ԲալանիտԲալանիտը՝ (balanitis) առնանդամի գլխիկի բորբոքումը և բալանոպոստիտը՝ (balanopostitis) առնանդամի գլխիկի և ծայրային թլիփի ներսային թերթիկի բորբոքումը, դիտվում են հետևյալ կլինիկական ձևերով։

Balanitis Simplex-ը ամենից հաճախ առաջանում է անմաքրասեր մարդկանց մոտ՝ առատորեն գոյացող ու քայքայման ենթարկվող սերմնահեղուկի գրգռումներից, ինչպես նաև այն հիվանդների մոտ, որոնք տառապում են գոնորեայով, փափուկ շանկրով, առաջնային սիֆիլոմայով, թաց հանգույցիկներով, թարախային արտադրությունից մաշկի մշտական գրգռումից ու բանալ ինֆեկցիայի միանալուց: Արտահայտվում է առնանդամի գլխիկի ու թլիփի ներսային թերթիկի մաշկի կարմրությամբ, որի ֆոնի վրա էպիթելի թրմման հետևանքով աստիճանաբար գոյանում են տարբեր մեծության ու ձևի քերծվածքներ։ Քերծվածքների մակերեսից արտադրվում է թարախ։ Սուբյեկտիվորեն՝ քորի, այրուցքի, թեթև ցավոտության զգացում։ Թլիփի սուր արտահայտված այտուցի դեպքում կարող է գոյանալ ֆիմոզ։

Balanopostitis erozivacircinata: Առնանդամի գլխիկի ու թլիփի ներսային թերթիկի մաշկի վրա առաջ են գալիս կետավոր, ծայրամասային աճի միջոցով աստիճանաբար մեծացող գորշասպիտակ բծեր, որոնք առաջանում են էպիթելի մեռուկացման և ուռչելու հետևանքով։ Հետագայում թրմած էպիթելը պոկվում է, և գոյանում են վառ կարմիր, խիստ սահմանագծված էրոզիաներ, երիզված ուռած էպիթելի նեղ սպիտակ օղակով։ Աճելով ծայրամասորեն ու միաձուլվելով, նրանք կարող են գոյացնել ընդարձակ, խիստ սահմանագծված էրոզային մակերես։ Սուբյեկտիվորեն նշվում է քոր, այրուցք և ցավոտություն։ Հնարավոր է բարդացում ֆիմոզով։ Երբեմն էրոզիաների ֆոնի վրա, հյուսվածքների ավելի խոր մեռուկացման հետևանքով, զարգանում են խոցեր։ Էրոզային բալանոպոստիտը ոչ հազվադեպ բարդանում է լիմֆադենիտով, աճուկային ավշային հանգույցների մեծացումով ու ցավոտությամբ։

էրոզային բալանոպոստիտը ինֆեկցիոն, հպավարակիչ հիվանդություն է, որի հարուցիչն ամենից հաճախ, ըստ երևույթին, հանդիսանում է Վենսանի սիմբիոզը, բայց, հնարավոր է, և այլ միկրոօրգանիզմներ (անաերոբներ, սպիրոխետներ)։ Առաջանում է կամ ինքնուրույն, կամ սեռական հարաբերությունների ժամանակ վարակվելու հետևանքով։

Balanopostitis gangrenosa-ն կարող է զարգանալ կամ առաջնայնորեն, կամ որպես էրոզային բալանոպոստիտի ավելի ծանր արտահայտություն։ Բնորոշվում է սուր բորբոքային ֆիմոզի արագ զարգացումով՝ ծայրային թլիփի սուր այտուցով, կարմրությունով և թլիփային պարկից առատ, հեղուկային, նեխաթարախային, ուժեղ հոտ արձակող արտադրությունով։ Հիվանդի ընդհանուր վիճակը խանգարված է. մարմնի ջերմաստիճանը հասնում է 39-40 աստիճան, գլխացավ, թուլություն։ Տեղային փոփոխություններն արագորեն առաջադիմում են։

Ծայրային թլիփի մաշկը ձեռք է բերում կապտակարմիր երանգ, որի ֆոնի վրա սահմանագծվում է ավելի կամ պակաս մեծության մեռուկացած տեղամաս։ 2-3 օր անց մեռուկացած տեղամասն անջատվում է, մերկացնելով առնանդամի գլխիկը, որի մակերեսի վրա երևում են գանգրենոզ խոցեր, ծածկված կեղտագույն մոխրասպիտակ կամ սև կեղևով։ Առանձին դեպքերում գանգրենոզ պրոցեսր կարող է պայմանավորել փապարային մարմինների ախտահարումը և ավարտվել ծանր արյունահոսությամբ։ Նպաստավոր ընթացքի դեպքում ախտահարված տեղամասերը մաքրվում են կեղից, լցվում են գրանուլացիայով ու սպիանում:

Բուժումը։ Հասարակ և էրոզային բալանոպոստիտների ժամանակ հանձնարարվում են լվացումներ, օրը մի քանի անգամ, կամ կալիումի պերմանգանատի լուծույթով տաք լոգանքներ, որից հետո բամբակի բարակ շերտը թրջել արծաթի նիտրատի 0,25%-անոց լուծույթով և դնել ախտահարված տեղամասի վրա կամ ցանել չորացնող ու ախտահանող որևէ փոշի (դերմատոլ, քսերոֆորմ)։

Ֆիմոզով բարդանալու դեպքում թլիփային պարկի խոռոչը օրը 2-3 անգամ լվանալ կալիումի պերմանգանատի (1։10 000) կամ արծաթի նիտրատի (1։1000) լուծույթով: Գանգրենոզ բալանոպոստիտի առաջացման կասկածի դեպքում թլիփային պարկը լվանալ նովարսենոլի լուծույթով (0,3 գ 20 մլ ջրում)։ Բալանոպոստիտի գանգրենոզ ձևի ժամանակ ցուցված է պենիցիլինաթերապիա՝ 100 000 ԱՄ 3 ժամը մեկ անգամ մինչև 2 000 000-3 000 000 ԱՄ ընդհանուր դոզայով։ Տեղային՝ առատ լվացում ջրածնի պերօքսիդով։ Առանձին ծանր դեպքերում ցուցված է կատարել կտրվածք։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին