Կրծքավանդակի դեֆորմացիաները կարող են լինել ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի: 
 

Բնածին դեֆորմացիաները կապված են ողնաշարի, կողերի, կրծոսկրի, թիակի զարգացման արատի հետ:
 

Կրծքավանդակի ձեռք բերովի դեֆորմացիային առավել հաճախ բերում են տարած հիվանդությունների՝ ռախիտի, ոսկրային տուբերկուլյոզի, թոքերի խրոնիկ թարախային պրոցեսի հետրանքները, ինչպես նաև կրծքավանդակի վնասվածքները, որոնք կարող են հանդիսանալ ոսկրերի աճի հետ մնալու պատճառ: Կրծքավանդակի մեծ թվով դեֆորմացիաների դեպքում ստոծանու և կրծքավանդակի օրգանները՝ հատկապես թոքերի ու սրտի տեղակայման փոփոխությունները բացասական ազդեցություն են թողնում դրանց ֆունկցիայի վրա: Առավել հաճախ հանդիպում է ձագարաձև, տափակ և "հավի" կրծքավանդակները: Ձագարաձև կրծքավանդակ՝ "կոշկակարի կուրծք":

Այսպիսի դեֆորմացիան կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ ձեռք բերովի: Դրա ձևավորման հիմքում ընկած է կողային աճառների բնածին դիսպլաստիկ բնույթի անլիարժեքությունը: Կլինիկորեն ձագարաձև կրծքավանդակը բնորոշվում է կրծքավանդակի պատի միջին և ստորին հատվածների ներսընկվածությամբ: Հաճախ փոսության կողմային սահման են հանդիսանում կողաճառները, հազվադեպ՝ կողերի ոսկրային հատվածը միջին անթափոսային գծերով: Կրծքավանդակը մեծացած է լայնակի ուղղությամբ, ողնաշարի կրծքային հատվածում առաջանում են կիֆոզ և կողմային ծռվածություններ: Որպես կանոն, աճի հետ զուգընթաց դեֆորմացիան ավելանում է: Աճող կողերը կարծես քաշում և ավելի են ներս մղում կրծոսկրը, որը դեֆորմացիայի ծայրահեղ աստիճանի դեպքում համարյա կպչում է ողնաշարին կամ, անհամաչափ ձևերի դեպքում, տեղակայվում ողնաշարին կից: Այդ ժամանակ կրծոսկրը ճնշում է սրտի ու մագիստրալ անոթների վրա, տեղաշարժելով դրանք ձախ և որոշակի պտտելով:

Խիստ արտահայտված ձագարաձև կրծքավանդակով երեխաները ասթենիկ են, հետ մնում ֆիզիկական զարգացվածության մեջ, զարկերակային սիստոլիկ ճնշումը իջնում է, դիաստոլիկը բարձրանում: Երակային ճնշման բարձրանալը հանդիսանում է հեմոդինամիկայի խախտման նշաններից մեկը: Ըստ կլինիկական ընթացքի տարբերում են հիվանդության երեք փուլ՝ կոմպենսատոր, սուբկոմպենսատոր և դեկոմպենսատոր: Ամեն փուլը բնորոշվում է որոշակի խախտումներով թոքերի և սրտի կողմից: Ըստ Ն. Ի. Կոնդրաշինի տարբերում են դեֆորմացիայի երեք աստիճան. I աստիճան՝ "ձագարի" խորությունը 2 սմ-ի սահմաններում առանց սրտի տեղաշարժի; II աստիճան՝ դեֆորմացիայի խորությունը 4 սմ ոչ ավել, սրտի տեղաշարժը 2-3 սմ; III աստիճան՝ դեֆորմացիայի խորությունը 4 սմ-ից ավել, սրտի տեղաշարժը 3 սմ-ից ավել:

Տափակ կրծքավանդակը դա մարմնի կազմվածքի արդյունք է և չի հանդիսանում բնածին դեֆորմացիա:

"Հավի" կրծքավանդակ: Բնորոշվում է կրծքավանդակի առաջային հետին տրամագծի մեծացումով՝ կրծոսկրը և դրա թրաձև ելունը խիստ արտահայտված են և կողերը կրծոսկրին են մոտենում ուղիղ անկյան տակ: Կրծքավանդակի այս դեֆորմացիան հաճախ լինում է բնածին, սակայն կարող է լինել և ձեռք բերովի որպես ռախիտի, տուբերկուլյոզային սպոնդիլիտի և բնածին պրոգրեսիվող խոնդրոդիստրոֆիայի հետևանք: Տափակ և "հավի" կրծքավանդակի դեպքում կրծքավանդակի օրգանների կողմից ֆունկցիոնալ ծանր խանգարումներ չեն նշվում:

Բուժումը: Կրծքավանդակի դեֆորմացիաների բուժման կոնսերվատիվ եղանակները՝ մերսումը, բուժական մարմնամարզությումը, լողը, սպորտի տարբեր ձևերով զբաղվելը արդյունավետ չեն:
Վիրաբուժական միջամտությունը ցուցված է միայն կրծքավանդակի մի քանի դեֆորմացիաների դեպքում, որոնք կախված են կմախքի ուղղելի անոմալիաների հետ՝ կողերի սինոստոզ, I կողակրծոսկրային հոդավորման անկիլոզ և այլն.: Ձագարաձև կրծքավանդակի վիրահատական բուժմանը դիմում են հիվանդության պրոգրեսիվող ձևերի՝ դեֆորմացիայի ֆունկցիոնալ խախտումներով II և III աստիճանների դեպքում: "Հավի" կրծքավանդակի դեպքում թորակոպլաստիկան հարկավոր է կատարել նույնիսկ կոսմետիկ ցուցումներով: Սովորաբար վիրահատությունը կատարում են 3 տարեկան հասակից հետո: Բացի կոսմետիկ արդյունքից միշտ 6-12 ամիս անց նկատվում է սրտի և թոքերի ֆունկցիայի աստիճանական բարելավում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին