Երբ ամբողջ գլխի կամ գլխի որոշ մասերի մազերը նոսրանում կամ թափվում են, առաջանում է ճաղատություն (հերատություն): Կարող են թափվել նաև հոնքերի, թարթիչների, մորուքի, անութների (թևատակերի) և այլ մասերի մազերը: Վաղաժամ ճաղատությունը նկատվում է ցանկացած տարիքում: Տարեց և ծեր մարդկանց մազերի նոսրացումը բնական երևույթ է և կապված է մաշկի տարիքային փոփոխությունների հետ: Հազվադեպ լինում է նաև բնածին ճաղատություն:

Պատճառներ
Վաղաժամ ճաղատությունը կապված է առողջության խանգարումների հետ: Առավել հաճախ ճաղատությունը զուգակցվում է ճարպահոսության հետ, որի դեպքում նույնպես խանգարվում են մաշկի փոխանակային գործընթացները և մազարմատների կոճղեզների սնուցումը: Երեխաների մազաթափությունը մեծ մասամբ դիտվում է ծանր ընթացող հիվանդություններից (գրիպ, դիզենտերիա և այլն) հետո, օրգանիզմում վիտամինների անբավարարության, ստամոքսաղիքային համակարգի, լյարդի, վահանագեղձի, սեռական գեղձերի, նյարդային համակարգի քրոնիկական հիվանդությունների դեպքերում: Ճաղատությունը կարող է որոշ վարակիչ հիվանդությունների ախտանշան լինել (ախտանշանային ճաղատություն), որի դեպքում մազերը ոչ միայն նոսրանում են, այլև տեղ-տեղ թափվում: Ուժեղ մազաթափություն կարող է նկատվել նաև քննական շրջանում ուսանողների մոտ` անքննության և գերհոգնածության պատճառով: Կանանց մոտ ճաղատություն կարող է նկատվել նաև որոշ սանրվածքների դեպքում` մազերի ուժեղ ձգման պատճառով: Տղամարդկանց մազերը հաճախ վաղաժամ են նոսրանում, ինչը սերտորեն կապված է մաշկի կազմության ժառանգական առանձնահատկությունների (հաստություն, արյունամատակարարում) հետ: Կլորավուն (բնային) մազաթափությունը կապված է նյարդաներզատիչ խանգարումների, օրգանիզմի թունավորման, ինչպես նաև մաշկի վնասման հետ: Մազերը կարող են թափվել նաև որոշ դեղանյութերի երկարատև ընդունման հետևանքով: Բնածին ճաղատությունը կապված է մազարմատների կոճղեզների թերզարգացման հետ: Ճաղատություն կարող է առաջանալ նաև մազերի սխալ խնամքի հետևանքով:

Պաթոգենեզ
Ճաղատության առաջին նշաններն ի հայտ են գալիս հանկարծակի, փոքր մասով, որը կարող է մեծանալ, ապա առաջանում են նոր կլորավուն հատվածներ, որոնք կարծես միաձուլվում են մինչև մազերի լրիվ թափվելը: Տղամարդկանց մազերը հաճախ վաղաժամ են նոսրանում, ճաղատությունն առաջանում է ճակատի, քունքերի վրա, իսկ մի քանի տարի հետո մազերը լրիվ թափվում են կամ մնում են միայն գլխի մազածածկ մասի եզրերին: Տղամարդկանց վաղաժամ մազաթափությունն առաջանում է ճակատի, քունքերի վրա, իսկ մի քանի տարի հետո մազերը լրիվ թափվում են կամ մնում են միայն գլխի մազածածկ մասի եզրերին:

Բուժում
Ճաղատության յուրաքանչյուր ձևի բուժումն անհատական է` կախված առաջացման պատճառից: Երբեմն ճաղատությունը կրում է քրոնիկական բնույթ և բուժվելուց հետո նորից կրկնվում է: Ուժեղ մազաթափության առաջին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Եթե ճաղատության պատճառը վերացվում է (բուժվում է հիմնական հիվանդությունը) ապա մազերի նախկին խտությունը վերականգնվում է: Մազերի բնականոն աճին նպաստում է վիտամիններով հարուստ սնունդը, որին նպատակահարմար է ավելացնել ժելատին:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին