Բրոնխային հեղձուկՆկարագրություն
Բրոնխային հեղձուկն իրենից ներկայացնում է ալերգիական հիվանդություն: Այն շնչառության օրգանների քրոնիկական հիվանդություն է, որը բնորոշվում է շնչարգելության նոպաներով։ Տարբերում են վարակիչ ալերգիական և ոչ վարակիչ ալերգիական (ատոպիկ) բրոնխային հեղձուկ։

Պատճառներ
Բրոնխային հեղձուկն առաջանում է ալերգենների՝ որոշ քիմիական նյութերի կամ ֆիզիկական գործոնների նկատմամբ օրգանիզմի բարձրացած զգայնությունից, որը կարող է լինել օրգանիզմի ժառանգական մարմնակազմվածքային առանձնահատկության դրսևորում կամ առաջանալ ալերգենի հետ երկարատև շփումից, մի շարք անբարենպաստ գործոնների (մրսածություն, գերհոգնածություն, քրոնիկական բորբոքային հիվանդություններ և այլն) միաժամանակյա ազդեցությունից։

Վարակիչ ալերգիական բրոնխային հեղձուկի առաջացմանը նպաստում են բակտերիաները, վիրուսները և այլ մանրէներ, որոնք, օրգանիզմի հետ փոխազդելով, առաջացնում են ալերգիական կազմափոխություններ։ Ամենից հաճախ այն առաջանում է շնչառական օրգանների կամ քթի հավելյալ ծոցերի (հայմորյան, ճակատային) քրոնիկական հիվանդությունների ֆոնի վրա, երբ օրգանիզմում երկարատև առկա է վարակի օջախը։ Բանն այն է, որ ալերգենի հատկություններով են օժտված մանրէների կենսագործունեության և քայքայման արգասիքները, ինչպես նաև բորբոքման ժամանակ առաջացող նյութերը։

Ոչ վարակիչ բրոնխային հեղձուկն առաջանում է կենդանական և բուսական ծագման ալերգեններից։ Կենդանական ծագման ալերգեններից են բուրդը, փետուրը, ձիու մազը, ձկան թեփուկները և այլն։ Երբեմն օրգանիզմի զգայնությունը բարձրանում է նաև որոշ միջատների (տիզ, փայտոջիլ, խավարասեր, թիթեռներ և այլն) նկատմամբ։ Բուսական ծագման ալերգեններից կարևոր է բույսերի ծաղկափոշին։ Բուսական ալերգենների ազդեցությունից բրոնխային հեղձուկի նոպաներ առաջանում են ապրիլ–հուլիս ամիսներին՝ բույսերի ծաղկման շրջանում։ Բրոնխային հեղձուկի պատճառ կարող են լինել նաև սենյակի փոշին, ակվարիումի ձկների չոր կերը, որոշակի սննդամթերքներ (ձու, խեցգետին, շոկոլադ, սունկ, ելակ, նարինջ և այլն), որոշ դեղանյութեր և այլն։

Բրոնխային հեղձուկի նոպայի առաջացման համար կարևոր են նյարդային և ներզատիչ համակարգերի անհատական առանձնահատկությունները։ Հայտնի են դեպքեր, երբ վարդի հոտի նկատմամբ զգայուն հիվանդի շնչարգելության նոպան սկսվել է արհեստ, վարդի տեսքից։ Նոպայի պատճառ կարող են լինել նաև բացասական հուզումները։

Բրոնխային հեղձուկի առաջացման և ընթացքի վրա ազդում են նաև կլիմայական գործոնները։ Հիվանդությունը հաճախ սրվում է գարնանը և աշնանը, հիվանդների ինքնազգացողությունը վատանում է հիմնականում քամու, ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխություններից, օդի բարձր խոնավությունից։ Բացի այդ, վերջինս նպաստում է քրոնիկական բրոնխային և թոքային վարակների սրացմանը, որն իր հերթին ծանրացնում է բրոնխային հեղձուկի ընթացքը։

Պաթոգենեզ
Հիվանդությունը հիմնականում արտահայտվում է շնչարգելության նոպայով։ Որպես կանոն՝ այն սկսվում է հանկարծակի, հաճախ՝ գիշերը։ Հիվանդն զգում է օդի անբավարարություն, դժվարանում է շնչառությունը, արտաշնչումն ուղեկցվում Է ուժեղ սուլող խզզոցներով։ Այնուհետև կարող է հազ սկսվել։ Շնչառության հեշտացման համար հիվանդն ընդունում է հարկադրական դիրք, կանգնում կամ նստում է՝ ձեռքերով հենվելով մահճակալի, աթոռի եզրերին՝ լարելով կրծքի մկանները։ Նոպայի վերջում (մի քանի րոպեից մի քանի ժամ, երբեմն՝ օրեր) շնչառությունը կարգավորվում է, լինում է խորխարտադրություն։

Երկարատև կամ հաճախակի (օրվա ընթացքում՝ կարճ ընդմիջումներով) նոպաներն անվանում են հեդձուկային վիճակ: Ոչ հաճախակի նոպաները թոքերում փոփոխություններ չեն առաջացնում։ Հիվանդության առաջացմանը և նոպաների արագացմանը զուգընթաց վարող են ի հայտ գալ թոքափքանք, սիտի գործունեության խանգարում։ Շնչարգելություն կարող է առաջանալ ոչ միայն բրոնխային հեղձուկի, այլև առանձին հիվանդությունների հետևանքով, ուստի հիվանդին զննելիս բժիշկը հիմնականում պարզում է շնչարգելության բնույթը և առաջացման պատճառները։

Բուժում
Բրոնխային հեղձուկի բուժման նպատակով օգտագործում են տարբեր դեղանյութեր՝ հաբերի, աերոզոլերի ձևով, ներարկման միջոցով և այլն։
Բուժումը նշանակում է բժիշկը, իսկ դրանց ընտրությունը խիստ անհատական է։ Կան նաև բրոնխային հեղձուկը մեղմացնող միջոցներ՝ բժշկական բաժակներ, մանանեխի ծեփուկներ, ձեռքերի և ոտքերի տաք լոգանքներ։ Հակահեղձուկային միջոցներով ինքնաբուժումը (առանց բժշկի հսկողության) կարող է ոչ միայն անարդյունավետ լինել, այլև բարդացնել վիճակը։ Բրոնխային հեղձուկը բուժելիս խնդիրը ոչ միայն նոպան վերացնելն է, այլև, հնարավորության սահմաններում, հիվանդության պատճառի, նոպա առաջացնող գործոնների հայտնաբերումը։ Ալերգենի ոչ վարակիչ բնույթը պարզելուց հետո պետք է վերացնել շփումը դրա հետ (ընդհուպ մինչև աշխատանքը և բնակավայրը փոխելը)։ Իսկ եթե դա անհնար է, հատուկ մեթոդով նվազեցնում են օրգանիզմի զգայնությունը տվյալ ալերգենի նկատմամբ։ Բրոնխներից խորխի հեռացմանը նպաստում են մաքուր օդը, փշատերև անտառներում զբոսանքը, տաք հիմնային հանքային ջրերը։ Հիվանդներից շատերին ցուցված է բուժական մարմնամարզությունը (սրտի ուժեղ ախտահարման, հեղձուկային վիճակի բացակայության դեպքերում), այն լավացնում է թոքերի օդափոխությունը, վերացնելով բրոնխների խցանումը՝ բարձրացնում է արտաշնչման արդյունավետությունը։

Շատ կարևոր է շնչառական մկանների և հատկապես ստոծանու մարզումը (բրոնխային հեղձուկով հիվանդի համար նախընտրելի Է փորային տիպի շնչառությունը)։ Բժշկի խորհրդով անհրաժեշտ է մշտապես զբաղվել բուժական մարմնամարզությամբ։ Կարևոր է սովորել քթով շնչել և արտաշնչել, ինչպես նաև արտաշնչելիս որովայնը ձգել։ Պարապմունքները պետք է անցկացնել լավ օդափոխված սենյակում, իսկ տաք ժամանակ՝ դրսում։ Միջնոպային շրջանում խորհուրդ է տրվում զբաղվել սպորտով (զբոսաշրջություն, թիավարություն, դահուկային սպորտ, թենիս և այլն)՝ առանց ծանրաբեռնվելու։ Շատ օգտակար է առողջարանային բուժումը, որի արդյունավետությունը կախված է կլիմայական գործոնների նկատմամբ հիվանդի ընկալումից։
Գերադասելի է մեղմ, խաղաղ կլիմայով և օդի ցածր խոնավությամբ առողջարանը։

Կանխարգելում
Բրոնխային հեղձուկի կանխարգելումը ենթադրում է շրջակա միջավայրի առողջացում, անհատական միջոցներով վարակիչ շնչառական հիվանդությունների կանխում, ալերգիա առաջացնող այլ անբարենպաստ գործոնների վերացում։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին