Բրոնխէկտազային հիվանդությունԲրոնխաէկտազային հիվանդությունը բավականին հազվադեպ է հանդիպում (1:1000): Նրա զարգացման հարցում մեծ նշանակություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը:

Բրոնխաէկտազներն իրենցից ներկայացնում են բրոնխների պատերի լայնացումներ: Նրանք հիմնականում լինում են պարկաձև և գլանաձև: Պարկաձև բրոնխաէկտազների հիմնական ախտածագոմային մեխանիզմը կազմալուծաձգայինն է: Բրոնխային պատի ժառանգականորեն պայմանավորված թուլության և/կամ հակապրոտեազային պակասուրդի պայմաններում լեյկոցիտային ֆերմենտների ազդեցության պատճառով քայքայվում և թուլանում է բրոնխային պատը, ինչի հետևանքով ներբրոնխային ճնշումը ձգում և լայնացնում է բրոնխի թուլացած պատը, առաջացնելով պարկաձև գոյացություններ: Գլանաձև բրոնխաէկտազների հիմնական ախտածագումային մեխանիզմը պուլսիոնն է, երբ բրոնխների պատը ձգվում է արտաբրոնխային ախտընթացների պատճառով: Առավել հաճախ հանդիպում են պարկաձև բրոնխոէկտազները:

Բրոնխաէկտազային հիվանդության կլինիկական արտահայտումը կախված է ախտընթացի արտահայտվածությունից: Ոչ արտահայտված բրոնխաեկտազները կարող են կլինիկորեն չարտահայտվել և հանկարծակի հայտնաբերվել հերձման ժամանակ: Սովորաբար հիվանդությունն արտահայտվում է 5-25 տարեկանում: Հաճախ դա լինում է համառ հազով ընթացող որևէ վարակից հետո: Առավել հաճախ դա լինում է կապուտ հազը: Հիվանդությունն արտահայտվում է հազով և հարաճող խորխարտադրությամբ: Սկզբից շուրջօրյա խորխարտադրությունը լինում է 20-30 մլ սահմաններում, այնուհետև այն հարաճում է մինչև մի քանի հարյուր մլ: Երբեմն կլինիկական առաջին արտահայտությունն է լինում արնախխումը, կամ նույնիսկ թոքային արնահոսությունը: Վերջինս կարող է բարդացնել բրոնխաէկտազային հիվանդության ընթացքը հիվանդության զարգացման ցանկացած փուլում, և հաճախ դառնում է հիվանդների մահվան պատճառը:

Բացի արյունահոսությունից բրոնխաէկտազային հիվանդությունը կարող է բարդանալ սեպսիսով, թարախային ախտօջախմամբ (առավել հաճախ` դեպի ուղեղը) և ամիլոիդոզով: Հիվանդության զարգացած փուլում հաճախ կարելի է տեսնել թարախային ինտոքսիկացիայի և հիպոքսիայի հետևանքով զարգացած թմբկափայտերի նման մատները:

Լսման ժամանակ հիմնականում գրանցվում են տարբեր տրամաչափի թաց խզզոցներ, որոնք հիմնականում լսվում են թոքերի միևնույն հատվածներում: Ուշահաս փուլերում առկա են լինում թոքային սրտի նշանները:
Հիվանդության ախտորոշման ոսկե ստանդարտ էր համարվում ցայտներանգային բրոնխագրությունը, երբ հիվանդի բրոնխային ծառի մեջ է ներմուծվում յոդի յուղային լուծույթը` յոդոլիպոլը, և կատարվում է բրոնխների ռենտգենյան նկարահանում: Բրոնխաէկտազները հիմնականում տեղակայվում են թոքերի ստորին հատվածներում, ավելի շատ ձախից:
Ներկայումս այս տհաճ ախտորոշիչ գործողությունը ավելի և ավելի է փոխարինվում ավելի թանկ, սակայն հիվանդների կողմից շատ ավելի հեշտ տանելի համակարգչային շերտագրությամբ /կոմպյուտերային տոմոգրաֆիա/:

Հիվանդության բուժումը բավականին դժվար է: Այն պահանջում է մեծ համառություն և ծախսեր: Հիմնականում բուժումը կատարվում է բրոնխոսկոպիկ պարբերական սանացիաների և հակաբիոտիկների միջոցով: Կարևոր է նաև դիրքային ցամաքուրդումը /պոզիցիոն դրենաժ/: Հիվանդը պետք է ընտրի այնպիսի դիրք, որի ժամանակ ավելի շատ է արտախխվում թարախալորձային խորխը: Վերջինիս դուրս բերումը ավելի հեշտացնելու համար կարելի է նաև կատարել կրծքավանդակի բախում և մերսում: Ոչ կարևոր է նաև լործալույծ /մուկոլիտիկ/ պատրաստուկների, պլազմաֆերեզի, դեզինտոքսիկացիոն լուծույթների կիրառումը: Եթե ախտընթացը շատ թե քիչ սահմանափակ է լինում, ապա գերադասելի է ախտահարված հատվածի հեռացումը:]

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին