Կակղենու բորբոքումը առավել հաճախ ատամների ոսկրափուտի բարդություն է: Սովորաբար այն առաջանում է որպես սուր հիվանդություն:

Պատճառներ
Կակղենու բորբոքման պատճառ կարող են դառնալ ատամը սնող անոթների վնասվածքները, ատամի պսակի մի մասի պոկվելը, ատամի կոտրվածքը և այլն:

Պաթոգենեզ
Հիմնական ախտանշանը ցավի նոպաներն են, որոնք սկսվում են հատկապես երեկոյան և գիշերը, ինքնուրույն են, կապված չեն ծամելու, տաք և սառը գրգռիչների հետ: Երբեմն ցավն ունի "կտրատող" բնույթ, տարածվում է դեպի ծոծրակը, ականջը, քունքերը, հարևան ատամները: Ուժեղ, սուր ցավերը պայմանավորված են կակղենու բորբոքմամբ և նրա հյուսվածքների այտուցմամբ, որն առաջանում է ատամի կարծր հյուսվածքներով շրջապատված խոռոչում և կակղենու մեջ գտնվող նյարդերի ճնշմամբ: Որպես կանոն` բորբոքման հետևանքով առաջանում է կակղենու մեռուկացում, ցավերն աստիճանաբար մեղմանում են, բայց չբուժելու դեպքում ժամանակի ընթացքում մանրէները մեռուկացած կակղենուց ատամի խողովակի միջով թափանցում են ատամի արմատը շրջապատող հյուսվածքների մեջ և հանգեցնում հարատամնաբորբի: Երեխաների կաթնատամների և մնայուն ատամների ոսկրափուտն ընթանում է շատ արագ, ուստի կակղենու բորբոքումը սկսվում է անսպասելիորեն և արագ վերածվում թարախայինի: Քանի որ երեխաների ատամների արմատները լինում են կամ թերզարգացած, կամ արդեն ներծծվում են, ուստի բորբոքային գործնթացը շատ արագ տարածվում է շրջապատող հյուսվածքների վրա և կարող է հանգեցնել մնայուն ատամների սաղմերի ոչնչացման:

Բուժում
Բուժում է ատամնաբույժը: Եթե հնարավոր չէ անմիջապես բժշկի դիմել (գիշերը կամ ճանապարհին), ապա հարկավոր է ընդունել ցավամոքիչ դեղանյութ (օրինակ` անալգին): Երբեմն ցավն անցնում է սառը ջրից: Որպես առաջին օգնություն` ուժեղ ցավերի ժամանակ հարկավոր է ամիդոպիրինի 2 %-անոց լուծույթ կաթեցնել ոսկրափուտային խոռոչի մեջ: Դա անվնաս է բերանի լորձաթաղանթի համար, բայց ցավամոքիչ ազդեցությունը խիստ կարճատև է: Ուստի հարկավոր է շտապ դիմել բժշկի:

Կանխարգելում
Անհրաժեշտ է ատամի ոսկրափուտի ժամանակին բուժում: Նպատակահարմար է տարին գոնե 2 անգամ դիմել ատամնաբույժի:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին