Բարակ աղիքային դիվերտիկուլյոզը կլինիկական հասկացողություն է, որին բնորոշ է աղու պատի կամ նրա լորձաթաղանթի բազմաթիվ կույր պարկանման արտափքումների առաջացումը աղու պատի թույլ հատվածներով: Բարակ աղիքային դիվերտիկուլները շատ ավելի հազվադեպ են, քան հաստ աղիքային դիվերտիկուլները:
Էպիդեմիոլոգիան - Դուոդենալ դիվերտիկուլները մոտ 5 անգամ ավելի հաճախ են, քան աղիճ աղու և զստաղու դիվերտիկուլները: Իրական հաճախականությունը հայտնի չէ, քանի որ նրանք բոլորն էլ հիմնականում ասիմպտոմատիկ են: Դուոդենալ դիվերտիկուլների հաճախականությունը ըստ հերձման տվյալների կազմում է 6-22%: Աղիճ աղու դիվերտիկուլներ շատ ավելի հազվադեպ են, 0.5%-ից պակաս՝ աղեստամոքսային տրակտի վերին հատվածների ռենտգենաբանական քննությունների տվյալներով և 0.3-1.3%՝ հերձման տվյալներով:
Դուոդենալ դիվերտիկուլներ միևնույն հաճախականությամբ են հանդիպում տղամարդկանց և կանանց մոտ, տղամարդկանց քիչ գերակշռություն կա յեյունո-իլեալ դիվերտիկուլների դեպքում:
Դուոդենալ դիվերտիկուլների մեծ մասը հայտնաբերվում են 50 անց անձանց մոտ, այն դեպքում երբ յեյունո-իլեալ դիվերտիկուլները հիմնականում հայտնաբերվում են 60-70 տարեկանից հետո: Նկարագրված են դեպքեր նաև ավելի երիտասարդ տարիքում:
Էթիոպաթոգենեզը - Հիվանդության պատճառը հայտնի չէ: Կարծիքներ կան, որ հիվանդությունը զարգանում է պերիստալտիկայի խանգարումների, ինտեստինալ դիսկինեզիայի և ներաղիքային ճնշման բարձրացման հետևանքով: Արդյունքում դիվերտիկուլներ են առաջանում աղու միջընդերային եզրի մոտ, որտեղ միջընդերային անոթները մտնում են բարակ աղու պատի մեջ:
Դիվերտիկուլներ ըստ անատոմիական կառուցվածքի դասակարգվում են որպես իսկական և կեղծ: Իսկական դիվերտիկուլները կազմված են աղու պատի բոլոր շերտերից, տեղակայված են աղու հակամիջընդերային եզրին, իսկ կեղծ դիվերտիկուլները իրենցից ներկայացնում են աղու լորձաթաղանթի և ենթալորձային շերտի ճողվածքանման արտափքումներ և աղու պատի բոլոր շերտերը փաստացի չեն պարունակում, տեղակայված են աղու միջընդերային եզրի շրջանում: Մեկելյան դիվերտիկուլն իսկական դիվերտիկուլ է:
Կեղծ ձեռքբերովի դիվերտիկուլների զարգացմանը նպաստում են հետևյալ ռիսկի գործոնները`
• Բջջանյութով աղքատ սնունդ
• Ճարպոտ սնունդ
• Մեծ տարիք
• Համակարգային սկլերոզ
• Վիսցերալ միոպաթիաներ
• Վիսցերալ նեյրոպաթիաներ
Դասակարգումը - Դիվերտիկուլները կարող են դասակարգվել որպես ներլուսանցքային և արտալուսանցքային, բնածին և ձեռքբերովի, եզակի և բազմակի: Ներլուսանցքային դիվերտիկուլները և Մեկելյան դիվերտիկուլը բնածին են: Արտալուսանցքային դիվերտիկուլներ կարող են հայտնաբերվել տարբեր անատոմիական շրջաններում, և ըստ այդմ կոչվում են դուոդենալ, յեյունալ, իլեալ, կամ յեյունո-իլեալ դիվերտիկուլներ:
Կլինիկական պատկերը - Բարակ աղու դիվերտիկուլներով հիվանդների մեծ մասի մոտ հիվանդությունն ասիմպտոմատիկ է: Հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում է միայն բարդությունների զարգացման դեպքում: Ամենաբնորոշ ախտանիշներն են՝ ոչ սպեցիֆիկ էպիգաստրալ ցավը և փքվածության զգացումը: Բարդությունների հաճախականությունը կազմում է 10-12% դուոդենալ դիվերտիկուլյոզի և 46% յեյունալ դիվերտիկուլյոզի դեպքում: Այդ բարդություններն են.
• Դիվերտիկուլյար ցավ – առակ է ցավ որովայնում այլ բարդությունների բացակայության պարագայում (կարող է լինել բարակ աղու դիվերտիկուլյոզի միակ արտահայտությունը)
• Արյունահոսություն - հեմատեշեզիա, մելենա, կամ թաքնված արյունահոսություն, որը բերում է երկաթի դեֆիցիտի
• Դիվերտիկուլիտ - առկա է տենդ և տեղային լարվածություն՝ կապված բորբոքման հետ
• Աղիքային անանցանելիություն (ոլորում, կղանքային քարեր, ինվագինացիա) – առկա են կծկումային ցավեր որովայնում, փորափքանք, գազերի և կղանքի բացակայություն, սրտխառնոց, փսխում:
• Թափածակում և տեղային թարախակույտի ձևավորում - Տենդ, որովայնային ցավ՝ զուգակցված պերիտոնիտի ախտանիշների հետ կամ առանց դրա:
Ախտորոշումը – Ֆիզիկալ քննություն - Ֆիզիկալ քննության տվյալները նույնպես կապված են վերը նշված բարդությունների հետ: Կախված թե ինչպիսի բարդություն է զարգացել, հնարավոր է հայտնաբերել որովայնի փքվածություն, տեղային կամ դիֆուզ մկանային լարվածություն, ռեկտալ արյունահոսություն, մելենա:
Լաբորատոր քննությունները - Լաբորատոր քննությունները բարակ աղու դիվերտիկուլյոզի ախտորոշման գործում ինֆորմատիվ չեն: Լեյկոցիտների քանակի աճ է նկատվում դիվերտիկուլիտի ժամանակ: Հեմոգլոբինի և հեմատոկրիտի ցուցանիշները իջնում են սուր կամ քրոնիկ արյունահոսությունների ժամանակ:
Ճառագայթային ախտորոշումը
• Որովայնի և կրծքավանդակի շրջադիտակային ռենտգեն լուսանցում - հայտնաբերում է թափածակում (ազատ գազ ստոծանու գմբեթի տակ), աղիքային անանցանելիության պատկեր (հեղուկի հորիզոնական մակարդակներ աղիներում), աղիների պնևմատիզացիա:
• Որովայնային ՀՇ կոնտրաստի կիրառմամբ – առավել ինֆորմատիվ է բարդացած դեպքերում: Երբեմն հայտնաբերում է ֆլեգմոնա, հատկապես հետորովայնամզային տարածությունում, որը ստեղծում է կարծիք բարակ աղիքային դիվերտիկուլների հավանական առկայության մասին:
• Բարիումի կախույթով աղիների կրկնակի կոնտրաստավորում – ինֆորմատիվ հետազոտություն է, սակայն հակացուցված է սուր դիվերտիկուլիտի կամ թափածակման դեպքում:
• Վիդեո-կապսուլային էնդոսկոպիա (բացատրությունը տես «Կրոնի հիվանդություն» բաժնում): Մեթոդը հակացուցված է սուր դիվերտիկուլիտի, թափածակման կամ բարակ աղիքային անանցանելիության ժամանակ:
Այլ քննություններ
• Արյունահոսություն սկանավորում: Կիրառվում է արյունահոսության տեղը որոշելու համար հեմոդիանամիկորեն կայուն հիվանդների մոտ, եթե արյունահոսության արագությունը կազմում է 0.5 մլ/րոպե:
• Միջընդերային անգիոգրաֆիա. Այս մեթոդը կիրառվում է առատ արյունահոսության ժամանակ, եթե արյունահոսության արագությունը կազմում է ոչ պակաս քան 1.0 մլ/րոպե: Թույլ է տալիս ոչ միայն հայտնաբերել արյունահոսության տեղը, այլև կատարել միջընդերային խցանող (օկլյուզիոն) թերապիա: Կարելի է նաև թողնել կաթետեր՝ վիրահատության ժամանակ ախտահարված հատվածը ավելի հեշտ գտնելու նպատակով:
• Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա - ինֆորմատիվ է մոտ 9-20% դեպքերում: Սուր դիվերտիկուլիտի ժամանակ էնդոսկոպիան հակացուցված է: Կոլոնոսկոպիան կիրառվում է այլ հիվանդությունները ժխտելու նպատակով: Էնդոսկոպիան բարակ աղիների դիվերտիկուլների ժամանակ ունի սահմանափակ հնարավորություններ, քանզի յեյունալ և իլեալ դիվերտիկուլները հասանելի չեն կոլոնոսկոպի և գաստրոդուոդենոսկոպի համար:
Բուժումը
Դեղորայքային բուժումը
- Ասիմպտոմատիկ դեպքերը բուժման կարիք չունեն:
- Դիվերտիկուլիտի դեպքում հիվանդները պետք է հոսպիտալիզացվեն, քանզի ախտորոշել «բարակ աղու դիվերտիկուլիտ» մինչ վիրահատությունը բավական դժվար է:
Դիվերտիկուլիտի պահպանողական բուժումն ընդգրկում է.
• Անկողնային ռեժիմ
• Պերօռալ սնուցման բացառում, մշտական նազոգաստրալ ասպիրացիա
• Ներերակային ինֆուզիոն թերապիա
• Լայն սպեկտրի հակաբիոտիկների կիրառում
• Վիրաբույժի կոնսուլտացիա: Շտապ վիրահատական բուժման կարիք հազվադեպ է լինում, ցուցումներն են թափածակումը, թարախակույտը, կամ երբ կասկածվում է ուռուցքային կազմափոխություն:
• Աղեստամոքսային տրակտի արյունահոսություն - Արյան շրջագայող ծավալի վերականգնում, արյան կոմպոնենտների փոխներարկում, հեմոստատիկներ, անկողնային ռեժիմ: Հիվանդների մեծ մասի մոտ արյունահոսությունը հնարավոր է լինում դադարեցնել, ինչը ստեղծում է հնարավորություն վիրահատելու այս հիվանդներին պլանային կարգով: Շտապ վիրահատությունը ցուցված է շարունակվող արյունահոսության դեպքում:
Վիրահատական բուժումը
• Բարակ աղիների դիվերտիկուլների բարդությունները պահանջում են վիրահատական բուժում:
• Շտապ վիրահատությունը ցուցված է դիվերտիկուլիտի դեստրուկտիվ ձևերի դեպքում, աղու թափածակման, աղիքային անանցանելիության, առատ արյունահոսության կամ պահպանողական բուժումից հետո կրկնվող արյունահոսության դեպքում:
Վիրահատությունների տեսակները.
Կախված դիվերտիկուլի տեսակից, տեղակայումից, բնույթից և բարդությունների առկայությունից, հնարավոր է իրականացնել տարբեր տեսակի միջամտություններ:
• Սովորական դիվերտիկուլէկտոմիա
. Հիմնականում կիրառվում է 12 մատյա աղու սիմպտոմատիկ դիվերտիկուլների կամ արյունահոսող դիվերտիկուլների դեպքում: Դիվերտիկուլը պարզապես հեռացվում է, աղու պատը կարվում է միջաձիգ կամ երկայնական ուղղությամբ, աշխատելով հնարավորին չափով չնեղացնել աղու լուսանցքը: Այս եղանակով կարելի է հեռացնել նաև Մեկելյան դիվերտիկուլը.
• Աղու սեպաձև մասնահատում դիվերտիկուլի հետ միասին, օգտագործելով գծային ստեպլերներ: Դիվերտիկուլի անմիջական հարևանությամբ գտնվող աղեգալարի պատի մի մասը նույնպես մասնահատվում է, քանի որ այն հաճախ պարունակում է զանազան խոցոտումներ: Մեկելյան դիվերտիկուլը հաջողությամբ կարելի է հեռացնել նաև լապարոսկոպիկ եղանակով (նույնիսկ երեխաների մոտ), կիրառելով էնդոսկոպիկ ինքնակարող գործիքներ:
• Աղու մասնահատում և ծայրը-ծայրին կամ կողքը-կողքին անաստամոզի ձևավորում: Այս միջամտությանը նախապատվություն է տրվում յեյունո-իլեալ դիվերտիկուլների ժամանակ (անկախ բարդությունների առկայությունից), երբ նրանք լինում են բազմաթիվ:
• Էնտերոտոմիա է կատարվում կղանքային քարերը հեռացնելու նպատակով, երբ առաջացել է աղիքային անանցանելիություն:
• Դուոդենալ փոքր դիվերտիկուլի ժամանակ երբեմն հնարավոր է լինում ներուղղել դիվերտիկուլը 12-մատյա աղու լուսանցք (ինվագինացիա):
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին