փսիխոտիկ դեպրեսիա» տերմինը։ Զառանցանքն իր բովանդակությամբ նման է չափավոր դեպրեսիվ էպիզոդին բնորոշ ոչ զառանցանքային մտքերին։ Այսպես, հջվանդները հաճախ իրենց անցյալի կամ ներկայի արարքներում ու գործերում «տեսնում» են որևէ զանցանք (կամ հանցանք) և համարում են, որ դրա համար նրանք պիտի որևէ պատիժ կրեն։ Հիպոխոնդրիկ զառանցանքով հիվանդները համոզված են, որ հիվանդ են քաղցկեղով, վեներական հիվանդությամբ և այլնով։ Հետապնդման զառանցանքով հիվանդները հավատացած են, որ մարդիկ քննարկում են իրենց անձը, արհամարական են արտահայտվում իրենց մասին, ուզում են վրեժխնդիր լինել կամ հաշվեհարդար տեսնել և այլն։ Երբ նման զառանցանքը հանդես է գալիս որպես դեպրեսիվ համախտանիշի բաղադրամաս, այդ դեպքում հիվանդները ընկալում են այդ ամենը որպես արժանի պատիժ և մեղադրում միմիայն իրենց։ Ծանր դեպրեսիայի ժամանակ հնարավոր են նաև ընկալման խանգարումներ՝ ընդհուպ մինչև ցնորքներ։ Հիմնականում դիտվում են լսողական ցնորքներ՝ լսվում են ձայներ, որոնք «կանչում են» հիվանդին, դիմում են նրան, կրկնելով միևնույն խոսքը կամ արտահայտությունները։ «Ձայները» համահունչ են գերիշխող աֆեկտին, «հաստատում են» հիվանդների կարծիքը սեփական թշվառության մասին, երբեմն հեգնում են, ծաղրում նման կյանքը։

Ներկայացնենք մի քանի դեպրեսիվ համախտանիշներ.
Կոտարի համախտանիշը ծանր դեպրեսիայի հատուկ տեսակ է, որն առանձնացրել է ֆրանսիացի հոգեբույժ Կոտարը դեռևս 1882 թ.։ Սրան բնորոշ են ծայրահեղ արտահայտվածությամբ նիհիլիստական զառանցանքը (այլ կերպ ասած ժխտման զառանցանքը)։ Այս հիվանդները նիհիլիզմը (ժխտումը կամ մերժումը) ծայրահեղության են հասցնում։ Այսպես, հիվանդները կարող են նշել, որ «չունեն սիրտ ու թոք», որ «աղիները ամբողջովին նեխել են», որ «ամբողջ ընտանիքը կործանվել է» և այլն։
Դեպրեսիվ աժիտացիան բնորոշվում է ավելի արտահայտված անդադար շարժողական ակտիվությամբ (կողմնակի դիտորդի տեսանկյունից) և ընդգծված անհանգստությամբ (հիվանդի տեսանկյունից)։ Հիվանդներն անգամ մի քանի վայրկյան ի վիճակի չեն նույն տեղում մնալ, անընդհատ տեղաշարժվում են։ Այս դեպրեսիան հատկապես բնորոշ է նախածերունական և ծերունական տարիքի հիվանդներին։
Դեպրեսիվ ստուպորի դեպքում դեպրեսիաներին բնորոշ հոգեբուժական արգելակումը ձեռք է բերում ծայրահեղ բնույթ, և հիվանդը դառնում է անշարժ և լռակյաց։ Երբեմն նման վիճակները կարող են ընդհատվել գրգռվածությամբ։

Ծանր դեպրեսիաներով տառապողների շրջանում բավականին մեծ է ինքնասպանությունների վտանգը՝ այս հիվանդների 60-70%-ը ծրագրում է ինքնասպանություն, իսկ 11-17%-ը, ի վերջո, կատարում է այն։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին