Բրադիկարդիա սինուսայինՍինուսային հանգույցի վրա արգելակող ազդեցություն են թողնում.
    - պարասիմպաթիկ նյարդային համակարգի տոնուսի աճը (սինուսային հանգույցի վեգետատիվ դիսֆունկցիայի համախտանիշի, որովայնային տիֆի ժամանակ)
    - հիպոթիրեոզը
    - սինուսային հանգույցը սնող զարկերակի աթերոսկլերոտիկ ախտահարումը
    - հիպոթերմիան
    - β-ադրենապաշարիչները, կալցիումի ներհակորդները (վերապամիլ, դիլթիազեմ), սրտային գլիկոզիդները, ամիոդարոնը, պրոպաֆենոնը

Բրադիկարդիան հաճախ է գրանցվում մարզված առողջ երիտասարդների, մարզիկների և տարեցների մոտ, ինչպես նաև սրտամկանի ստորին ինֆարկտի դեպքում։
ԷՍԳ-ի վրա՝ սրտի կծկումների հաճախությունը մինչև 60 մեկ րոպեում, ռիթմը կանոնավոր, ատամիկների և կոմպլեքսների հաջորդականությունը խախտված չէ։

Հաճախ սինուսային բրադիկարդիայի նոպաների ֆոնի վրա կարող են ծագել էքստրասիստոլաներ և ռիթմի այլ խանգարումներ (հաճախ սինուսային հանգույցի թուլության համախտանիշի դեպքում, որը զարգանում է սրտի ծանր ախտահարումների, հատկապես սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ)։ Ախտորոշմանն օգնում է ԷՍԳ-ի շուրջօրյա Խոլտերյան մոնիտորինգը։

Սինուսային հանգույցի թուլության համախտանիշը բնութագրվում է այդ հանգույցի դիսֆունկցիայով, ուշաթափությունով, այլ ուղեղային ախտանիշներով և ուղեկցվում սինուսային բրադիկարդիայով, սինուսային հանգույցի կանգով, սինոատրիալ պաշարումով, բրադի- ու տախիառիթմիայի իրար հաջորդելով («տախի-բրադի» համախտանիշ), քնային ծոցի գերզգայունությամբ։

Բրադիկարդիայի բուժման հիմնական նպատակը պատճառային գործոնի վերացումն է։ Սինուսային հանգույցի թուլության ախտանիշների արտահայտվածության դեպքում ցուցված է մշտական էլեկտրոկարդիոստիմուլյացիա, իսկ պարոքսիզմային տախիկարդիաների կանխարգելման համար` համապատասխան հակաառիթմիկ բուժում։

 
Սկզբնաղբյուրը՝   Նազարեթյան Է. Ե., Գասպարյան Ա. ՅՈՒ. "Ներքին հիանդություններ"

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին