ԲրոնխիտՆկարագրություն
Բրոնխաբորբը մարդու շնչառական օրգանների առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է և իրենից ներկայացնում է բրոնխների լորձաթաղանթների բորբոքում։ Ըստ հիվանդության ընթացքի՝ տարբերում են սուր և քրոնիկ. բրոնխաբորբ։

Պատճառներ
Սուր բրոնխաբորբը սովորաբար վարակիչ բնույթ ունի։ Հիվանդության առաջացման պատճառ են դառնում օրգանիզմի մրսածությունը, ջերմաստիճանի կտրուկ տատանումները, երկարատև խոնավ պայմանները։ Վերջիններիս հետ կապված՝ առավել հաճախ հիվանդանում են գարնանը և աշնանը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ինչպես նաև քրոնիկական հիվանդությունների հետևանքով օրգանիզմի դիմադրողականության անկումը։ Բրոնխաբորբը երբեմն առաջանում է թունավոր գազերի, եթերայուղերի, փոշու և այլ գրգռոդ ազդեցությունների հետևանքով։

Քրոնիկական բրոնխաբորբի առաջացմանը նպաստում են ծխելը, փոշոտ և աղտոտված օդ շնչելը, թունավոր գազերով բրոնխների լորձաթաղանթների երկարատև գրգռումը, ալկոհոլի չարաշահումը, քթի, քթաըմպանի, քթի հավելյալ ծոցերի հիվանդությունները։

Պաթոգենեզ
Սուր բրոնխաբորբը սկսվում է ընդհանուր թուլությամբ, առաջանում են մկանային ցավեր, հաճախ՝ հարբուխ, ըմպանի, կոկորդի, շնչափողի բորբոքային ախտահարումներ։ Այնուհետև սկսվում Է աստիճանաբար սաստկացող հազ` քիչ լորձային խորխարտադրությամբ՝ հաճախ բաց դեղնավուն կամ կանաչավուն երանգով, կարող է բարձրանալ նաև մարմնի ջերմաստիճանը։ Սովորաբար սուր բրոնխաբորբով հիվանդը 1-3 շաբաթից լրիվ առողջանում է, իսկ երեխաների և տարեցների բրոնխաբորբը հաճախ ծանր է ընթանում և բարդանում թոքաբորբով, թոքափքանքով և այլն։

Քրոնիկական բրոնխաբորբը հաճախ ուղեկցվում է բրոնխային հեղձուկով, շնչառական անբավարարությամբ։ Հիվանդության մեղմացման շրջանին հաջորդում է սրացումը, երբ հիվանդին անհանգստացնում է գորշականաչավուն խորխարտադրությամբ համառ հազը։ Կրծքի շրջանում ի հայտ են գալիս ցավեր, որոնք ուժեղանում են խորը շնչելիս, հազալիս, իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածության, արագ քայլելու, վերելքի, այնուհետև նաև հանգիստ ժամանակ առաջանում է հևոց։ Համառ հևոցը նոպայաձև ուժեղանում է քրոնիկական բրոնխաբորբի հեղձուկային ձևի ժամանակ, որին բնորոշ է դժվար արտաշնչումը:Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37,5-38° C, հիվանդության մեղմացման շրջանում նշված երևույթներն ամբողջությամբ անհետանում կամ թույլ են արտահայտվում։ Սրացումները հաճախ լինում են ցուրտ եղանակներին և ուղեկցվում են այլ հիվանդություններով։

Բուժում
Սուր բրոնխաբորբը բուժելիս անհրաժեշտ է խստորեն հետևել բժշկի խորհուրդներին և նշանակումներին։ Դեղանյութի ընտրությունը կախված է հիվանդության ձևից և փուլից։ Անկողնային ռեժիմը, լիարժեք սնունդը, առատ, տաք ըմպելիքը (ազնվամորու մուրաբայով, լորենու ծաղիկներով թեյը, սոդայով կամ հանքային ջրով կաթը), խաշած կարտոֆիլի գոլորշու շնչումը, մանանեխի լոգանքները (ոտքերի) սովորաբար թեթևացնում են հիվանդի վիճակը։ Ուժեղ սրացման դեպքում բուժումը հիվանդանոցային է։

Բացի դեղանյութերից, կարևոր է նաև հիվանդի խնամքը։ Սրացման շրջանում նախ պետք է ստեղծել հիգիենային նպաստավոր պայմաններ։ Հիվանդի սենյակը պետք է չոր և տաք լինի, լավ օդափոխվի։ Ձմռանը սենյակն օդափոխելիս պետք է հիվանդին լավ ծածկել վերմակով և մեջքով շրջել դեպի պատուհանը, որպեսզի սառը օդի ազդեցությունից հազն ու հևոցը չուժեղանան։ Հարկավոր է խուսափել մարմնի գերտաքացումից և գերսառեցումից։ Օդի չափից ավելի չորացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում ջերմության աղբյուրի դիմաց մեծ ամանով ջուր դնել, իսկ ջեռուցման մարտկոցը ծածկել թաց շորով։ Սենյակում կողմնակի հոտերը կարող են ուժեղացնել հազը և հևոցը։ Այդ դեպքում հարկավոր է հիվանդին նստեցնել այնպես, որ կարողանա ձեռքերով հենվել մահճակալին կամ աթոռին։ Վարակազերծման նպատակով խորխը պետք է հավաքել հատուկ թքամանում, որի ծավալի 1/3-ը նախապես լցվի 5 %-անոց քլորամինի լուծույթով։ Բորբոքային գործընթացի սրացման, առատ խորխարտադրության ժամանակ օրգանիզմը շատ սպիտակուցներ է կորցնում, ուստի հիվանդը պետք է ստանա բավարար քանակությամբ վիտամիններ, ինչպես նաև կենդանական ծագման սպիտակուցներ պարունակող սնունդ։ Հակացուցված են կծու, թթու կերակուրները։

Մշակված է բուժական մարմնամարզության հատուկ համալիր, որի նպատակը շնչառական բոլոր մկանների մասնակցությամբ ճիշտ և խորը շնչառությունն Է։ Հատուկ ուշադրություն է դարձվում արտաշնչման մարզումներին, որն անցկացնում Է բուժական ֆիզկուլտուրայի մեթոդիստը։ Սրացումներից դուրս քրոնիկական բորբոքումների ժամանակ խորհուրդ է տրվում առողջարանային բուժում։ Խոշոր քաղաքների բնակիչներին օգտակար է հանգիստը, զբոսանքը՝քաղաքամերձ այգիներում, պուրակներում։

Կանխարգելում
Բրոնխաբորբը կանխարգելելու համար անհրաժեշտ է օրգանիզմի կոփում։ Մաքուր օդը, ջրային արարողությունները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։ Կոփումն սկսում են օդային լոգանքներից, հարմարվելուց հետո անցնում շփումների՝ սկզբում թաց քամած, ապա չքամած սրբիչով։ Այնուհետև օգտակար Է ջրցողումը՝ 30-32° C ջերմաստիճանի ջրով, որը 2-3 օրը մեկ 1° C-ով իջեցնելով՝ պետք Է հասցնել մինչև ծորակի ջրի ջերմաստիճանի։ Բարերար ազդեցություն է ունենում մաքուր օդում չափավոր մարզվելը (թենիս, թիավարություն, լող, դահուկային սպորտ)։
Կանխարգելման համար Էական նշանակություն ունր քթաբորբի, նշագեղձերի բորբոքման, քթի հավելյալ ծոցերի բորբոքումների ժամանակին և ճիշտ բուժումը, պայքարը փոշու, աղտոտված օդի դեմ։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին