Դաբաղն իրենից ներկայացնում է կենդանիների սուր վարակիչ հիվանդություն: Այս հիվանդությունը շատ արագ է տարածվում և փոխանցվում է նաև կենդանուց մարդուն։ Դաբաղը ուղեկցվում է տենդով, բերանի, լեզվի լորձաթաղանթի վրա, ինչպես նաև միջմատային ծալքերում ու եղունգների շուրջը առաջացած բշտիկներով, որոնք կարճ ժամանակում փոխարինվում են խոցերով։

Պատճառներ
Դաբաղի առաջացմանը նպաստում է վիրուսը, որը կենդանիների մազածածկույթի վրա ապրում է մինչև մեկ ամիս՝ 12-20°C պայմաններում: Վիրուսը կարող է կենսունակ մնալ մինչև 146 օր թույլ ալկալիական միջավայրում, սակայն միանգամից ոչնչանում է արևի ճառագայթներից, մինչև 60°C և բարձր ջերմության պայմաններում: Վիրուսի դեմ ակտիվ պայքարում են նաև վարակազերծող նյութերը ։ Կաթի պաստերացիայի ժամանակ վիրուսը ոչնչանում է։ Թթված կաթում, կեֆիրում, ացիդոֆիլինում վիրուսն արագորեն ոչնչանում է, իսկ սերուցքային կարագում կարող է պահպանվել մինչև 8, սառը պայմաններում՝ 25 օր և ավելի։ Դաբաղի հիվանդության նկատմամբ առավել ընկալունակ են խոշոր և մանր եղջերավոր, վայրի որոճող կենդանիներն ու խոզերը: Ավելի հազվադեպ են դաբաղով հիվանդանում գոմեշներն ու ուղտերը։

Հիվանդ կենդանիների օրգանիզմից հարուցիչը դուրս է գալիս թքի, կաթի և արտաթորանքի հետ։ Կենդանիները դաբաղով վարակվում են արոտավայրերում, գոմերում. վիրուսը արտազատվում է աղտոտված ցամքարի, կերի, ջրի հետ։ Հիվանդության արտազատման գործում շատ մեծ նշանակություն ունի նաև կենդանական ծագման հումքը։ Դաբաղով ախտահարված կեդանիները հրաժարվում են կերից, նրանց մոտ նկատվում է սակավաշարժություն, բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա ի հայտ են գալիս մեծ քանակությամբ մանր բշտիկներ, որոնց տեղում շուտով գոյանում են փոքր խոցեր։ Մարդու մոտ դաբաղի վարակը հազվադեպ է, դա կարող է տեղի ունենալ միայն հիվանդ կենդանիներին խնամելու պայմաններում, չեռացրած կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերք օգտագործելու ժամանակ։ Հարուցիչը մարդուց մարդուն չի անցնում, այն փոխանցվում է բերանի խոռոչի, ավելի հազվադեպ` շնչառական ուղիների լորձաթաղանթի ու վարակված մաշկի միջոցով:

Պաթոգենեզ
Հիվանդությունն սկսվում է բավականին սուր, առաջանում են գլխացավ, մկանային ցավեր, ջերմաստիճանի բարձրացում մինչև 38-39°C: Շրթունքների, լեզվի լորձաթաղանթի վրա, ինչպես նաև ձեռքերի և ոտքերի մաշկի վրա, առաջանում են փոքր բշտիկներ, որոնք լինում են թափանցիկ, հետո լցվում են պղտոր շճային հեղուկով։ Բշտիկները արագ պատռվում են, որի հետևանքով առաջանում են աֆթեր. դրանց ապաքինման համար անհրաժեշտ է 10-14 օր: Հիվանդությունը բուժվում է: Անհրաժեշտ է բժշկի հանձնարարականների խիստ կատարում` նրա վերահսկողության տակ: Կարևոր գործոն է նաև հանդիսանում հիվանդի սնունդը, որը պետք է ընդունվի օրը 5-6 անգամ՝ փոքր սննդաբաժիններով, սննդացանկը պետք է պարտադիր պարունակի կիսահեղուկ սնունդ, միս, ձուկ, կաթնաշոռ, թթվասեր և այլն:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին