Բնական ծաղիկՆկարագրություն
Բնական ծաղիկը հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ծանր ընթացքով, տենդով, մաշկի և լորձաթաղանթների ցանով, որը լավանալուց հետո հաճախ սպիներ է թողնում:

Բնական ծաղիկը մարդկությանը հայտնի է շատ վաղուց (Եգիպտոսում` մ. թ. ա. 3-րդ դարից): Հարյուրամյակների ընթացքում աշխարհում բռնկվել են խոշոր համաճարակներ, որոնց զոհ են գնացել միլիոնավոր մարդիկ, և միայն պատվաստումների շնորհիվ հնարավոր դարձավ նվազեցնել (20-րդ դարի 2-րդ կեսից) հիվանդությունը:

Պատճառներ
Հարուցիչը վիրուսն է, որը կայուն է ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցության հանդեպ, երկարատև պահպանվում է ցածր ջերմաստիճանի և չորացման պայմաններում, մաշկից պոկված սպիների կեղևիկներում, կենցաղային առարկաների վրա: Սենյակային ջերմաստիճանում կենսունակությունը պահպանում է մինչև 17 ամիս: Վիրուսը կորցնում է ախտածին հատկությունը 100˚C-ում` 10 ր և 60 C-ում 1 ժ հետո: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է (գաղտնի շրջանի սկզբից մինչև առողջանալը): Վարակվում են օդակաթիլային ճանապարհով կամ տարբեր առարկաների (սպիտակեղեն, հագուստ, տնային գործածության իրեր) միջոցով: Վիրուսը տարածվում է թքի և լորձի կաթիլների (խոսելիս, հազալիս, փռշտալիս), ինչպես նաև մեզի, խորխի, մաշկից պոկված կեղևիկների միջոցով:

Պաթոգենեզ
2 շաբաթ տևող գաղտնի շրջանից հետո հիվանդությունն սկսվում է հանկարծակի առաջացող դողով, ջերմաստիճանի բարձրացմամբ (39-40 C): Նկատվում են գլխացավ, ցավեր գոտկատեղում, վերջույթներում, հնարավոր են սրտխառնոց, փսխում, գիտակցության կորուստ, զառանցանք: 4-րդ օրը մաշկի և լորձաթաղանթների վրա առաջանում է ցան, մարմնի ջերմաստիճանը նվազում է , ընդհանուր վիճակը ժամանակավորապես լավանում է: Ցանն սկզբում լինում է դեմքի, պարանոցի, ձեռքերի, ապա մարմնի ու ոտքերի վրա. դրանք բաց վարդագույն մանր բծեր են, որոնք մի քանի ժամ անց մգանում են, մեծանում, դառնում ոլոռի մեծության, պնդանում և վերափոխվում կարծր հանգույցների, իսկ 2-3 օր հետո` բշտիկների (գորշ պղտորավուն պարունակությամբ), որոնք թարախակալում են` առաջացնելով թարախաբշտիկներ:

Բերանի, քթըմպանի, բրոնխների լորձաթաղանթների վրա գոյացած բշտիկները վերափոխվում են ցավոտ, մանր խոցերի: Հիվանդության 7-րդ օրը հիվանդի վիճակը կտրուկ վատանում է, ջերմաստիճանը բարձրանում (39-40 C), նկատվում է գիտակցության շփոթ: Ծամելը, կուլ տալը, հազը, միզարձակումը դառնում են ցավոտ, շնչառությունը դժվարացած է: Թարախաբշտիկներն աստիճանաբար պատռվում են, չորանում` առաջացնելով գորշ դեղնավուն կեղևիկներ, որոնք 18-րդ օրից սկսած ընկնում են` մաշկի վրա թողնելով սպիներ: Դա շարունակվում է 30-40 և ավելի օրեր: Հիվանդությունից հետո առաջանում է կայուն իմունիտետ: Բուժում

Բուժումն իրականացվում է հիվանդանոցում, հիվանդները մեկուսացվում են:

Կանխարգելում.
Կանխարգելման նպատակով կատարվում է ծաղկապատվաստում` ակտիվ իմունացում (ծաղկի վակցինայի օգտագործմամբ): Դեռևս 16-17-րդ դարերում նկատել էին, որ երբ մարդիկհիվանդանում են կովի ծաղիկով, ապա բնական ծաղիկով այլևս չեն վարակվում: Անգլիացի բժիշկ Է. Ջենները1796-ին երեխային պատվաստել է կովի ծաղիկով հիվանդ կնոջ ձեռքի բշտիկների պարունակությունը, իսկ 1,5 ամիս անց` բնական ծաղիկով հիվանդինը, և այդ երեխան այլևս ծաղիկով չի հիվանդացել: Այդպես է Ջենները հայտնաբերել ծաղկի դեմ ժամանակակից վակցինացման եղանակը, ինչը հայտնի է ծաղկապատվաստում անունով:

1919-ից սկսած ծաղկապատվաստման պարտադիր կիրառման շնորհիվ 1937-ին ԽՍՀՄ-ում բնական ծաղիկն իսպառ վերացել է: 1980-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է ծաղկի իսպառ վերացում համաշխարհային մասշտաբով և չեղյալ հայտարարել 1958-ին ընդունած պարտադիր ծաղկապատվաստման դեկրետը:

Հայաստանում բնական ծաղկի անցյալում տարածվածության վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ կան Անանիա Շիրակացու (7-րդ դար), Մխիթար Հերացու (12-րդ դար) աշխատություններում:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին