Բրոնխիոլիտ սուրՍուր շնչառական (ռեսպիրատոր) հիվանդություն է, որի դեպքում հիմնականում ախտահարվում են բրոնխները և բրոնխիոլները։ Խցանման (օբստրուկտիվ) պրոցեսը զարգանում է բրոնխների պատերի հաստացման հետևանքով, որի առաջացմանը նպաստում են այտուցը և ինֆիլտրացիան, լորձի և բջջային քայքայուկների կուտակները։ Բրոնխիոլիտի համար հատկանշական է արտահայտված շնչառական անբավարարությունը։

Հիվանդությունը սկսվում է աստիճանաբար, սակայն կարող է զարգանալ նաև միանգամից։ Որպես կանոն, առաջանում է hազ, որը երբեմն նոպայական բնույթ է ունենում։ Երեխայի մոտ շնչառական անբավարարության երևույթներ են առաջանում, նկատվում է կապտուկ, քթի թևերի արտափքում, շնչառական գործողության մեջ ընդգրկվում են օժանդակ մկաններ։ Ջերմությունը սովորաբար շատ բարձր թվերի չի հասնում։ Նկատվում է տախիկարդիա և հևոց։ Աուսկուլտացիայի ժամանակ լսվում են երկկողմանի բազմաթիվ մանրբշտիկային և ճարճատուն խզզոցներ՝ ինչպես ներշնչման, այնպես էլ արտաշնչման փուլում։ Արյան հետազոտությամբ առանձնակի փոփոխություններ չեն հայտնաբերվում։

Ռենտգենեբանական հետազոտության ժամանակ հայտնաբերվում է թոքերի այս կամ այն աստիճանի փքում, թոքադաշտերի թափանցելիության բարձրացում։ Այդ ֆոնի վրա հայտնաբերվում են ցածր թափանցելիության ոչ մեծ հատվածներ։ Ի տարբերություն թոքաբորբի, ինֆիլտրացիայի տարածված հատվածներ չկան։ Թոքերի շուրջարմատային պատկերի որոշ ուժեղացում է դիտվում։

Վաղ մանկական տարիքի երեխաների սուր բրոնխիոլիտը անհրաժեշտ է տարբերակել բրոնխոպնևմոնիայից։ Բրոնխոպնևմոնիայի համար բնորոշ են՝
1.շնչական խանգարումների թույլ արտահայտվածությունը
2.արտահայտված ջերմային ռեակցիաները
3.թոքի սահմանափակ ախտահարումը (պերկուտոր փոփոխությունները և խզզոցները տեղակայվում են թոքի բաժիններից որևէ մեկում)։

Բրոնխոպնևմոնիային բնորոշ է ավելի բարձր ջերմությունը, ծանր թունավորման երևույթները, ինչպես նաև նեյտրոֆիլային լեյկոցիտոզը և լեյկոցիտային բանաձևի ձախ թեքումը։ Ավելի դժվար է տարբերակել բրոնխիոլիտը բրոնխային ասթմայի ծանր նոպաներից: Ասթմային նոպայի օգտին են վկայում՝
1.անամնեզում նման երևույթների առկայությունը
2.արտաշնչման ժամանակ առատ սուլոցային խզզոցների առկայությունը և նոպայի զարգացումն առանց վարակային գործոնի մասնակցության

Տարբերակիչ-ախտորոշիչ միջոց պետք է համարել ադրենալինի կամ այլ հզոր սպազմալուծիչի ներարկումը, որը ասթմայի դեպքում մեղմացնում է նոպան, մինչդեռ բրոնխիոլիտի ժամանակ ոչ մի ազդեցություն չի ունենում։

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին