Թոքի կամ նրա որևէ հատվածի ախտաբանական վիճակն է, երբ թոքային ալվեոլները օդ չեն պարունակում կամ պարունակում են շատ քիչ քանակությամբ, ենթարկվում են թորշման ու սեղմման։ Տարբերում են.
1. բնածին ատելեկտազներ
2. ձեռքբերովի ատելեկտազներ։

Բնածին են համարվում նորածնի չշնչած թոքերը կամ թոքի աոանձին չշնչած հատվածը, իսկ ձեռքբերովի՝ մինչև այդ շնչած թոքերի ալվեոլների երկրորդային սեղմումը։ Բնածին ատելեկտազը հաճախ հանդիպում է անհաս երեխաների մոտ՝ բրոնխների զարգացման արատների, շուրջպտղային ջրերի ասպիրացիայի դեպքերում (տե՛ս «Պնևմոպաթիաներ»): Ատելեկտազը երեխաների մոտ շատ հաճախ հանդիպում է աջ թոքի ստորին և միջին բլթերում։ Այն կարող է զարգանալ նաև այլ հատվածներում, մասնավորապես երկու թոքերի վերին բլթերում` հատկապես թոքաբորբերի և բրոնխային ասթմայի ժամանակ։ Երեխաների մոտ շնչափող-բրոնխային ծառի լուսանցքի նեղ լինելը և շնչափողի ու բրոնխների լորձաթաղանթների կողմից հիպերերգիկ ռեակցիաների հակումը բարենպաստ պայմաններ են ստեղծում թոքերի ատելեկտազի զարգացման համար։ Այս ախտաբանության առաջացմանը նպաստում են շնչափող-բրոնխային ծառում օտար մարմինների հայտնվելը, սուր թոքաբորբերի տարբեր ձևերը, բրոնխային ասթմայի ժամանակ՝ բրոնխոսպազմը։

Ատելեկտազի կլինիկական ախտանիշները կախված են հիմնական հիվանդությունից և ատելեկտազի տարածման աստիճանից (սեգմենտ, բիլթ, թոքն ամբողջությամբ): Սուր զարգացող տարածուն ատելեկտազը կարոդ է առաջացնել շնչառության խանգարում, հևոց, ցիանոզ։ Թոքի ատելեկտազը երեխաների մոտ կարող է զարգանալ նաև աստիճանաբար։ Ախտահարված թոքի վրա հայտնաբերվում է պերկուտոր հնչյունի կարճացում, շնչառության թուլացում։ Ռենտգենաբանական քննությամբ նկատվում է թոքի փոքրացած սեգմենտի կամ բլթի խիստ սահմանափակ եռանկյուն ստվեր, իսկ շրջակա հյուսվածքում՝ բարձրացած թափանցելիություն։ Ատելեկտազի բուժումը կախված է հիմնական հիվանդությունից։ Երեխաների բուժման տակտիկան պետք է լինի առանձնապես ակտիվ, քանի որ նրանց մոտ, ի տարբերություն չափահասների, թոքերի ատելեկտազի ենթարկված բաժիններում ձևաբանական փոփոխություններն արագ են զարգանում։
 

 


 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին