Երբ օրգանիզմի վրա իոնացնող ճառագայթման ազդեցությունը գերազանցում է թուլյատրելի չափաքանակը, առաջանում է ժառագայթային հիվանդություն: Այն կարող է առաջանալ օրգանիզմ ներթափանցած ռադիոակտիվ նյութերի, ինչպես նաև ամբողջ մարմնի կամ նրա մեծ մասի արտաքին ընդհանուր ճառագայթահարման հետրանքով: Ռադիոակտիվ նյութերը կարող են կուտակվել հյուսվածքներում և օրգաններում` ստեղծելով մշտական ճառագայթահարման օջախներ:

Պատճառներ
Սուր ճառագայթային հիվանդությունն առաջանում է իոնացնող ճառագայթների մեծ չափաքանակների, իսկ քրոնիկականը` փոքր չափաքանակների տևական (ամիսներ և տարիներ) ազդեցության հետևանքով: Հիվանդության սուր ձևը կարող է նկատվել ռազմական իրավիճակներում` հակառակորդի կողմից միջուկային զենք կիրառելիս, իսկ խաղաղ պայմաններում` իոնացնող ճառագայթման աղբյուրներ օգտագործող ձեռնարկություններում: Քրոնիկական ճառագայթային հիվանդությունը կարող է առաջանալռռադիոակտիվ նյութերի հետ աշխատելիս` անվտանգության կանոնների խախտման հետևանքով:

Պաթոգենեզ
Ճառագայթային հիվանդության ձևերը և կլինիկական դրսևորումները պայմանավորված են ճառագայթահարման բնույթով և չափաքանակներով: Բոլոր ձևերի համար ընդհանուր են օրգանիզմի օրգանների ու համակարգերի ֆունկցիաների խանգարումները: Ախտահարվում են կենտրոնական, նյարդային, արյունաստեղծման ու արյան շրջանառության, ստամոքսաղիքային համակարգերը, նկատվում է օրգանիզմի ընդհանուր թունավորում, որը դրսևորվում է թուլությամբ, գլխացավերով, սրտխառնոցով, քնի խանգարումով և այլն:
Սուր ճառագայթային հիվանդությունն ընթանում է 4 փուլով` առաջնային հակազդեցության, գաղտնի, բուռն և վերականգնման: Ճառագայթահարումից անմիջապես հետո առաջնային հակազդեցության փուլում նկատվում են գրգռված կամ անտարբեր վիճակ, թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, ծանր դեպքերում` փսխում, լուծ, ախորժակի կորուստ, քնի խանգարում: Ավելի ծանր դեպքերում հնարավոր է գիտակցության ժամանակավոր կորուստ: Անոթազարկը և զարկերակային ճնշումը դառնում են անկայուն: Արյան մեջ ի հայտ են գալիս արյան սպիտակ մարմնիկների փոփոխված ձևեր: Բոլոր նշված երևույթները մի քանի ժամից կարող են անհետանալ, որից հետո սկսվում է հիվանդության գաղտնի շրջանը: Հիվանդի ընդհանուր վիճակը լավանում է: Մի քանի օրից մինչև 2-3 շաբաթ հետո սկսվում է բուռն շրջանը: Որքան ծանր է հիվանդության ընթացքը, այնքան կարճ է գաղտնի շրջանը (մինչև մի քանի ժամ): Համեմատաբար մեծ չափաքանակներով ճառագայթահարման հետևանքով առաջացող հիվանդության բուռն շրջանը սկսվում է ընդհանուր վիճակի կտրուկ վատացմամբ և ջերմաստիճանի բարձրացումով: Նկատվում են փսխում, լուծ (երբեմն` արյունախառն) լնդերի և լորձաթաղանթների արյունահոսություն` խոցոտումների առաջացմամբ, ենթամաշկային արյունազեղումներ, 2-3 շաբաթ հետո` մազաթափություն: Առաջանում են մազաթափություն և նյարդային խանգարումներ: Կտրուկ ընկնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների հարուցիչների հանդեպ: Բարեհաջող ընթացքի և ժամանակին բուժելու դեպքում սկսվում է վերականգնման փուլը: Հիվանդի վիճակն աստիճանաբար լավանում է, անհետանում են կենտրոնական նյարդային համակարգի խանգարման ախտանշանները, վերականգնվում է արյան բնականոն կազմը:
Սուր ճառագայթային հիվանդությունից հետո երբեմն դիտվում են մնացորդային երևույթներ` թուլություն, արագ հոգնելիություն, գլխացավեր, թույլ արտահայտված սակավարյունություն և նախատրամադրվածություն վարակիչ հիվանդությունների հանդեպ:
Քրոնիկական ճառագայթային հիվանդությունը խորանում է դանդաղ. նույնիսկ կարող է տարիներ տևել: Ուստի քրոնիկական ընթացքի բուժումը պետք է սկսել իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ հիվանդի շփումը դադարեցնելուց հետո:

Բուժում
Ճառագայթային հիվանդության բուժումն իրականացվում է հիվանդանոցում:

Կանխարգելում
Ճառագայթային հիվանդության կանխարգելման նպատակով իոնացող ճառագայթման աղբյուրների ոլորտում աշխատողներին անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Մեծ մասամբ աշխատանքներն իրականացվոևմ են հեռակառավարման վահանակների օգնությամբ: Նրանց կանոնավոր կերպով ենթարկում են բժշկական զննման ու դիսպանսերացման, ինչպես նաև սահմանում են կրճատ աշխատանքային օր:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին