Ծնվելուց հետո թոքերի չուղղված (թերլայնացած), անօդակիր հատվածները կոչվում են առաջնային, բնածին ատելեկտազներ։ Անհրաժեշտ է նշել, որ նորածնի կյանքի առաջին երկու օրերին նկատվող թոքերի թերլայնացումը գնահատվում է որպես սովորական, իսկ 48 ժամ հետո՝ ախտաբանական երևույթ։

Թոքերի ատելեկտազի պատճառներից են.

   1. շնչական կենտրոնի թերզարգացումը և ցածր գրգռելիությունը,
   2. թոքերի ալվեոլների, բրոնխային և անոթային համակարգի կառուցվածքային ու ֆունկցիոնալ թերհասությունը, ինչպես նաև թոքերում առաձգական հյուսվածքի թերզարգացումը,
   3. արտաքին շնչական ապարատի անկատարությունը, կրծքային մկանների ու ոսկրային հենքի թերզարգացումը՝ հատկապես անհաս երեխաների մոտ,
   4. շնչական ուղիների խցանումը (օբտուրացիա) շուրջպտղային ջրերով, արյունով ու լորձով,
   5. մակերեսային ակտիվ նյութի (սուրֆակտանտի) առաջացման խանգարումը կամ պակասը,
   6. շնչահեղձուկը և ծննդաբերական վնասվածքները։

Տարբերակում են նորածինների թոքերի ատելեկտազի երկու հիմնական տեսակ.

1. մանր
2. ցրված
3. հատվածային (սեգմենտային) կամ բազմահատվածային (պոլիսեգմենտային)։

Թոքերի մանր, ցրված ատելեկտազներն առավել հաճախ են հանդիպում։ Հատվածային և բազմահատվածային ատելեկտազները ավելի հասուն նորածինների մոտ են լինում։ Երեխաների ընդհանուր վիճակը ծանր է կամ միջին ծանրության: Նորածինների մոտ նկատվում է մկանային տոնուսի և ռեֆլեքսների չափավոր իջեցում։ Ջերմաստիճանը, որպես կանոն, նորմալ է։ Շատ հազվադեպ լինում են փսխումներ։ Հիվանդության մշտական ախտանիշներն են հևոցը և ցիանոզը։ Մանր ցրված ատելեկտազների դեպքում պերկուսիայի ժամանակ թոքերի առանձին հատվածներում կամ ամբողջ տարածքում հայտնաբերվում է պերկուտոր հնչյունի կարճացում։ Թոքերի հատվածային կամ բազմահատվածային ատելեկտազների դեպքում պերկուտոր հնչյունի կարճացումը հայտնաբերվում է ատելեկտազի տեղակայման հատվածում։ Այստեղ էլ լսվում է ոչ մշտական ճարճատուն կամ եզակի թաց խզզոցներով թուլացած շնչառություն։ Մարմնի սկզբնական զանգվածի կորուստը կազմում է 12-15%:

Ռենտգեննկարահանման ժամանակ ցրված ատելեկտազները դիտարկվում են մանր, անօդակիր հատվածների տեսքով։ Վերջիններս երկու թոքերում հավասարաչափ են բաշխված՝ ստեղծելով միջին շուրջարմատային և ստորմիջադիր հատվածներում խտացող մանր ցանցավորման տպավորություն։ Հիալինային թաղանթներ ունեցող երեխաների թոքերի ռենտգեննկարահանումների ժամանակ մշտապես կարելի է հայտնաբերել թոքերի մանր ցրված ատելեկտազներ։ Բազմահատվածային ատելեկտազներ ունեցող երեխաների մոտ ախտահարված հատվածները ծավալով փոքրացած են, տարածուն-միատարր կամ խայտաբղետ տեսք ունեն՝ հարևան հատվածների փոխարինական (կոմպենսատոր) փքումով։ Մեծ ատելեկտազների դեպքում նկատվում է թոքերի ծավալի արտահայտված փոքրացում, միջկողային տարածությունների փոքրացում, միջնորմի օրգանների տեղաշարժ դեպի ատելեկտազների կողմը։ Չբարդացած ատելեկտազները մեծ մասամբ ուղղվում են 5-7 օրվա ընթացքում։ Մահացու ելքը հաճախ նկատվում է այն դեպքում, երբ ատելեկտազները զուգակցվում են թոքաբորբերով, սրտի բնածին արատներով և այլն։


 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին