Վիրուսային բնույթի, սուր, հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը ընթանում է հիմնականում ծանր կլինիական երևույթներով՝ երկգագաթային ջերմության բարձրացում, պապուլոզ-պուստուլոզ ցանի խիստ բնորոշ զարգացման ցիկլ, վարակելիության բավականին բարձր աստիճան, բարձր ինտոքսիկացիա։
Բնական ծաղիկը մարդու ամենահին հիվանդություններից է, որի ողբերգական հետևանքների մասին կան բազմաթիվ տեղեկություններ։ Այն հաճախ հանգեցրել է մահվան և հաշմանդամության։
Այն մեծ տարածում ունի բոլոր աշխարհամասերում, հատկապես Աֆրիկայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի երկրներում։
Բնական ծաղիկը տարածված է եղել նաև Հին Եգիպտոսում։ Մ.թ.ա. 3000 թվականին վերագրվող մումիայի վրա հայտնաբերված սպիներն այդ մասին են վկայում։ Չինական հուշագրություններից տեղեկանում ենք, որ այս երկրռւմ բնական ծաղիկն հայտնի է եղել դեռևս մ.թ.ա. 12-րդ դարից։
Դալենի, Հիպոկրատի աշխատություններում ևս կան բավականաչափ հիշատակումներ այս հիվանդության մասին։ IY դարում Իբնսինը արտահայտում է այն միտքը, որ բնական ծաղիկը և կարմրուկը երեխաների վարակիչ հիվանդությոններ են։
Խաչակրաց արշավանքների ժամանակ բնական ծաղիկը մուտք է գործում Եվրոպա։
XYI դարում բնական ծւսղիկը Եվրոպայից մուտք է գործում ամերիկյան մայրցամաք և համաճարակներ առաջացնում բնիկների շրջանում։
Հայկական ձեռագիր մատյանները ևս վկայում են բնական ծաղիկի գոյության մասին։ Անանիա Շիրակացին խոսում է այն մասին, որ բնական ծաղիկը լայն տարածում է ունեցել Հին Հայաստանում։ XII դարում հայ նշանավոր բժիշկ Մխիթար Հերացին իր «Ջերմանց մխիթարություն» (1184թ.) նշանավոր գրքում խոսում է բնական ծաղկի մասին՝ դասելով այն բորբոսային ջերմերի շարքը։ Բնական ծաղկի հետ կապված «Հայակազյան բառարանը», գործածում է նաև «խաշնանց մահ» և «տղայոց ծաղիկ» տերմինները, որը խոսում է այն մասին, որ այս հիվանդությունը տարածված է եղել նաև կենդանիների մեջ։ Ամենայն հավանականությամբ «խաշանց մահ»-ը վերաբերում է առաջին հերթին կովերի ծաղկին։
Հայաստանում բնական ծաղկի տարածվածության մասին է խոսվում նաև արաբ բժիշկ Ռազեսի -11դար) ձեռագրերում։ Հայերը գիտեին նաև բնական ծաղկից պաշտպանվելու հնարներ, նրանք վերցնում էին հիվանդության ցանի պարունակությունը մտցնում էին չամիչի մեջ և խմում էին, այլ կերպ ասած կատարում էին արհեստական պատվաստում (վարիոլիացիա)։ Չնայած այս եղանակը բարձր արդյունավետություն չէր ապահովում, սակայն քիչ չէին դեպքերը, երբ ձեռք էին բերում նաև անընկալություն։
Բնական ծաղկի դեմ պայքարի միջոցառումներում մեծ հեղաշրջում մտցրեց անգլիացի բժիշկ էդուարդ Ջենները (1796թ.)։ Նա 8 տարեկան Ջեմս Ֆիպսին վարակեց կովի ծաղկով, ապա նրան շփման մեջ դրեց բնական ծաղկով հիվանդի հետ և տեսավ, որ երեխայի մոտ բնական ծաղկի նշաններ ի հայտ չեն գալիս։ Եվ նա առաջին անգամ կովի ծաղկից պատրաստեց պատվաստանյութ՝ վակցինա (Vaca- կով, cina- ծաղիկ), դրանով կատարեց կանխազգուշական պատվաստումներ և շատերին փրկեց ծանր հիվանդությունից։ Ջենների պատվաստումների մեթոդը շատ աննշան փոփոխության է ենթարկվել և մենք նրան ենք պարտական բնական ծաղկի դեմ բարձր արդյունավետություն ունեցող պատվաստանյութի հայտնաբերման համար։
Վարակի աղբյուրը
Հիվանդության հարուցիչը կոչվում է Variola virus: Առաջին անգամ հայտնաբերել է Բյուստը 1886թ., ապա Պաշենը 1906թ.։ Հիվանդության հարուցիչները կոչվում են նաև Strongyloplasma variolae majoris կամ Պաշենի տարրական մարմնիկներ։
Վարակի աղբյուրը համարվում է հիվանդ մարդը՝ սկսած հիվանդության գաղտնի շրջանից (10-12 օր, միջինը 7-8 օր) մինչև ցանի (կեղևների) թափումը։ Բնական ծաղկի ամենավարակիչ շրջանն հիվանդության 3-8 օրերն են՝ հաշված ջերմության բարձրացման օրից։
Տարբերակում են բնական ծաղկի թեթև, միջին ծանրության և ծանր հիվանդացության ձևեր։ Տարբերակում են նաև հիվանդության գաղտնի, նախանշանային կամ պրոդրոմալ, ծաղիկային ցանի երևալու, ցանի չորացման և առողջացման փուլերը։
Հիվանդությունը սկսվում է սուր երևույթներով՝ դող, ջերմաստիճանի ՚ բարձրացում, խիստ արտահայտված թուլություն։ Հիվանդն ունենում է գլխացավեր (հատկապես՝ ծոծրակի շրջանում), մկանային ցավեր, անքնություն, երբեմն զառանցում է, փսխում, կորցնում գիտակցությունը։
"Նախանշանային շրջանի 2-3 օրը հիվանդների մոտ մեծամասամբ ի հայտ է գալիս նախանշանային ցանը պարանոցի, կրծքի վանդակի և ազդրի շրջաններում։ Այն տևում է մի քանի ժամից մինչև 1-2 օր, ապա անհետանում է՝ իր տեղը զիջելով բնական ծաղկի տիպիկ ցանին (հիվանդության 3-4 օրը), որից հետո հիվանդի ջերմությունն իջնում է սուբֆեբրիլի, անգամ դառնում է նորմալ։ Հետո սկսում է բնական ծաղկին բնորոշ ցանը՝ սկզբում բծի տեսքով, ապա վերածվում է վեզիկուլայի, հետո՝ պապուլայի։
Վեզիկուլան բազմակամերային է, ասեղով ծակելիս այն չի անհետանում, բշտի պարունակությունը թափանցիկ է՝ կենտրոնական մասը ներս ընկած, հիմքը բավականին կարծր, կարմրած։
Ցանն առաջանում է հիմնականում պարանոցի, ողնաշարի և ծայրանդամների շրջանում։ Թևատակերի շրջանը զերծ է մնում ցանից (դրանով էլ այն տարբերվում է ջրծաղկից)։ Հիվանդության 9-10 օրերին սկսում է վեզիկուլաների թարախակալումը։ Ջերմությունը նորից բարձրանում է 39-40°-ի, հիվանդների մոտ սկսում են ինտոքսիկացիայի երևույթներ, հաճախանում է պուլսը և շնչառությունը , ալբումինուրիա, օլիգուրիա։ Այս շրջանում ցանավորվում են նաև քթի, բերանի, աչքի լորձաթաղանթները, տեղի է ունենում վեզիկուլաների մացերացիա, ապա՝ էռոզիա և խոցոտում։
Հիվանդության 16-17 օրերին պուստուլաներն աստիճանաբար չորանում են, կեղևապատվում և վերջինների թափման ժամանակ առաջանում է բավականին լավ արտահայտված սպի, որն ամբողջ կյանքի ընթացքում չի անհետանում։ Միջին ծանրության բնական ծաղկի ժամանակ հիվանդությունը տևում է 5-6 շաբաթ։
Բնական ծաղկի ժամանակ առաջանում են բավականին ծանր բարդություններ՝ ինտոքսիկացիայի հետևանքով վնասվում են սիրտանոթային և կենտրոնական նյարդային համակարգերը, առաջանում են միոկարղիտներ, էնցեֆալիտներ, էնցեֆալոմիելիտներ, մենինգիտներ, արձանագրվում են տրախեիտներ, թոքաբորբ, օտիտներ, օրխիտ, օստեոարթրիտներ։ Աչքի եղջերաթաղանթին անցնելուց և սպիանալուց հետո առաջանում է կուրություն։
Հիվանդության լաբորատոր ախտորոշման նպատակը բնական ծաղկի ժամանակ հարուցիչի (կամ նրա անտիգենի) հայտնաբերումն ու դիֆերենցումն է այլ վիրուսների հետ։ Որպես հետազոտության նյութ վերցվում է վեզիկուլաների, պուստուլաների պարունակությունը, պուստուլաների կեղևը, ինչպես նաև արյուն նմուշ, իսկ մահացածներից՝ նմուշներ ներքին օրգաններից և այլն։ Լաբորատոր ախտորոշումը իրագործվում է մորֆոլոգիական, շճաբանական և կենսաբանական մեթոդներով։
Օրգանիզմում հարուցիչների փոխազդեցության հետևանքով հիվանդ մարդկանց հյուսվածքներում առաջանում են Գվարնիերի մարմնիկներ, որոնք կարևոր ախտորոշիչ նշանկություն ունեն։
Փոխանցման մեխանիզմը
Վարակի մուտքի դռները համարվում են վերին շնչական ուղիները, իսկ փոխանցումը կատարվում է օդակաթիլային եղանակով, խոսելիս, փռշտալիս, հազալիս հիվանդության հարուցիչները թքի լորձի հետ միասին անցնում են առողջ մարդկանց վերին շնչական ուղիները։
Վիրուսը առողջներին կարող է փոխանցվել օդափոշային ճանապարհով՝ հիվանդի սպիտակեղենը, անկողնային պարագաները թափ տալիս։ Վիրուսը բավականին կայուն է արտաքին միջավայրում, ուստի փոխանցումը առողջներին կարող է տեղի ունենալ նաև հիվանդի իրերի հետ շփվելիս։ Հիվանդության հարուցիչները բավականին երկար ժամանակ (1-2 ամիս) իրենց կենսունակությունը պահպանում են հիվանդից թափված կեղևի մեջ։
Բնական ծաղկի հարուցիչին աղաթթվի 1:1000 -ի նոսրացման լուծույթը ոչնչացնում է միայն 1 ժամից, 1:5000 սուլեմայի լուծույթը 70 րոպեում, սենյակի ջերմաստիճանի պայմաններում դրանց կենսունակությունը պահպանվում է 1-2 օր։
Ընկալունակություն և անընկալունակություն
Հիվանդությունից հետո ձեռք է բերվում անընկալություն, որը պահպանվում է ամբողջ կյանքում։ Չնայած դրան՝ հայտնի են նաև հիվանդության կրկնման դեպքեր։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների նման դեպքերը լինում են 1000 հիվանդացածներից միայն մեկի մոտ։ Կրկնակի հիվանդության դեպքերում բնական ծաղիկը ընթանում է թեթև, հազվադեպ՝ մահվան ելքով։ Այս հիվանդության ժամանակ ընկալությունը ոչ միայն հյուսվածքային բնույթի է, այլև հումորալ։ Վերջինի մասին է խոսում այն հանգամանքը, որ հիվանդի, ինչպես նաև հիվանդությունից առողջացածների արյան մեջ հայտնաբերվում են վիրուսը չեզոքացնող հակամարմիններ։ Վիրուսի բազմացումը մաշկում և լորձաթաղանթներում առաջացնում է ինտերֆերոն, որը և կանգնեցնում է բջջային իմունիտետի զարգացումը։
Բնական ծաղկի նկատմամբ մարդկանց ընկալությունը համընդհանուր է։ Երեխան ծնվելուց 2-3 ամիս հետո արդեն ընկալ է այս հիվանդության նկատմամբ։
Բնական ծաղկի ժամանակ, երբ գրեթե բացակայում են արդյունավետ պայքարի և կանխարգելման միջոցառումները, հիվանդության համաճարակները յուրաքանչյուր 5-6 տարին մեկ կրկնվում են։ Սրա պատճառն այն է, որ տվյալ բնակավայրում այդ տարիներինլինում են նոր ծնունդներ, իսկ Օորածինները քանի որ ընկալ են, զանգվածաբար վարակվում են։ Այլ կերպ ասած՝ այս հիվանդությունն ունի նաև պարբերական բնույթ։
Այս հիվանդության ժամանակ օդակաթիլային հիվանդություններին բնորոշ սեզոնայնությունը միշտ չէ, որ պահպանվում է։ Ավելի հաճախ հիվանդությունը լինում է տարվա առաջին կիսամյակին։ Սակայն քիչ չեն դեպքերը, երբ այն լինում է նաև հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում, անգամ ամռանը։
Պայքարը և կանխարգելումը
Չնայած աշխարհի մասշտաբով բնական ծաղիկը վերացել է, անուամենայնիվ անհրաժեշտ է համաճարակային հսկողություն և տարածքի սանիտարական պահպանմանն ուղղված հակահամաճարա-կային այն բոլոր միջոցառումների անցկացում, որոնք նախատեսված են կարանտինային կամ հատուկ վտանգավոր ինֆեկցիաների համար։
Բնական ծաղկով հիվանդին և կասկածի տեղիք տվողին անհրաժեշտ է անհապաղ մեկուսացնել մոբիլիզացիոն պլանով նախատեսված ստացիոնարում։ Հիվանդանոց բերող փոխադրամիջոցը, ինչպես նաև հիվանդի բնակարանը ենթարկվում են եզրափակիչ ախտահանման։ Եթե հիվանդին մեկուսացրել են ընդհանուր ստացիոնարի բաժանմունքներից մեկում, ապա անհրաժեշտ է, բացի մյուս հակահամաճարակային միջոցառումներից, ողջ անձնակազմին ենթարկել կանխազգուշական պատվաստումների անկախ նրանց պատվաստումների և կրկնապատվաստումների ժամկետներից։ Հիվանդանոցում սահմանվում է հատուկ հակահամաճարակային ռեժիմ։ Կասկածի տեղիք տվողներին անհապաղ մեկուսացվում են հիվանդներից (օբսերվացիա կամ անհատական մեկուսացում)։
Այս հիվանդությունից մահացածների դիակները ենթարկվում են հերձման և վիրուսոլոգիական քննության՝ պատանատոմի և կարանտինային հիվանդությունների մասնագետների մասնակցությամբ։ Հիվանդի կամ նրա հագուստների, իրերի, անկողնային պարագաների հետ անմիջական շփում ունեցածները 14 օրով մեկուսացվում են և անհապաղ ենթարկվում պատվաստումների՝ անկախ նրանից, թե նրանք ենթարկվել են պատվաստման կամ կրկնապատվաստման և ինչպիսի հակացուցումներ ունեն։
Հիվանդների հետ շփման մեջ եղած անձանց անհատապես մեկուսացնում են (օբսերվացիա)։ Նպատակահարմար է հիվանդի հետ շփման մեջ եղած անձանց մեկուսացնել ըստ շփման ժամկետների։ Իսկ հիվանդի հետ սերտ շփման մեջ եղած անձինք, բացի կանխազգուշական պատվաստումներից, պետք է նաև շտապ պրոֆիլակտիկայի ենթարկվեն գամագլոբուլինով, ինչպես նաև հակավիրուսային մետիսազոնպատրաստուկով (0,6 գր՝ 2 անգամ օրը, 4-6 օր անընդմեջ)։
Եթե բնակավայրում հայտնաբերվել է հիվանդության դեպք, ողջ բնակչությունը ենթարկվում է կանխազգուշական պատվաստումների՝ անկախ նրանց ստացած վերջին պատվաստման և կրկնապատվաստման ժամկետներից։
Կատարում են ամենօրյա բակային համայցեր՝ չպատվաստվածներին, ինչպես նաև կասկածի տեղիք տվող դեպքերն հայտնաբերելու նպատակով։
Հակահամաճարակային միջոցառումների ընդհանուր ղեկավարությունը իրագործվում է արտակարգ հանձնաժողովի կողմից, որը կազմավորվում է կառավարության հրամանով։ Հիվանդության դեպքերի վերաբերյալ տվյալները շտապ կարգով պետք է հայտնել ԱՀԿ։
Վերջին տարիներին հաճախացել են կապիկի ծաղիկով հիվանդացության դեպքերը։ Անգամ կարծիք գոյություն ունի այդ հիվանդությունների նույնականության մասին։ Ուստի, անհրաժեշտ է հակահամաճարակային միջոցառումները կիրառել նաև այս ուղղությամբ։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին