Այս ճողվածքի դեպքում պորտային անցքից որովայնի ներքին օրգանները դուրս են գալիս պորտալարի լուսանցքի մեջ։
Ճողվածքապարկը կազմված է որովայնամզի մակերեսային թերթիկից և ամնիոնի թափանցիկ թաղանթից։ Ճողվածքի մեծությունը կախված է նրա պարունակությունից (ճարպոն, ստամոքս, աղիքներ, լյարդ և այլն)։ Պորտալարային ճողվածքը երբեմն կարող է լինել նորածին մանկան գլխի չափ։ Մեծ ճողվածքների ժամանակ ճռղվածքապարկի պատռման վտանգ է առաջանում, որը կարող է. տարածված պերիտոնիտի պատճառ դառնալ։ Այս հիվանդության մյուս վտանգն էլ այն է, որ կարող է աղիքների մեխանիկական անանցանելիություն առաջացնել՝ աղիքների գալարումից։ Փոքր ճողվածքների դեպքում ճողվածքապարկի պարունակությունը ներուղղվում է և ճողվածքային անցքն աստիճանաբար փակվում է։ Բուժումը միայն վիրահատական է։
Ավելի հաճախ հանդիպում է պորտային ճողվածքը։ Վերջինս զարգանում է նորածինների կյանքի ավելի ուշ շրջանում, երբ ձևավորվում է պորտը։ Աղջիկների մոտ պորտի ճողվածքը 2-3 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղաների մոտ։ Ճողվածքի այս ձևի ժամանակ ճողվածքապարկը դրսից ծածկված է լինում մաշկով։ Ճողվածքի առաջացմանը նպաստում են այն գործոնները, որոնք բարձրացնում են ներորովայնային ճնշումը։ Այդպիսիք են հաճախակի լացը, հազը, փորկապությունը, ինչպես նաև թերսնուցումը և ռախիտը, որոնք ուղեկցվում են որովայնի առաջնային պատի մկանների տոնուսի իջեցմամբ։
Փոքր երեխաների պորտի ճողվածքը բուժվում է կոնսերվատիվ ձևով։ Դրվում է վիրակապ։ Անհրաժեշտ է ճիշտ սնուցում, ռեժիմ, մարմնամարզություն և մերսում։ Երեխային պետք է պառկեցնել փորի վրա, օրը 3-4 անգամ, 3-10 րոպե տևողությամբ։ Մեծ ճողվածքների ժամանակ ցուցված է վիրահատական բուժումը։ Առաջարկվում է վիրահատումը հետաձգել մինչև երեխայի 2-3 տարեկան դառնալը, քանի որ այդ տարիքում ճողվածքային բացվածքը կարող է ինքնաբերաբար փոքրանալ և ճողվածքը կարող է վերանալ։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան