Դեմենցիան (dementia) ձեռքբերովի թուլամտությունն է, նախկինում ձեռք բերած գիտելիքների և պրակտիկ հմտությունների այս կամ այն աստիճանի կորստով և նորերի րեռք բերման դժվարացմամբ կամ անհարինությամբ, ճանաչողական ֆունկցիայի կայուն իջեցումն է: Ի տարբերություն օլիգոֆրենիայից` բնածին կամ մանկական հասակում ձեռք բերած թուլամտությունից, որն իրենից ներկայացնում է պսիխիկայի թերզարգացում, դեմենցիան հոգեկան ֆունկցիաների քայքայումն է, որը տեղի է ունենում ուղեղի ախտահարման արդյունքում, ավելի հաճախ ծերության ժամանակ:

Դասակարգումը
Ըստ տեղակայման տարբերում են.
- կեղևային - ուղեղի կեղևի առավել ախտահարմամբ (Ալցհեյմերի հիվանդությունը, ճակատա-քունքային դեգեներացիան, ալկոհոլային էնցեֆալոպաթիան),
- ենթակեղևային - ենթակեղևային գոյացությունների առավել ախտահարմամբ (հարաճող վերկորիզային պարալիչ, Հենտինգտոնի հիվանդությունը, Պարկինսոնի հիվանդությունը, մուլտիինֆարկտային դեմենցիան` սպիտակ նյութի ախտահարումը),
- կեղևա-ենթակեղևային (Լեվիի մարմնիկներով հիվանդությունը, կեղևա-բազալ դեգեներացիան, անոթային դեմենցիան),
- մուլտիֆոկալ - ախտահարման բազմաթիվ օջախներով (Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդությունը):

Դեմենցիայով ուղեկցվող հիվանդությունները
- Ալցհեյմերի հիվանդությունը (դեմենցիայի բոլոր դեպքերի 50 - 60%)
- անոթային (մուլտիինֆարկտային) դեմենցիա (10 - 20 %)
- ալկոհոլիզմ (10 - 20 %)
- ներգանգային ծավալային պրոցեսները` ուռուցքները, սուբդուրալ հեմատոմաները և ուղեղային աբսցեսները (10 - 20 %)
- անօքսիա, գանգուղեղային տրավմա (10 - 20 %)
- նորմոտենզիվ հիդրոցեֆալիա (10 - 20 %)
- Պարկինսոնի հիվանդությունը (1 %)
- Հենտինգտոնի խորեան (1 %)
- Հարաճող վերկորիզային պարալիչը (1 %)
- Պիկի հիվանդությունը (1 %)
- Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը
- Սպինոցերեբելյար դեգեներացիան
- Մետախրոմատիկ լեյկոդիստրոֆիայով ուղեկցվող օֆթալմոպլեգիան
- Հելերվորդեն-Շպատցի հիվանդությունը
- Հաշիշային պսիխոզ, վերջին փուլերը

Ինֆեկցիաները
- Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդությունը (1 - 5 %),
- ՁԻԱՀ-ը (մոտավորապես 1 %),
- Վիրուսային էնցֆալիտները,
- Հարաճող մուլտիֆոկալ լեյկոէնցեֆալոպաթիան,
- Նեյրոսիֆիլիսը,
- Բեխչետի հիվանդությունը
- Խրոնիկ բակտերիալ և սնկային մենինգիտները

Դեֆիցիտային վիճակները
- Գայե-Վերնիկե-Կորսակովի համախտանիշը` թիամինի անբավարարությունը (1-5%),
- Վիտամին В12 անբավարարությունը,
- Ֆոլիաթթվի անբավարարությունը,
- Պելագրան
Մետաբոլիկ խանգարումները
- Դիալիզային դեմենցիա,
- Վահանագեղձի հիպո- և հիպերֆունկցիան,
- Ծանր երիակամային անբավարարությունը,
- Կուշինգի համախտանիշը,
- Լյարդային անբավարարությունը,
- Հարվահանագեղձի հիվանդությունները
- Համակարգային կարմիր գայլախտը և ուղեղային վասկուլիտով ուղեկցվող այլ կոլլագենային հիվանդությունները
- Ցրված սկլերոզը
- Ուիպլի հիվանդությունը:
Չափորոշիչները
1. Կարճատև և երկարատև հիշողության խանգարում (հոգեբուժական հարցազրույցի, սուբյեկտիվ և օբյեկտիվ անամնեզի, նյարդա- և պաթոպսիխոլոգիական ախտորոշման տվյալները):
2. Գոնե հետևյալներից մեկը.
- Աբստրակտ մտածողության խանգարում
- Քննադատության խանգարումը, որը հայտնաբերվում է որպես շրջպատի, բարեկամների և աշխատանքի հետ կապված հարցերի վերաբերյալ իրական պլանների կազմման անկարողություն:
- Նեյրոպսիխոլոգիական ախտանիշներ և համախտանիշներ` Աֆազիա, ապրաքսիա, ագնոզիա, ինչպես նաև օպտիկո-տարածական և կոնստուկտիվ գործունեության խանգարում:
- Անձային փոփոխություններ:
3. Սոցիալական դեզադապտացիա ընտանիքում և աշխատանքի վայրում:
4. Դեմենցիայի ժամանակ դելիրիայի բացակայությունը:
5. Հիվանդության պատմության մեջ օրգանական գործոնի առկայությունը (լաբորատոր հետազոտությունների, անալիզների արդյունքները և այլն):

Դեմենցիայի ծանրության աստիճանները
1. Թեթև: Չնայած աշխատանքն ու սոցիալական գործունեությունը զգալիորեն խանգարված են, ինքնուրույն կյանքի ունակությունը`անձնական հիգիենայի կանոնների պահպանմամբ և քննադատության համեմատական պահպանմամբ, պահապանված է:
2. Միջին: Հիվանդին ինքնուրույն թողնելը վտանգավոր է, անհրաժեշտ է որոշակի հսկում:
3. Ծանր: Առօրյա գործունեությունն այնքան է խանգարված, որ պահանջվում է մշտական հսկում, օրինակ` հիվանդը չի կարող կատարել անձնական հիգիենայի կանոնները, չի հասկանում, թե ինչ են իրեն ասում և ինքը չի խոսում:
Դեմենցիայի տիպերը
Ուշ տարիքի դեմենցիայի հիմնական դասակարգումը
1.Անոթային դեմենցիաներ (ցերեբրալ աթերոսկլերոզ):
2. Ատրոֆիկ դեմենցիաներ (Ալցհեյմերի հիվանդություն, Պիկի հիվանդություն):
3. Խառը:

Համախտանիշային դասակարգումը
- Լակունար (դիսմնեստիկ) թուլամտություն: Ամենից շատ տուժում է հիշողությունը. Հարաճող և ֆիքսացիոն ամնեզիա: Հիվանդները կարող են իրենց դեֆեկտը կոմպենսացնել, կարևորը թղթի վրա գրելով և այլն: Հուզա-անձնական ոլորտը քիչ է տուժում. անձի կորիզը չի ընդգրկվում, հնարավոր են սենտիմենտալություն, լալկանություն և հուզական անկայունություն: Օրինակ` Ալցհեյմերի հիվանդությունը:
- Տոտալ թուլամտություն: Կոպիտ խանգարումներ ինչպես ճանաչողական ոլորտում (հիշողության, աբստրակտ մտածողության, կամային ուշադրության և ընկալման ախտաբանություն ), այնպես էլ անձի բարոյականության խանգարումներ. վերանում են պարտքի զգացումը, դելիկատությունը, կորեկտությունը, քաղաքավարությունը, ամոթխածությունը; քայքայվում է անձի կորիզը):

Պատճառները. Ուղեղի ճակատային բլթերի տեղային ատրոֆիկ և անոթային խանգարումները: Օրինակ` Պիկի հիվանդությունը:

Անոթային դեմենցիաները
Դասական և ամենից շատ հանդիպող ձևն ուղեղային անոթների աթերոսկլերոզն է: Հիվանդությանզարգացման տարբեր փուլերում ախտանշանաբանությունը տարբերվում է:

Սկզբնական փուլը: Գերակշռում են նևրոզանման խանգարումները` թուլություն, հոգնելիություն, գրգռվածություն, գլխացավը, քնի խանգարումները: Ի հայտ են գալիս աֆեկտիվ խանգարումներ դեպրեսիվ ապրումների, աֆեկտի չպահելու, "թուլահոգության", հուզական անկայունության տեսքով: Անձնական գծերի սրացում: Մյուս փուլերում ավելի ցայտուն են դառնում հիշողության խանգարումները (ընթացիկ դեպքերը, անունները, թվերը), որոնք կարող են դառնալ ավելի կոպիտ` հարաճուն և ֆիքսացող ամնեզիա, պարամնեզիա, կողմնորոշման խանգարում (Կորսակովի համախտանիշ): Մտածողությունը կորցնում է ճկունությունը, դառնում է կարկամ, իջնում է հիշողության մոտիվացիոն բաղադրամասը: Այսինքն, ձևավորվում է մասնակի դիսմնեստիկ տիպի, այսինքն հիշողության խանգարման գերակշումով, աթերոսկլերոտիկ դեմենցիա: Համեմատաբար հազվադեպ ուղեղային աթերոակլերոզի ժամանակ ի հայտ են գալիս գիտակցության խանգրմամբ, զառանցանքով և խաբկանքներով, դելիրիայի տեսքով սուր և ենթասուր պսիխոզներ, հաճախ գիշերայի ժամերին: Հաճախ կարող են ի հայտ գալ խրոնիկական զառանցական պսիխոզներ, հաճախ պարանոիդալ զառանցանքով:

Ատրոֆիկ դեմենցիաները
Ալցհեյմերի հիվանդությունը
Սա առաջնային դեգեներատից դեմենցիա է, որն ուղեկցվում է հիշողության խանգարման, մտավոր գործունեության և այլ բարձրագույն կեղևային ֆունկցիաների խանգարման հարաճմամբ և հանգեցնում է տոտալ թուլամտության: Սկսվում է 50 տարեկանից հետո:
Փուլերը
Ինիցիալ փուլը: Կոգնիտիվ խանգարումներ: Մնեստիկո-ինտելեկտուալ իջեցում. մոռացկոտություն, ժամանակի որոշման մեջ դժվարություններ, սոցիալ, այդ թվում նաև մասնագիտական գործունեության վատացում, աճում են ֆիքսացիոն ամնեզիայի, տեղի և տարածության կողմնորոշման խանգարման երևույթները, նյարդապսիխոլոգիական ախտանիշները, այդ թվում աֆազիան, ապրաքսիան, ագնոզիան: Հուզաանձնական խանգարումներ. էգոցենտրիզմ, անձնական անկարողության նկատմամբ սուբդեպրեսիվ ռեակցիաներ, զառանցանքական խանգարումներ: Ալցհեյմերի հիվանդության այս փուլում հիվանդները քննադատորեն են գնահատում իրենց վիճակը և փորձում են կարգավորել իրենց հարաճող անկարողությունը:

Չափավոր դեմենցիայի փուլը: Քունք-կողմնային նեյրոպսիխոլոգիական հաամախտանիշ` աճում է ամնեզիան, որակապես հարաճում է տեղի և ժամանակի նկտմամբ դեզօրիենտացիան: Հատկապես կոպտորեն են խանգարվում ինտելեկտի ֆունկցիաները (արտահայտված է մտածողության մակարդակի իջեցումը, դժվարություններ վերլուծա-սինթեիկ գործունեության մեջ), ինչպես նաև դրա ինստրումենտալ ֆունկցիաների (խոսքի, պրաքսիսի, գնոզիսի, օպտիկո-տարածական գործունեության): Հիվանդի հետաքրքրությունները շատ սահմանափակ են, մշտական օգնության, խնամքի կարիք կա, չեն կարողանում կատարել մասնագիտական պարտականությունները: Ամեն դեպքում, այս փուլում հիվանդները պահպանում են հիմնական անրային առանձնահատկությունները, սեփական անլիարժեքության զգացմունքը և հիվանդության նկատմամբ հուզական ռեակցիան:

Ծանր դեմենցիայի փուլը: Տեղի է ունենում հիշողության լրիվ քայքայում, ֆրագմենտար են իր անձի նկատմամբ պատկերացումները: Հիմա անհրաժեշտ է տոտալ օգնություն (հիվանդները չեն կարողանում պահպանել անձնական հիգիենայի կանոնները և այլն): Ագնոզիան հասնում է ծայրահեղ աստիճանի` միաժամանակ ծոծրակային և ճակատային տիպով: Խոսքի քայքայում տոտալ սենսոր աֆազիայի տիպով:

Թերապիան և խնամքը
Ալցհեյմերի հիվանդությունն անբուժելի է, թերապիայի եղած մեթոդներն ունակ են որոշ չափով ազդել ախտանիշների վրա, սակայն իրենց բնույթով պալիատիվ միջոցներ են: Միջոցների ընդհանուր համալիրից կարելի է առանձնացնել ֆարմակոլոգիական, պսիխոսոցիալ և հիվանդի խնամքի միջոցներ:

Ֆարմակոթերապիան
Հսկող գործակալություները ներկայումս թույլ են տվել Ալցհեյմերի հիվանդության ժամանակ չորս դեղամիջոցների կիրառումը` խոլինէսթերազայի երեք ինհիբիտոր և մեմոնտինը` NMDA - անտագոնիստ: Ընդ որում, չկան այնպիսի դեղամիջոցներ, որոնց գործունեության մեջ առկա է Ալցհեյմերի հիվանդության զարգացման դանդաղումը կամ կանգնեցումը:

Ալցհեյմերի հիվանդության հայտնի նշանն է խոլինէրգիկ նեյրոնների ակտիվության իջեցումը
Խոլինէսթերազայի ինհիբիտորներն իջեցնում են ացետիլխոլինի (ACh) քայքայման արագությունը, ավելացնելով դրա կոնցենտրացիան ուղեղում և կոմպենսացնում են խոլինէրգիկ նեյրոնների կորստով պայմանավորված Ach-ի կորուստը: Ըստ 2008 թ. դրության, բժիշկներն օգտագործում էին այնպիսի Ach ինհիբիտորներ, ինչպիսիք են դոնեպեզիլը, գալանտամինը և ռիվաստիգմինը (դեղահաբերի և սպեղանիների տեսքով): Կան վկայություններ այս դեղամիջոցների էֆեկտիվության մասին նախնական և չափավոր փուլերում, ինչպես նաև որոշակի հիմնավորումներ ուշ փուլում կիրառման վերաբերյալ: Միայն դոնեպեզիլն է թույլատրված կիրառելու ծանր դեմենցիայի ժամանակ: Այս դեղամիջոցների օգտագործումը թույլ կոգնիտիվ խանգարումների ժամանակ չդանդաղեցրեց Ալցհեյմերի հիվանդության ի հայտ գալը: Այս դեղամիջոցների կողմնակի էֆեկտների մեջ ամենահաճախ հանդիպողը սրտխառնոցն ու փսխումն է` կապված խոլինէրգիկ ակտիվության ավելցուկի հետ, դրանք ի հայտ են գալիս 10 % հիվանդների մոտ և կարող են լինել թույլ կամ չափավոր արտահայտվածության: Հազվադեպ հանդիպում են մկանների սպազմ, բրադիկարդիա, ախորժակի իջեցում, քաշի կորուստ, ստամոքսահյութի թթվայնության բարձրացում:

Դրդիչ նեյրոտրանսմիստոր գլուտամատը կարևոր դեր է կատարում նյարդային համակարգի աշխատանքում, սակայն դրա ավելցուկը բերում է գլուտամատային ռեցեպտորների դրդմանը և կարող է հանգեցնել բջիջների մահվան: Այս պրոցեսը, որը կոչվում է էքսայտոքսիկություն դիտվում է ոչ միայն Ալցհեյմերի հիվանդության ժամանակ, այլ նաև այլ վիժակների դեպքում, ինչպիսին են Պարկինսոնի հիվանդությունը և ցրված սկլերոզը: Մեմանտինը, ճնշելով NMDA-գլուտամատային ռեցեպտորների ակտիվությունը, սկզբում կիրառվում էր գրիպի բուժման համար: Ցույց է տրված մեմանտինի չափավոր էֆեկտիվությունը չափավոր և ուժեղ ծանրության Ալցհեյմերի հիվանդության ժամանակ, սակայն, անհայտ է, թե այն ինչպես է գործում վաղ փուլում: Հազվադեպ դիտվում են թույլ արտահայտված կողմնակի էֆեկտներ, որոնցից են խաբկանքները, շփոթվածությունը, գլխապտույտը, գլխացավը և հոգնածությունը: Դոնեպեզիլի հետ միասին մեմանտինը կոգնիտիվ ֆունկցիաների վրա ցուցաբերում է "վիճակագրորեն զգալի, սակայնկլինիկորեն հազիվ նշմարելի էֆեկտիվություն": Խնդրահարույց վարքով հիվանդների մոտ անտիպսիխոտիկները կարող են չափավոր իջեցնել ագրեսիվությունը և ազդել պսիխոզի վրա: Միաժամանակ, այս դեղամիջոցներն առաջացնում են լուրջ կողմնակի էֆեկտներ, մասնավորապես, ցերեբրովասկուլյար բարդություններ, շարժական խանգարումներ և կոնգնիտիվ ունակությունների իջեցում, որը բացառում է դրանց առօրյա օգտագործումը:Ալցհեյմերի հիվանդության ժամանակ անտիպսիխոտիկների երկարատև օգտագործման դեպքում դիտվում է բարձր մահացություն:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին