ԲուրսիտՆկարագրություն
Բուրսիտը, որը նաև անվանում են բարձիկաբորբ, իրենից ներկայացնում է հոդերի ձուսպապարկերի բորբոքում: Հիվանդությունը կարող է ընթանալ ինչպես սուր, այնպես էլ քրոնիկական: Առավել հաճախ բուրսիտն առաջանում է արմունկային, ուսային, սրունքաթաթային, ինչպես նաև ծնկային հոդերում:

Պատճառներ
Սովորաբար սուր բուրսիտն առաջանում է որևէ վնասվածքի հետևանքով կամ էլ որպես առանձին հիվանդությունների բարդություն, իսկ քրոնիկականը, որպես կանոն, առաջանում է հոդերի հարակից ձուսպապարկերի երկարատև մեխանիկական գրգռման հետևանքով:

Պաթոգենեզ
Սուր բուրսիտը սովորաբար առաջանում է հոդապարկի շրջանում, որտեղ նկատվում են մաշկի կարմրություն և շճային հեղուկով լցված փափուկ, առաձգական ուռածություն: Դրանից հոդի շարժունակությունը սահմանափակվում է, երբեմն բարձրանում է նաև մարմնի ջերմաստիճանը: Եթե հիվանդությունը սաստկանում է, ապա առաջանում է թարախային բուրսիտ, որը կարող է տարածվել հոդի կամ շրջակա փափուկ հյուսվածքների վրա և առաջացնել ֆլեգմոն:
Քրոնիկական բուրսիտից վերջույթի ֆունկցիան սովորաբար չի խանգարվում, բայց պահանջվում է պարտադիր բուժում, քանզի հիվանդությունը կարող է սրանալ, ինչը կհանգեցնի ժամանակավոր անաշխատունակության:

Բուժում
Բուրսիտը բարձիթողի դեպքերում դժվար է բուժվում, և երբեմն պահանջվում է վիրահատական միջամտություն: Ուստի հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է բժշկի դիմել:

Կանխարգելում
Վնասվածքային բուրսիտի առաջացումը կանխելու համար խորհուրդ է տրվում մեխանիկական գրգռման ենթակա հոդի վրա կրել պաշտպանական վիրակապ, ինչպես նաև մաշկի վնասման դեպքում անհրաժեշտ է հոդի շրջանը խնամքով մշակել վարակազերծող նյութերով:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին