ԲուլիմիաՆերվային բուլիմիա (F50.2) են այն կլինիկական դեպքերը, որոնք ընթանում են անհագ և անկառավարելի շատակերությամբ։

Առաջինն այն նկարագրել է Ռասելը 1979թ., որպես նյարդային անոռեքսիայի չարորակ տարբերակ, սակայն հետագայում պարզվել է, որ այն կարող է արտահայտվել նաև առանց նախորդող անոռեքսիայի, որպես ինքնուրույն խանգարում։

Այս խանգարումը ներառում է իր մեջ երկու հիմնական ախտանիշ՝ անհագ շատակերության մղում և միտումնավոր առաջացվող փսխում (երբեմն լուծողական միջոցների չարաշահումով)՝ գիրությունը կանխելու նպատակով։ Սովորաբար, նյարդային բուլիմիայով հիվանդները գեր չեն։ Շատ կարևոր հատկանիշ է նաև մարմնի քաշով, չափով և ձևերով մտահոգվածությունը, որը ձեռք է բերում գերարժեք նշանակություն։

Այս հիվանդությամբ, հիմնականում, տառապում են կանայք։ Դաշտանի խանգարում շատերի մոտ չի դիտվում։ Բուլիմիայի նոպաները կարող են հրահրվել սթրեսներով կամ հաստատված սովորական ռեժիմի խախտումով։ Բուլիմիան ավելի հաճախ է բարդանում ու զուգորդվում դեպրեսիվ ախտանիշներով։ Կրկնվող փսխումները հաճախ որոշակի մարմնական բարդություններ են ստեղծում։ Կալիումի նվազումը բերում է թուլության, սրտի առիթմիայի, նեֆրիտի, ինչպես նաև՝ էպիլեպտիկ ցնցումների։

Նյարդային բուլիմիայի հաճախականությունն ու տարածվածությունը դեռևս վերջնականորեն պարզված չեն։ Հայտնի է, որ այն ավելի բնորոշ է զարգացած երկրներին, հիմնականում, հիվանդանում են երիտասարդները։

Ստույգ հետազոտական կատամնեստիկ հետազոտություններ չկան, սակայն որոշ տվյալներ վկայում են, որ «սովորույթները» մնում են ողջ կյանքում։

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին