Բրոնխիտ կրկնվողԱխտաբանական վիճակ է, որը տարվա ընթացքում կրկնվում է 3-4 անգամ, երկարատև կլինիկական արտահայտությունների հակում ունի (2 շաբաթ և ավելի) և բնորոշվում է բրոնխաթոքային համակարգի արտահայտված սկլերոզային փոփոխությունների բացակայությամբ։ Կլինիկորեն ռեցիդիվն արտահայտվում է ջերմության չափավոր բարձրացումով, մեծ մասամբ թաց հազով, որը տևում է 3-4 շաբաթ։ Հաճախ գերիշխում է հազը։ Ընդբախման օգնությամբ սովորաբար փոփոխություններ չեն հայտնաբերվում, չնայած երբեմն ենթաթիակային շրջաններում առկա է թոքային հնչյունի կարճացում։ Ականջելիս լսվում են տարբեր հնչողության, ըստ բնույթի և տեղակայման՝ փոփոխվող թաց և չոր խզզոցներ։ Արյան քննության ցուցանիշները հաճախ նորմայից շեղված չեն կամ շատ արագ վերադառնում են նորմայի սահմաններին։ Միջնոպայական շրջանում շնչական օրգանների կամ այլ համակարգերի կողմից նկատելի որևէ փոփոխություններ չեն հայտնաբերվում։ Հազն առաջանում է հաճախ աննշան մրսելու, ֆիզիկական ծանրաբեռնվածության, առանց բրոնխիտի սրացման նշանների ընթացող սուր շնչական հիվանդությունների դեպքում։

Ռենտգենաբանական հետազոտությունները կրկնվող բրոնխիտին բնորոշ որևէ ախտահատուկ փոփոխություններ չեն հայտնաբերում։

Բրոնխոսկոպիկ հետազոտության ժամանակ էնդոսկոպիական պատկերում սովորաբար շեղումներ չեն նկատվում։

Բրոնխների ախտահարման ամենահաճախ հանդիպող արտահայտությունը արտադրուկի առկայությունն է։ Խորխը լորձային է, երբեմն լորձաթարախային բնույթի և քիչ քանակությամբ։ Որպես կանոն, խորխը լինում է ոչ թե բրոնխների լուսանցքում, այլ առանձին գուղձերի կամ ֆիբրինային փառի ձևով, որոնք հեշտությամբ են անջատվում։ Բրոնխների փոփոխությունները տարածուն կամ ավելի արտահայտված են լինում վերին բաժիններում, մասնավորապես շնչափողում և գլխավոր բրոնխների վերին հատվածներում:

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին