Ցանկացած մասնագիտության բժիշկ իր աշխատանքի ընթացքում կարող է բախվել քթային արյունահոսության խնդրի հետ: Սակավ կամ ծավալային արյունահոսությունները կարող են ունենալ տեղային կամ ընդհանուր պատճառներ: Արյունահոսությունները կարող են լինել կրկնվող, ինչը կարող է լինել սպոնտան կամ կախված որևէ օբյեկտիվ պատճառից: Աթերոսկլերոզը, զարկերակային հիպերտենզիան, որոշ ժառանգական կամ ձեռք բերովի համակարգային հիվանդություններ, որոնք կապված են արյան մակարդելիության կամ անոթների պատերի թափանցելիության հետ, հաճախակի բերում են քթային արյունահոսության առաջացման:

Երբեմն քթային արյունահոսություն առաջացնող գործոններն են ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությամբ, որի արդյունքում անոթների լուսանցքը լայնանում է և արյան մակարդելիությունը խանգարվում է: Քթային արյունահոսության պատճառ կարող են լինել նաև ժառանգական հիվանդությունները, օրինակ, Ռենդյու-Օսլեր-Վեբերի հիվանդությունը, որոնց դեպքում առկա են անոթների պատերի ժառանգական վնասում: Այս դեպքերում անոթների պատերը որոշ տեղամասերում կազմված են լինում միայն էնդոթելային շերտից: Մակերեսային մանր անոթների լայնացման հետևանքով առաջանում են տելեանգիոէկտազներ: Քանզի անոթների պատերը այս դեպքում շատ խոցելի են, ապա նույնիսկ ճնշման չնչին բարձրացումը կամ ոչ ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը (գլուխը կախելը կամ գլխի և դեմքի տաքացումը) կարող են հանգեցնել ծավալային և կրկնվող քթային արյունահոսությունների: Որոշ հիվանդություններ, ինչպիսիք են թրոմբոցիտոպենիկ պուրպուրան, հեմոֆիլիան, կարող են բերել հյուծող քթային արյունահոսությունների:

Քթային արյունահոսությունների էթիոլոգիայում կան նաև մի շարք տեղային պատճառներ: Քթային արյունահոսությունների առավել հաճախ հանդիպող պատճառներն են հանդիսանում քթի կամ քթի լորձաթաղանթի վնասվածքները, լորձաթաղանթի ատրոֆիան, քթի խոռոչի և քթըմպանի անոթային նորագոյացությունները: Քթային արյունահոսությունների 80% լինում է Կիսելբախի հյուսակից, որը տեղակայված է քթի միջնապատի առաջային հատվածում: Ծանր քթային արյունահոսությունները դիտվում են քթի խոռոչի հետին և վերին հատվածները սնուցող լայն տրամագծի անոթներից: Արյունահոսությունը կանխելու ճիշտ իրականացվող միջոցառումները հիվանդին զերծ են պահում նշանակալի արյան կորստից, արյունահոսությունը դադարեցնելու նպատակով իրականացվող ցավոտ գործողություններից և պահպանում են առողջությունը:

Կախված արյունահոսող հատվածից, ծանրության աստիճանից, իրականացվում են տարբեր միջամտություններ այն դադարեցնելու և կանխելու համար, որոնք նկարագրված են ստորև.
1.Արյունահոսությունները քթի միջնապատի առաջային հատվածից ուղեկցվում են արյան սակավ կորստով և կարելի է դադարեցնել քթի թևերը 15-20 րոպե միջնապատին ամուր սեղմելով:
2. Արյունահոսությունները Կիսելբախի հյուսակից ուղեկցվում են արյան չափավոր կորստով և այդ արյունահոսությունները կարելի է դադարեցնել ադրենալինի կամ էֆեդրինի լուծույթով ներծծված բամբակյա փոքր տամպոններ տեղադրելով արյունահոսող հատվածում:
3.Եթե առաջային ռինոսկոպիայի ժամանակ արյունահոսող անոթը տեսանելի է, ապա, տեղային անզգայացման տակ, կատարում ենք անոթի այրում էլեկտրոկաուտերի կամ արծաթի նիտրատի 20% լուծույթի օգնությամբ կամ էլ իրականացվում է կրիոկոագուլյացիա:

Առաջային տամպոնադա
Իրականացվում է չդադարող արյունահոսությունների դեպքում: Առաջային տամպոնադան կատարվում է հետևյալ կերպ.
ա. անհրաժեշտ գործիքներն են. քթային հայելի, քթի խոռոչում աշխատելու համար նախատեսված պինցետ, թանզիֆե ժապավենաձև տամպոն` ներծծված վազելինով կամ հակաբիոտիկային քսուկով կամ օդակիր ռեզինե տամպոն, ինչպես նաև` ճակատային լույս;
բ. ցանկալի է հիվանդը լինի նստած դիրքում
գ. պինցետի օգնությամբ բժիշկը բռնում է թանզիֆե տամպոնը` ծայրից 4-5սմ հեռավորության վրա:

Տամպոնադան սկսում են քթի խոռոչի հատակից` իրար կիպ հարող շերտերով: Տամպոնի առաջին և վերջին շերտերը պետք է գտնվեն հիվանդի քթանցքերի շրջանում` տամպոնի քթըմպան կախվելու վտանգից խուսափելու համար: Վերջինիս դեպքում կարող է գրգռել ըմպանի լորձաթաղանթը` առաջացնելով փսխման ռեֆլեքս: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է, մինչև քթի խոռոչ մտցնելը, տամպոնը բռնել ոչ թե ծայրից, այլ տամպոնի առաջային ծայրից 4-5սմ հետ: Պետք է հիշել, որ առաջային տամպոնադան արդյունավետ է միայն այն դեպքերում, երբ տամպոնի շերտերը իրար բավական կիպ են հարում: Քթի խոռոչում չափից ավելի տամպոն տեղադրելու դեպքում, տամպոնի հիդրոսկոպիկ հատկությունը նվազում է և այն արյուն չի կլանում: Տամպոնները անհրաժեշտ է հեռացնել 48 ժամից ոչ ուշ: Քթի խոռոչի լորձաթաղանթը վնասելուց խուսափելու համար նպատակահարմար է տամպոնը պատել վազելինային քսուկով: Ծանր արյունահոսությունների ժամանակ կարող է կատարվել նաև հետին տամպոնադա:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին