Արևադարձային շրջանների անտրոպոզոոնոզ և կարանտինային բնույթի սուր վարակիչ հիվանդություն է, որին բնորոշ է հեմոռագիկ սինդրոմը, դեղնախտը, երիկամների ախտահարումը, խիստ արտահայտված ինտոքսիկացիան և բարձր մահաբերությունը։ Հիվանդության հարուցիչները վիրուսներն են, իսկ փոխանցողները՝ Aedes ցեղին պատկանող մոծակները։ Դեղին տենդը տարածված է Արևմտյան Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում։ Չնայած դրան XX դարի Երկրորդ կեսերին այս հիվանդությունն արձանագրվում է ոչ միայն վերը նշված էնդեմիկ երկրներում, այլև այնպիսի վայրերում, ուր այն առաջներում երբեք չի արձանագրվել (Աուդան, Եթովպիա և այլուր)։ Այս հիվանդությանը յուրահատուկ է բնական օջախայնությունը։

1960-1962թ.թ. դեղին տենդի ուժեղ համաճարակ արձանագրվեց Եթովպիայում, ուր հիվանդացավ 200 000-ից ավելի մարդ, որից մահացավ 30 000-ը։ Հետագայում, շնորհիվ ձեռնարկված միջոցառումների, հիվանդության դեպքերն աստիճանաբար նվազում են։ 1971թ. Աֆրիկայում արձանագրվել է ընդամենը 67 դեպք (Անգոլա և Զաիր)։ 1972-1974թ.թ. հիվանդության եզակի դեպքեր են արձանագրվել Գանայում, Կամերունում, Նիգերիայում։ Լատինական Ամերիկայի երկրներում 1973-1974թ.թ. վիճակն այնքան էլ բարվոք չի եղել։ Հիվանդության դեպքեր են արձանագրվել Բրազիլիայում, Բոլիվիայում, Կոլումբիայում, Պարագվայում, Պանամայում, Պերուում։ Վերջին տասնամյակներում, շնորհիվ հակահամաճարակային միջոցառումների և կանխազգուշական պատվաստումների, նկատվում է այս հիվանդության աստիճանական նվազում։ Բարեխառն կլիմայական պայմաններ ունեցող երկրներում դեղին տենդի տեղային դեպքեր չեն լինում, սակայն չի բացառվում բերովի դեպքերի հետագա զարգացումը այն երկրներում, ուր առկա են փոխանցողները։ Վարակված փոխանցողները ժամանակակից տրանսպորտի պայմաններում կարող են մի քանի ժամում էնդեմիկ վայրերից փոխադրվել այլ երկրներ և վարակել մարդկանց դեղին տենդով։

Վարակի աղբյուրը
Հիվանդ մարդիկ են (քաղաքային կամ համաճարակային տիպ), կապիկներն ու կրծողները (ջունգլիների կամ էնդեմիկ տիպ)։ Հիվանդության հարուցիչները մարդու օրգանիզմ են թափանցում մոծակների խայթելուց։ Հիվանդության գաղտնի շրջանը 3-6, հազվադեպ՝ 10-13 օր է։ Հիվանդության հարուցչներն օրգանիզմ թափանցելուց հետո բազմանում են ավշային հանգույցներում, այնտեղից անցնում են արյան մեջ (առաջնային վիրուսէմիա), տեղակայվում են արյան անոթների էնդոթելյար հյուսվածքում։ էնդոթելյար հյուսվածքում բավականաչափ հարուցիչներ կուտակելուց հետո դրանք նորից թափանցում են արյան մեջ (երկրորդական վիրուսէմիա), ախտահարում են նաև երիկամները, լյարդը, առաջանում է հեմոռագիկ սինդրոմ, խանգարվում է լյարդի և երիկամների ֆունկցիան, հետագայում խանգարվում է նաև նյութափոխանակությունը։

Տարբերում են դեղին տենդի երեք հիմնական կլինիկական ձևեր՝ անդեղնուկային (որի ժամանակ ախտահարվում են երիկամները), դեղնուկայինև կայծակնային։ Վերջինիս ժամանակ արձանագրվում է շատ բարձր մահացություն (80%)։ Այս ձևերից բացի նկատվում են նաև ոչ տիպիկ, ջնջված, թեթև ձևեր։ Տիպիկի դեպքերում հիվանդի ջերմությունն հանկարծակի բարձրանում է (39-40°), հիվանդությունն ուղեկցվում է ուժեղ գլխացավով, սրտխառնոցով, փսխումներով։ Հիվանդներն ունենում են մկանային ցավեր, դեղնություն, քթի, ստամոքսի արյունահոսություն։ 3-4 օր հետո ջերմությունն իջնում է, և սկսվում է ջերմադադարի ժամանակամիջոցը, որը տևում է մի քանի ժամից մինչև 2 օր, որից հետո սկսվում է ջերմության բարձրացման երկրորդ ալիքը՝ 3-4 օր տևողությամբ։ Հիվանդների մոտ առաջանում են օլիգուրիայի երևույթներ, սրճաձյութագույն փսխուկ։ Սկզբնական շրջանում լինում են տախիկարդիայի երևույթներ, որը հետո վերածվում է բրադիկարդիայի (չնայած բարձր ջերմությանը)։

Հիվանդության հարուցիչը Viscerophillus tropicus-ը, (Ռեդ և Գառոլ, 1901) ֆիլտրվող վիրուս է։ Լաբորատոր ախտորոշումը կատարվում է վիրուսոլոգիական քննությամբ, հիվանդի արյունով վարակում են կապիկների և մկնանման կրծողների գանգուղեղը։ Դրական է համարվում, երբ վարակված կենդանու մոտ առաջանում է էնցեֆալիտ, որից էլ դրանք սատկում են։ Կատարվում է նաև շճաբանական քննություն, երբ հիվանդների արյան շիճուկում երկրորդ շաբաթից հետո հայտնաբերում են սպեցիֆիկ հակամարմիններ։ Հիվանդները առողջ մարդկանց համար վտանգավոր են հիվանդության գաղտնի շրջանի վերջին օրերից և հիվանդության առաջին օրերից սկսած։ Կապիկների և այլ կենդանիների վարակելիության տևողությունը դեռևս պարզված չէ։

Փոխանցման մեխանիզմը
Հիվանդ մարդկանցից և կենդանիներից առողջներին է փոխանցվում միայն Aedes և Haemagogus ցեղին պատկանող մոծակների օգնությամբ։ Aedes ցեղին պատկանող մոծակը սինանտրոպ է և վարակը փոխանցում է հիվանդ մարդուց առողջին, իսկ Haemagogus-ը էկզոֆիլ մոծակ է և վարակը փոխանցում է հիվանդ կենդանուց առողջ կենդանուն։ Հիվանդության հարուցիչները փոխանցողների օրգանիզմում մնում են ամբողջ կյանքի ընթացքում։ Հիմնական փոխանցողն է Aedes aegypti-ն, սակայն, բացի սրանից կան նաև այլ փոխանցողներ՝ A.sipsoni, A.vittatus, A.taylor, A.metallicus, A.atricanus: Մարդկանց ընկալությունը դեղին տենդի նկատմամբ հասնում է գրեթե 100%-ի։ Այս հիվանդության նկատմամբ էնդեմիկ վայրերում հիվանդանում են անգամ մանուկները։ Ինչպես վառ արտահայտված կլինիկական նշաններով ընթացող, այնպես էլ ոչ տիպիկ ձևով հիվանդանալուց հետո առաջանում է կայուն անընկալություն և կրկնակի վարակումից հետո հիվանդություն չի առաջանում։ Հետպատվաստումային անընկալությունը տևում է 5-10 տարի։

Կանխարգելումը
Տարվում է էնդեմիկ վայրերում վարակվածներին և փոխանցողներին հայտնաբերելու, նրանց նկատմամբ հակահամաճարակային միջոցառումներ անցկացնելու ուղղությամբ։ Դեղին տենդով յուրաքանչյուր հիվանդի հայտնաբերման դեպքում անհապաղ անհրաժեշտ է հայտնել ԱՀԿ։ Ուղևորները, որոնք մեկնում են այս հիվանդության նկատմամբ անապահով երկրներ մեկնելուց 20-10 օր առաջ պարտադիր կարգով ենթարկվում են պատվաստման։ Դեղին տենդով հիվանդներին պարտադիր հոսպիտալացման են ենթարկում։ Ախտորոշումը կատարվում է կլինիկական նշաններով, համաճարակագիտական անալիզով, լաբորատոր մեթոդներով։ Հիվանդների պատճառային բուժում գոյություն չունի։ Պաթոգենետիկ բուժումը տարվում է ինտոքսիկացիայի, արյունազեղումների և արյունահոսությունների, սիրտանոթային համակարգի կանոնավորման, երիկամային անբավարարության ուղղությամբ։ Հիվանդի հետ շփման մեջ եղած անձինք 6 օր տևողությամբ մեկուսացվում են։
 
Փոխանցման մեխանիզմի նկատմամբ միջոցառումները նույնն են, ինչ մալարիայի ժամանակ։ Անհրաժեշտ է խիստ հսկողություն սահմանել օդային տրանսպորտում։ Զանգվածային պատվաստումների համար օգտագործվում են բավականին արդյունավետ կենդանի վակցինաներ շտամ դակար կամ 17D: Մեծ կիրառություն ունի վերջինը, որը օժտված է պակաս ռեակտիվությամբ։ Օգտագործվում է միանվագ ենթամաշկային կամ վերմաշկային ուղիներով։ Անընկալությունը պատվաստվածի մոտ առաջանում է 7-10 օրյա պատվաստումից հետո և պահպանվում է մինչև 10 տարի։ Համաճարակաբանական արդյունավետությունը պատվաստվածների մոտ բավականին բարձր է՝ 90-98%:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին