ԲրոնխալայնանքՆկարագրություն
Բրոնխալայնանքը լինում է բնածին, որը հազվադեպ է հանդիպում, և ձեռքբերովի, որը թոքաբորբի և թոքային այլ հիվանդությունների հետևանք է: Այն իրենից ներկայացնում է շնչառական օրգանների հիվանդություն, որին բնորոշ է բրոնխների լայնացումն ու ձևափոխումը, ինչպես նաև քրոնիկական աստիճանաբար սաստկացող ընթացքը:

Պաթոգենեզ
Բրոնխալայնանքի ժամանակ բրոնխներում խորխ է կուտակվում, որն էլ նպաստում է բրոնխների պատերի և այն շրջապատող հյուսվածքների բորբոքմանը:
Բնածին ոչ մեծ բրոնխալայնանքը կարող է երկար տևել` առանց բորբոքային փոփոխությունների և առանց կլինիկական դրսևորումների: Բրոնխներում թարախային բորբոքման առկայության դեպքում նկատվում է ջերմության պարբերական բարձրացում, դող, շարունակվող հազ` առատ խորխարտադրությամբ (երբեմն` օրվա ընթացքում 1լ), հատկապես առավոտյան, հաճախ` թարախային և գարշահոտ: Հնարավոր է թոքային արյունահոսություն, չբուժվելու դեպքում առաջանում են սիրտանոթային համակարգի և երիկամների բարդություններ: Հիվանդի աշխատունակությունը ցածր է:

Բուժում
Հիվանդության սրացման դեպքում բուժումը հիվանդանոցային է: Բորբոքային գործընթացի մեղմացման շրջանում խորխը բժշկի հսկողությամբ հեռացվում է բրոնխներից: Ցանկալի է առողջարանային, ֆիզեոթերապևտիկական բուժում: Անհրաժեշտության դեպքում կատարվում է վիրահատություն:

Կանխարգելում
Բրոնխալայնանքի կանխարգելումը ենթադրում է շնչառական օրգանների սուր և քրոնիկական բորբոքումների ժամանակին բուժում: Ահրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը վարակի նկատմամբ: Դրան նպաստում են շնչառական մարմնամարզությունները և սպիտակուցներով հարուստ սնունդը:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին