Զարկերակային ծորանը (նախկինում այն ընդունված էր կոչել Բոտալյան ծորան) անգնահատելի դեր ունի ներարգանդային կյանքում, որի շնորհիվ պտղի աջ փորոքով թոքային զարկերակ մղված արյան 90%-ը շրջանցելով թոքային շրջանառությունը ուղղվում է վայրեջ աորտա։ Ծնվելուց հետո նորմայում թոքերի ընդլայնման և թոքային դիմադրության անկման հետ մեկ տեղ զարկերակային ծորանը փակվում է, և աջ փորոքից մղվող արյունը ուղղվում է միայն թոքային շրջանառություն։ Այն դեպքերում, երբ ծննդից հետո ծորանը բաց է մնում, նրա միջով արյան հակառակ ուղղությամբ հոսք է առաջանում՝ ավելի բարձր ճնշում ունեցող աորտայից դեպի ցածր ճնշում հաստատած թոքային զարկերակ։ Քանի որ ճնշումների այդպիսի փոխհարաբերությունը պահպնվում է ամբողջ սրտային ցիկլի ընթացքում, ապա “ձախից աջ” հոսք է հաստատվում ինչպես սիստոլայում, այնպես էլ դիաստոլայում: Ծավալով գերծանրաբեռնվում են թոքային անոթները, ձախ նախասիրտն ու փորոքը, և աորտան՝ մինչև զարկերակային ծորանի միացման հատվածը:
Իզոլացված ԲԶԾ-ի կլինիկական պատկերը պայմանավորում են երեխայի գեստացիոն և հետծննդյան տարիքները, ծորանի չափերը և արյան մեծ ու փոքր շրջանառության դիմադրությունների միջև հաստատված հարաբերությունը: Դասական ֆիզիկալ նշաններն են. ուժեղացած սրտային հրոցը, արագ պուլսը, երրորդ տոնի առկայությունը և շարունակական “մեքենայական” (սիստոլոդիաստոլիկ) աղմուկը, որի առավելագույն լսման շրջանը կրծոսկրի վերին ձախ եզրն է: Ինչքան ավելի մեծ է շունտը, այնքան ավելի արտահայտիչ են նշանները:
Կրծքի տարիքի երկրորդ կիսամյակից սկսած ԲԶԾ-ը ինքնուրույն փակումը անհավանական է և բարդություններից (ինֆեկցիոն էնդոկարդիտ, կամ ժամանակի հետ՝ թոքային հիպերտենզիայի զարգացում) խուսաբելու նպատակով այն միջամտությամբ վերացնելու կարիք է լինում: Բուժման դասական միջոցը ծորանի վիրահատական կապումն է: Ներկայումս մեծ տարածում է ստացել ԲԶԾ-ի փակումը ներանոթային ինտերվենցիոն միջոցներով: Վերջինս ենթադրում է կաթետերիզացիայի միջոցով հատուկ սարքերի տեղադրում ծորանի առանցքում (օր.՝ Amplatzer Duct Occluder, կամ Embolization Coil):
Մեծ են ԲԶԾ-ով խորը անհաս նորածինների առանձնահատկությունները, երբ արատը սովորականից բազմաթիվ անգամ հաճախ է հանդիպում իսկ կլինիկան ընթանում է չափազանց ծանր՝ ինտենսիվ թերապիայի պայմանում չհսկվող սրտային անբավարարությամբ ու շնչական դիստրեսով, և դեռևս վաղ նեոնատալ շրջանում անհրաժեշտ է լինում արատի շտապ վերացումը: Այդ դեպքերում մինչև վիրահատական միջամտության դիմելը պետք է փորձել փակել ԲԶԾ-ը դեղորայքային միջոցներով: Կիրառվում են ինդոմետացինի կամ իբուպրոֆենի ն/ե ներարկումները, որոնց հայտնի հակապրոստագլանդինային ազդեցությունը նպաստում է ծորանի կրճատմանը ու ֆիզիոլոգիական մեխանիզմով փակվելուն: Կուտակված փաստերը վկայում են, որ դեղորայքային ազդեցությամբ այս արատի վերացման հավանականությունը առավել բարձր է անհասության դեպքում և հնարավոր է միայն կյանքի առաջին օրերին:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան