Բեխտերևի հիվանդությունՈղնաշարի հոդերի քրոնիկական բորբոքային հիվանդություն է՝ հոդերի շարժումների աստիճանաբար զարգացող սահմանափակումների հակումով։

Էթիոլոգիան և պաթոգենեզը։ Դեռևս պարզված չեն։ Մեծ նշանակություն է տրվում ժառանգական պայմանավորվածությանը։ Ենթադրվում է հիվանդության ժառանգումը՝ աուտոսոմ-դոմինանտային տիպով։ Առավելապես ախտահարվում են միջողնային հոդաճառները, ջլերը, հոդասկավառակների ֆիբրոզ հյուսվածքը։ Միջողնային հոդերի հոդապարկի ախտահարումն ավելի թույլ է արտահայտված։ Աճառի ախտահարումը հաճախ զուգակցվում է աճառին հարող վերնոսկրի և ոսկրի բորբոքումների հետ։

Կլինիկան։ Երեխաների մի մասի մոտ հիվանդությունը սկսվում է մինչև սեռական հասունացման ավարտը։ Հատկանշական է հիվանդության ախտանիշների դանդաղ զարգացումը։ Ամենահաճախ հանդիպող ախտանիշը գոտկային շրջանի ցավը և կաշկանդվածության զգացումն է, որոնք եղանակի փոփոխությունների դեպքում դառնում են ավելի արտահայտված, սակայն թուլանում են թեթև ֆիզիկական վարժություններից հետո։ Ողնաշարի ախտահարման նշանները, կրծքավանդակի շնչական շարժումների սահմանափակումները, սեղմելիս ողների ոսկրային ելուստների, կապանների և հարողնային շրջանների ցավերը, որոնք չափահասների մոտ արդեն հայտնաբերվում են հիվանդության վաղ փուլերում, երեխաների մոտ կարող են շատ թե քիչ երկար ժամանակ բացակայել։ Կեցվածքի ամենավաղ խանգարումը՝ «հայցողի դիրքի» տիպով կամ սկավառակաձև մեջքը, երեխաների մոտ նկատվում է հիվանդության սկզբից 3-5 տարի հետո։ Երեխաների մեծ մասի մոտ այն զարգանում է 10 և ավելի տարիներ հետո։ Մանկական տարիքում բնորոշ և համեմատաբար վաղ ախտանիշը կրունկների (գարշապարի) շրջանի ցավերն են։ Երբեմն ախտահարվում են կրծոսկր-կողային հոդավորումները, քունքոսկր-ծնոտային հոդերը (Ա.Ա. Յակովլևա)։

Ջերմությունը սովորաբար լինում է նորմալ։ Սրացումների շրջանում երբեմն կարող է սուբֆեբրիլ ջերմություն լինել։ Մաշկի վրա ալերգիկ ցանավորումներ չեն նկատվում։ Որոշ երեխաների մոտ կարող են զարգանալ աորտայի փականների ախտահարումներ (աորտիտ) և աորտայի փականների անբավարարության ձևով՝ սրտի արատ։

Թոքերի ախտահարում հազվադեպ է հանդիպում։ Երիկամներում հնարավոր է ամիլոիդոզի առաջացում։ Հաճախ կարող են առաջանալ իրիտ և իրիդոցիկլիտ։

Ռենտգենաբանական հետազոտությամբ ողնաշարի հոդերի, ֆիբրոզ օղի և կապանային ապարատի ախտահարման պատկերներ են հայտնաբերվում։ Բեխտերևի հիվանդության համար ամենաբնորոշը երկկողմանի սրբոսկր-զստային հոդաբորբն է (սակրոիլեիտ): Տարբերում են սակրոիլեիտի չորս ռենտգենաբանական շրջան.

   1. I շրջանում լինում է հոդային մակերեսների աղոտություն, թույլ արտահայտվածություն, սրբոսկրի և զստոսկրի ենթաաճառային սկլերոզի նշաններ;
   2. II շրջանում զարգանում է մաշուք (ուզուրացիա), հոդային ճեղքի նեղացում, արտահայտված ենթաաճառային օստեոսկլերոզ։
   3. III շրջանում, բացի վերոհիշյալ փոփոխություններից, հայտնաբերվում է նաև սրբոսկր-զստային հոդերի մասնակի անշարժացում (անկիլոզ):
   4. IV շրջանում նկատվում է լրիվ անշարժացում։

Ծայրամասային հոդերի ախտահարումը, նույնիսկ հիվանդության շատ երկարատև ընթացքի դեպքում, ռենտգենաբանական արտահայտված փոփոխություններով չի ուղեկցվում։

Լաբորատոր ախտորոշում: Լաբորատոր քննությամբ ախտահատուկ փոփոխություններ չեն հայտնաբերվում։ Հիվանդության սուր շրջանում, երբ ախտահարվում են խոշոր հոդերը, արյան մեջ ԷՆԱ-ի բարձրացում է նկատվում, երբեմն՝ լեյկոցիտոզ, չափավոր արտահայտված սակավարյունություն։ Հատկանշական է դիսպրոտեինեմիան (հիպոալբումինեմիա, a2 և y-գլոբուլինների ավելացում), արյան մուկոիդ միացությունների, «C» ռեակտիվ սպիտի, ֆիբրինոգենի պարունակության ավելացում։ Բարձրացած է լինում նաև շիճուկային իմունոգլոբուլինների (G, A, M) մակարդակը։

Բուժումը։ Նշանակվում են ամենազորեղ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ։ Դեղամիջոցների ընդունման ժամկետն անհատական է։

Հիվանդների համար շատ կարևոր է բուժական ֆիզկուլտուրան, որը կանխում է ողնաշարի շարժումների սահմանափակման զարգացումը։ Ֆիզիկական կոմպլեքս վարժությունները, որոնք չպետք է լինեն գերծանրաբեռնված, պետք է կատարվեն օրական մի քանի անգամ և հաջորդեն բավարար հանգստին։ Պետք է խուսափել ողնաշարի գերծանրաբեռնումից (օրինակ՝ հեծանիվ քշելուց): Բավական օգտակար են զբոսանքները և, հատկապես, լողի պարապմունքները։ Արդյունավետ է նաև սանատոր-կուրորտային բուժումը հատկապես այն առողջարաններում, որտեղ ծծմբաջրածնային ջրեր կան։

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին